«Սա շատ ավելի լուրջ ներդրում կլինի Արցախի հարցում, քան աշխարհի ամենահզոր զենքերի տրամադրումը». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս,օր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ առաջիկայում մեկնելու է Արցախ՝ այնտեղ նախատեսված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԻՄ-ի դիրքորոշումը հայտնելու նպատակով. «Ես խոսել եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, մենք իրար հետ վաղուց ենք քննարկել Արցախն աշխարհի ամենաժողովրդավարական պետությունը դարձնելու հարցը, երբ բացարձակ ժողովրդավարության բանաձևը շրջանառության մեջ էր մտնում, ու դրա հիման վրա կարելի էր հաշվարկել, թե պետական որ համակարգն է առավել ժողովրդավարական: Արցախում պետականորեն պետք է նշվի Անկախության 25-ամյակը, և քանի որ միաժամանակ սկսված է սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ ի զարմանս ինձ, Արցախը Հայաստանից տարբեր համակարգի ուղղությամբ է ընթանում: Դա այն համակարգն է, որը մոտ է բացարձակ ժողովրդավարությանը: Դա նախագահական համակարգն է, երբ կա ժողովրդի կողմից ընտրված ուժեղ նախագահ, վարչապետ և ոչ պակաս ուժեղ խորհրդարան»:

Նա նշեց, որ Արցախի պաշտոնյաներին ասել է՝ սա շատ ավելի լուրջ ներդրում կլինի Արցախի հարցում, քան աշխարհի ամենահզոր զենքերի տրամադրումը. «Եթե նույնիսկ Արցախն ատոմային զենք ստանա, այնքան մեծ չի լինի դրա նշանակությունը, որքան ժողովրդավարությունը բացարձակ արժեք ընդունող աշխարհի համար Արցախի՝ ամենաժողովրդավարական երկիր դառնալը»:

ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի անդամները ներկայացրին նաև իրենց առաջարկները՝ Անկախության հանրաքվեի 25-ամյակի կապակցությամբ քաղբանտարկյալներին համաներում շնորհելու մասով, և Ուկրաինայի հերոս Վասիլ Ստուսին Հայաստանի ազգային հերոսի կոչում տալու անհրաժեշտության վերաբերյալ։

Հարցին՝ ո՞ւմ պետք է շնորհվի համաներում, ովքե՞ր են քաղբանտարկյալները, Հայրիկյանը պատասխանեց. «Քաղաքական պատճառներով ազատազրկվածներն ակնհայտ քաղաքական կալանավորներ են: Առաջարկում ենք ազատ արձակել բոլոր նրանց, ում նկատմամբ կա քաղաքական հետապնդման կասկածի տարր: «Սասնա ծռեր», Վոլոդյա Ավետիսյան, Շանթ Հարությունյան, Կարո Եղնուկյան և այլք, պետք է ազատ արձակվեն:

Կարդացեք նաև

Շատ կուզեինք, որ Անկախության հանրաքվեի 25-ամյակի կապակցությամբ Հայաստանում քաղբանտարկյալ հասկացությունն արմատապես վերացվեր: Դա շատ շահեկան կլինի նաև իշխանությունների համար: Բայց մինչև այսօր ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն արել, որ մեզ ենթադրել տա, որ իրենք պատրաստ են վեհ դրսևորումների: Մի բան էլ հասկանանք՝ Ռուսաստանն իր՝ «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությունը չի գալու այստեղ ասի, Պուտինը չի գալու հայերի ականջին ասի՝ Հայաստանից հեռացեք, նա պետք է դա իր դրածոների միջոցով իրականացնի ու իրականացնում է»:

Տեսանյութեր

Լրահոս