Հատուկ նշանակության պայուսակներ՝ Ջերմուկի, Կեչուտի և Գնդեվազի դպրոցականներին
«Լիդիան Արմենիա» ընկերության համար առողջության և անվտանգության խնդիրներն առաջնային են։ Ամուլսարի հարակից համայնքներում ճանապարհային անվտանգությանն ուղղված՝ «Լիդիան Արմենիայի» և Լիտվայի Հանրապետության դեսպանության համատեղ ծրագրի ներկայացման ժամանակ այսպես բնութագրեց իրենց աշխատանքը «Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը։
Հաշվի առնելով Հայաստանում անվտանգ երթևեկության հետ կապված խնդիրները՝ ճանապարհային նշանների պակասը, անսարք լուսացույցները, «Լիդիան Արմենիան» իրականացնում է երթևեկության անվտանգությանն ուղղված միջոցառումներ Ամուլսարի հարակից շրջաններում։
Ջերմուկի կրթահամալիրում կազմակերպված միջոցառման ժամանակ Հայկ Ալոյանն ասաց, որ Ամուլսարի ծրագրի բոլոր աշխատակիցները գիտեն՝ ինչ խիստ են ընկերության անվտանգության պահանջները, և որքան կարևոր է «Լիդիան Արմենիայի» համար յուրաքանչյուր աշխատակցի առողջությունն ու անվտանգությունը. «Այսօր մենք փորձում ենք ներդնել անվտանգության չափանիշները նաև մեր առօրյա կյանքում, նոր մշակույթ ներդնել մեր համայնքներում։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը լիտվական ընկերություններից ձեռք է բերել դպրոցական պայուսակներ, որոնք հագեցած են անդրադարձիչներով, ինչը երեկոյան ժամերին թույլ կտա երեխաներին՝ ավելի տեսանելի լինել»։
Խոսքը «Լիդիան Արմենիայի» կողմից լիտվական UAB Safe Reflectors ընկերությունից ձեռք բերած անվտանգության անդրադարձիչներով կահավորված դպրոցական պայուսակների մասին է։ Եվրոպական երկրների մեծ մասում, որպես պարտադիր պահանջ, վաղուց կիրառվում են անդրադարձիչները դպրոցական պայուսակների կամ հագուստի վրա։
Սեպտեմբերի 1-2-ը «Լիդիան Արմենիայի» և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության համատեղ միջոցառման ընթացքում նման պայուսակներ տրամադրվեցին նաև Ջերմուկի, Կեչուտի և Գնդեվազի դպրոցականներին (թվով շուրջ 600)։
Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է Երևանում՝ Գուրգեն Մահարու անվան դպրոցում. «Շատերը հարցնում էին՝ ինչո՞ւ հենց այդ դպրոցից սկսեցիք։ Պատասխանը պարզ է՝ հայտնի գրող Գուրգեն Մահարու այրին ազգությամբ լիտվացի է, 93 տարեկան, դեռևս կենդանի է ու ապրում է Երևանում՝ Կասյան փողոցում։ Նմանատիպ երկրորդ ծրագիրն իրականացրինք Արթիկի 8-րդ դպրոցում, որովհետև 1988թ. երկրաշարժից հետո այդ դպրոցը վերականգնվել էր Լիտվայի կառավարության աջակցության շնորհիվ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները նկատեցին մեր ծրագիրն ու առաջարկեցին այն իրականացնել նաև Ամուլսարի շրջակա համայնքներում»։
Լիտվայի դեսպանությունը հրավիրել էր Լիտվայի ճանապարհային վարչության փորձագետներ Էգլե Նեմանայտեին և Զիլվիլե Յանկաուսկայտեին, որոնք Ջերմուկի, Կեչուտի և Գնդեվազի դպրոցներում անցկացրին ճանապարհային անվտանգությանը նվիրված դասընթաց։
Ընդհանուր առմամաբ, ճանապարհային անվտանգությանն ուղղված ծրագրերի այս փուլում Լիդիան Արմենիան ներդրել է 7 միլիոն դրամ, իսկ առաջիկայում ծրագիրն ընդլայնվելու է նաև Ամուլսարի հարակից այլ համայնքներ։
Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գերասիմ Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2015-16 ուստարում դպրոց են ընդունել 4 աշակերտի, իսկ այս տարի՝ 13, ինչն ըստ նրա՝ հուշում է գյուղում արտագաղթի կասեցման մասին. «Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված՝ բացվում են աշխատատեղեր, մարդիկ գերադասում են մնալ հայրենիքում, քան արտագաղթել։ Գնդեվազի բոլոր փողոցները, նրբանցքներն ասֆալտապատ են, մարդիկ ունեն աշխատանք»։
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրում նոր է մեկնարկել շինարարությունը։ Այն այս պահին Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագիրն է՝ շուրջ 370 մլն դոլար։ Ոսկու արդյունահանումը կսկսվի 2 տարուց։
«Լիդիան Արմենիան» «Լիդիան Ինթերնեյշնլի» դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են խոշոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրողներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, եվրոպական մի շարք երկրներից, այդ թվում՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում