«Ժողովուրդն ինչպե՞ս վստահի մարդկանց, որոնք հարյուր անգամ խոստացել են մեկ շաբաթից իշխանափոխություն անել». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօրվա ասուլիսին խոսելով ղարաբաղյան կոնֆլիկտի մասին՝ ասաց, որ ապրիլյան իրադարձություններից հետո համանախագահների մոտ աշխուժություն նկատվեց, որն արտահայտվեց տարբեր հայտարարությունների, մեկնաբանությունների ձևով:

«Դա պանիկա առաջացրեց Հայաստանում և Ադրբեջանում, որովհետև անընդհատ քննարկում էին, խոսում էին շրջանների վերադարձի մասին, և այլն: Պետք է ասեմ, որ ինձ համար ամեն ինչ հասկանալի էր հենց սկզբից. որևէ լուրջ փոփոխություն լինել չէր կարող ու չեղավ: Հունիսին այդ ակտիվությունը մեծ էր, հուլիսին այն նվազեց, և մենք հիմա տեսնում ենք, որ համանախագահները, հատկապես՝ Ռուսաստանը, աշխատում են դեէսկալացիայի շուրջ, որպեսզի կրակոցները քիչ լինեն: Հաջողվում է, որովհետև հիմա շփման գծում կրակոցներ ավելի քիչ են լինում, քան ապրիլից առաջ»,- նշեց փորձագետը՝ նկատելով, որ այս վիճակը երկար չի տևի. «Շատ բան կախված է նավթից, այն իրավիճակից, որը կլինի Ադրբեջանում»:

Անդրադառնալով «Սասնա ծռերին»՝ նա ասաց, որ նրանց քայլը կանխատեսելի էր. «Ես ասում էի, որ նման բան կլինի, որովհետև վերլուծելով մինչ այդ կատարվածը՝ Ծառուկյանի հեռացումը քաղաքականությունից, Շանթ Հարությունյանի բանտարկումը և այլն, այս պրոցեսը կանխատեսելի էր։ Զենքով հարց լուծելու լեգիտիմացման գործընթացը Հայաստանում ընթանում էր, դա կարելի էր տեսնել, ու նման մի բան ակնհայտ էր, որ կլիներ: Հետաքրքիր է հատկապես այն, թե ինչպես է հասարակությունն արձագանքում այդ ամենին: Հասարակության մի մասը, համենայնդեպս, խրախուսում էր դա ու կարծում, որ ոչ շատ մեծ երկրի խնդիրները կարելի է լուծել՝ սպանելով 5 մարդու: Այդ պատկերացումը դառնում է բավական պոպուլյար»:

Քաղաքագետի խոսքով` այս ամենից հետո դժվար է պատկերացնել, թե իշխանություններն ինչ են անելու ընտրությունների ժամանակ. «Ենթադրենք՝ նրանք մինչև ընտրություններ հասնեն (թեկուզ դա շատ դժվար է, ամեն չնչին իրադարձություն կարող է իրավիճակ փոխել), ի՞նչ փողեր պետք է ծախսեն, ի՞նչ միջոցներ գործի դնեն, որ այս ընտրություններում հաղթեն: Լավ, ենթադրենք՝ դա նույնպես եղավ. հավաքում են 54% ու հաղթում, ի՞նչ է լինելու հաջորդ շաբաթ: Ենթադրենք՝ դա էլ արեցին՝ հաջորդ շաբաթն ինչ-որ կերպ վերապրեցին, կարելի՞ է պատկերացնել, որ նման ձևով իշխանությունը 5 տարի կկարողանա ղեկավարել: Ինձ համար շատ դժվար է նման բան պատկերացնել»:

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ ընդդիմություն ևս չկա. «Մարդիկ, որոնք քվեարկում են ընդդիմության համար, նրա օգտին չեն քվեարկում, այլ՝ իշխանության դեմ։ Իսկ երբ մարդկանց մեծ մասը դեմ է քվեարկում, դա շատ տարօրինակ քաղաքական զարգացումների կարող է բերել: Աշնանն էլ կսկսվի նախընտրական շրջանը, որը լարված է լինելու: Իշխանությունները կփորձեն ինչ-որ միջոցների դիմել, իլյուզիաներ ստեղծել, բայց դրանով խնդիրը չի լուծվի, որովհետև վստահություն այլևս չկա: Մեզ մոտ այնպիսի վիճակ է ստեղծվել, որ երբ ինչ-որ մեկը մտնում է քաղաքականություն, կորցնում է վստահությունը: Երբ նա հարթակներում է՝ ֆիդայիի կերպարով, նա լավն է, բայց երբ ինչ-որ ռացիոնալ բան է ասում ու խոսում քաղաքականություն մտնելու մասին, միանգամից հեղինակազրկվում է»։

Քաղաքագետը նշեց, որ ժողովուրդն ընդդիմությանն էլ չի վստահում հենց նրա մեղքով. «Ժողովուրդն ինչպե՞ս վստահի մարդկանց, որոնք հարյուր անգամ խոստացել են մեկ շաբաթից իշխանափոխություն անել»։

Տեսանյութեր

Լրահոս