«Աստղիկ» ԲԿ-ն նվազեցրել է սրտի ստենտավորման համար պահանջվող գումարի չափը
«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հետևելով «Գյումրի» բժշկական կենտրոնին, նվազեցրել է սրտի ստենտավորման համար պահանջվող գումարի չափը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Երկրի առողջապահական համակարգի համար ոչ ինֆեկցիոն, մասնավորապես սիրտ-անոթային հիվանդությունները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում` հաշվի առնելով այն, որ երկրում ամեն երկրորդ մահը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդացություններով: Այս առումով սրտային վիրաբուժությունը, որը վերջին 20 տարիների ընթացքում զարգացում է ապրել, զբաղեցնում է իր ուրույն տեղը տարածաշրջանում եւ մեր ամենահզոր գործիքն է այդ հիվանդացության դեմ պայքարում»,- նշեց Ա. Մուրադյանը:
Նրա խոսքով` դեռևս 2015 հունվարին մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում մինչ այսօր հաջողվել է փրկել 2500 մարդու կյանք:
Դեռեւս հուլիսին «Գյումրի» բժշկական կենտրոնը հայտարարել էր, որ մտադիր է նվազեցնել սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը: Արդեն օգոստոսին մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը նվազեց 300 հազար դրամի չափով` 1 մլն 500 հազար դրամից դառնալով 1 մլն 200 հազար դրամ:
«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի խոսքով` օգոստոսին գների նվազեցումից հետո բժշկական կենտրոն դիմողների թիվը աճել է գրեթե 80 տոկոսով:
«Եթե ստենտավորման պետական ծրագիրը մենք սկսել էինք լավագույն ամերիկյան, եվրոպական ստենտներով, իսկ վճարովի ստենտները` ավելի թանկ, ապա վստահեցնում եմ, որ այժմ գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության կամ աշխատավարձերի անկմամբ: Պարզապես հստակ աշխատանք է տարվել մատակարարների հետ, ինչպես նաեւ աշխատանքների ճիշտ կազմակերպում»,- ասաց Արմեն Իսահակյանը:
«Աստղիկ» ԲԿ գլխավոր տնօրեն` Ասատուր Ասատրյանը տեղեկացրեց, որ նախկին մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար ապահանջվող 1մլն 800 հազար դրամը հետազոտության 220 հազար դրամի հետ միասին դարձել է ընդամենը 1մլն 100 հազար դրամ` ներառյալ հետազոտությունը, իսկ երկու ստենտը` 2 մլն 800 հազար դրամի փոխարեն 1մլն 550 հազար դրամ է` կրկին ներառյալ հետազոտությունը:
Արմեն Մուրադյանը նշեց, որ գնային նվացեման միտում նկատվում է ամբողջ աշխարհում:
«Սա առնչվում է նաեւ դեղորայքին: Վերջին մեկ ամսում Հայաստանում նույնպես դեղորայքի գների 3 տոկոսով նվազեցում է եղել, միայն երկու դեղի գին է բարձրացել 2.9 տոկոսով: Ստենտի գները բավականին մրցունակ են տարածաշրջանում: Կարծում եմ` գների նվազեցման նախաձեռնությունը կստանա ավելի լայն տարածում»,- ասաց Արմեն Մուրադյանը: