«Մեր պետական կառավարման համակարգը գտնվում է դինամիկ զարգացման պրոցեսների նախաշեմին»
Մեր զրուցակիցն է ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը
– Պարոն Նիկոյան, վերջին օրերին շատ է խոսվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին, և որոշ ՀՀԿ-ականներ արդեն նույնիսկ հաստատում են լուրերը: Արդյոք գործող կառավարությանը հատկացված ժամանակահատվածը բավարա՞ր էր բարեփոխումների և արդյունքի հասնելու համար, և արդյո՞ք ներկայիս համակարգի պայմաններում վարչապետի անձի փոփոխությամբ զարգացում կապահովվի:
– Անշուշտ պարկեշտ չէ, որպեսզի ես իրադարձություններից առաջ կամ մամուլում հնչող տեսակետների կապակցությամբ ինչ-որ մտքեր արտահայտեմ, այդ իսկ պատճառով ես որևէ հայտարարություն այդ ուղղությամբ չեմ կարող անել: Վաղը մեզ մոտ գործադիր մարմնի և խորհրդի նիստ է, եթե հանկարծ այդպիսի մոտեցումներ լինեն, դրանից հետո կարող ենք խոսել, բայց հիմա պատշաճ չէ, որ ես խոսեմ հնարավոր պաշտոնանկությունների մասին և շատ կոնկրետ: Դա մամուլի խնդիրն է, իմ խնդիրը չի: Դա` մեկ:
Երկրորդը` անկեղծ ասած, Հայաստանի տնտեսությունն իսկապես օբյեկտիվորեն գտնվում է բավականին բարդ իրավիճակում, այն է` բավականին կախվածություն ունենք ռուսական տնտեսությունից, և հնարավոր այն կոմունիկացիաները, որ կարող էինք մեր տնտեսության ճյուղերը զարգացնել և աշխարհի շատ երկրների հետ կապեր ունենալ, ցավոք, մենք զրկված ենք այդ հնարավորություններից: Ռուսաստանում տնտեսական անկումն ուղիղ արտահայտությունը գտնում է նաև մեզ մոտ: Բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ կառավարությունը ճիգեր գործադրեց և գործադրում է, որպեսզի տնտեսական աճ արձանագրի:
Եվ այն, որ վերջին կիսամյակում դեպի ՌԴ արտահանումը կրկնապատկվել է, ընդհանուր արտահանումը 24% աճ է ունեցել, դա խոսում է այն մասին, որ ամեն դեպքում տնտեսությունը շնչում է, և զարգացման միտումներ կան: Տրանսֆերտները նվազել են, ինչը կտրուկ նվազեցրել է գնողունակությունը, նաև առևտրի ոլորտում ցուցանիշների անկում կա: Անշուշտ, բարդ է այսօր անձնավորված ներկայացնել, թե ինչու ՀՀ տնտեսությունը մեծ աճեր չի գրանցել: Հասարակության մեջ այդ պահանջը կա, հասարակությունը չի ուզում բացատրություններ, հասարակությունն իրական արդյունքներ է ուզում:
Տիգրան Սարգսյանի կառավարությունը համաշխարհային ճգնաժամից հետո 7% աճ արձանագրեց, բայց այլ խնդիրներ կային, և հրաժարական տվեց: Գործող կառավարությունը բավականին օպերատիվ ձևով փորձեց խնդիրներին մոտենալ, և Հովիկ Աբրահամյանը մի միտք արտահայտեց, որ մեր տնտեսությունում սովորական դասական մեթոդներով հնարավոր չէ մեծ արդյունքներ գրանցել և պետք է գտնել շատ ավելի արդյունավետ, ոչ շարքային մեթոդներ` խնդիրները լուծելու համար: Յուրաքանչյուր երկրում կա հասարակական պահանջ, այն, ինչ այսօր բավարարում է իշխանությանը կամ հասարակությանը, պետությանը, վաղը կարող է և չբավարարել: Հանրային պահանջներն օրեցօր ավելանում են: Չէի ասի, որ մենք ռազմաքաղաքական շատ բարվոք իրավիճակում ենք, անկախության 25 տարիների ընթացքում պարբերաբար ունեցել ենք խնդիրներ, բայց մենք կարողացել ենք դրանք լուծել և, հուսով եմ, այսօր էլ կարող ենք: Կա խնդիր, հանրային պահանջ, որը պետք է բավարարենք:
– Թեժ քաղաքական աշուն է կանխատեսվում` ՏԻՄ ընտրություններ, որոնց հետ կապված` արդեն կան տեղեկություններ, որ, ասենք, Սուրիկ Խաչատրյանն ահաբեկում է Գորիսի ավագանու մրցակից թեկնածուներին, ՏԻՄ ընտրություններին հաջորդելու են խորհրդարանական ընտրությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք նախընտրական այս կրքերը:
– Դուք արդեն գնահատական տվեցիք և ուզում եք, որ ես հաստատեմ կամ հերքեմ դա, բայց ես չեմ տիրապետում, թե ինչ իրավիճակ է Գորիսում: Եթե գտնում եք, որ որևէ հարցում կա իրավախախտում, դիմեք համապատասխան իրավապահ մարմիններին: Ընդհանուր առմամբ, կարծես, շատ քաղաքական ուժեր գիտակցում են ՏԻՄ ընտրությունների կարևորությունը: Մինչև հիմա բոլորը գտնում էին, որ համապետական ընտրություններում հաղթելու կամ, ամեն դեպքում, լավագույն ձևով ներկայանալու և հաղթելու համար անհրաժեշտ է Երևանի հրապարակներում մեծ ցույցեր կազմակերպել, մարզերից համախոհներ հրավիրել, ճնշել իշխանություններին և հանրության մոտ ստեղծել տեսակետներ, որ կարող է ընտրական պրոցեսում իրենց օգուտներ բերի: Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ, ամեն ինչ պետք է սկսել հիմքից, իսկ հիմքը ՏԻՄ ընտրություններն են, որոնց մենք մոտենում ենք ամենայն պատախանատվությամբ, լրջությամբ քննարկվում են բոլոր խնդիրները` ում առաջադրել, ինչքան է նրա հաղթելու հնարավորությունը, ինչ հեղինակություն ու անցյալ ունի, և այլն:
– Կարծում եք` Հայաստանում հնարավո՞ր է ազգային համաձայնության կառավարություն, ինչի մասին այդքան խոսվում է։ Չէ՞ որ Հանրապետականն այնքան ամուր հիմքեր է գցել:
– Այո, իհարկե: Բայց եթե կարողանում է հանրությանը համոզել, և հանրությունը ձայն է տալիս ՀՀԿ-ին, դա նորմալ է, և այդպես էլ պետք է լինի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ձգտի դրան: Իսկ ի՞նչ եք կարծում` անկազմակերպ, արմատներ չգցած, ՏԻՄ-երում հենարան չունեցող, կադրային պոտենցիալ չունեցող, 1-2 գեղեցիկ խոսքեր, ելույթներ ասող անհատներով հնարավո՞ր է իշխանություն իրականացնել, այն էլ` այս ժամանակահատվածում:
– Փաստորեն, այսօր բավականին որոշիչ օր է լինելու:
– Ես կարծում եմ, որ մեր պետական կառավարման համակարգը գտնվում է դինամիկ զարգացման պրոցեսների նախաշեմին:
«168 Ժամ» թերթ