Շերտազատեք մաշկը՝ ազատվելով մաշկի մեռած բջիջներից
Պարզապես լոգանք ընդունելը կամ դեմքը լվանալը չեն օգնում մաքրել դեմքի մեռած բջիջները: Մաշկի շաբաթական շերտազատումը լավագույն միջոցն է, որն օգնում է ազատվել մաշկի մեռած բջիջներից՝ հարթեցնելով և խոնավեցնելով այն:
Մաշկի շերտազատումն անհրաժեշտ է մաշկի բոլոր տեսակների համար՝ անկախ նրանից՝ մաշկը յուղո՞տ է, թե՞ ոչ:
Մաշկը շերտազատելու համար բոլորովին պետք չեն քիմիական տարրեր: Գոյություն ունեն բազմաթիվ բնական միջոցներ, որոնք կարող եք գտնել ձեր խոհանոցում, այս բոլոր մթերքները հրաշալի կերպով մաքրում են մաշկն ու այն ազատում մեռած բջիջներից:
Ձեզ ենք ներկայացնում հրաշալի մթերքներից մի քանիսը
Վարսակի փաթիլներ- Վարսակի փաթիլները հրաշալի կերպով մաքրում են մաշկի բոլոր տեսակները:
2 ճ/գ վարսակի փաթիլները լցրեք տարայի մեջ, ավելացրեք 2 ճ/գ յոգուրտ և 1 ճ/գ մեղր: Խառնուրդը քսեք դեմքին և մերսեք: Խառնուրդը դեմքի վրա պահեք 10-15 րոպե, ապա լվացեք սառը ջրով:
Պրոցեդուրան կրկնեք շաբաթական 1-2 անգամ, ոչ ավելի: Այս սկրաբը կարող եք քսել նաև մարմնի այլ հատվածներին:
Շաքար և ձիթապտղի յուղ- Շաքարի և ձիթապտղի յուղի խառնուրդը նույնպես հրաշալի սկրաբ է մաշկի բոլոր տեսակների համար: Շաքարի բյուրեղներն օգնում են հեռացնել մաշկի մեռած բջիջները, մինչդեռ ձիթապտղի յուղը խոնավեցնում է մաշկը:
Կես բաժակ շաքարավազը խառնեք 2-3 ճ/գ սառը զտված ձիթապտղի յուղով, ավելացրեք 2-3 թ/գ մեղր և մի փոքր կիտրոնի հյութ: Խառնուրդը քսեք դեմքին և տրորեք մի քանի րոպե, վերջում դեմքը լվացեք աղբյուրի ջրով: Շաբաթական 1-2 անգամ կրկնեք պրոցեդուրան:
Կանաչ թեյ- Կանաչ թեյը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք 2-3 թ/գ մեղր: Կարող եք ավելացնել նաև 1 ճ/գ սոդա: Բաղադրիչները խառնեք և հաստ շերտով քսեք դեմքին: Խառնուրդը թողեք մնա դեմքի վրա 10 րոպե, զգուշորեն տրորեք և լվացեք սառը ջրով: Պրոցեդուրան կատարեք շաբաթական 1 անգամ:
Նարնջի կեղև- Նարինջն ուտելուց հետո պետք չէ կեղևն անմիջապես դեն նետել: Այն չորացրեք արևի տակ մի քանի օր: Ապա աղացեք, որպեսզի փոշի ստանաք, և դիմակ պատրաստեք:
Հավասար քանակությամբ խառնեք նարնջի կեղևի փոշին և յոգուրտը: Ստացված խյուսը քսեք դեմքին և պարանոցի մաշկին, թողեք խյուսը մնա 15-20 րոպե: Թաց ձեռքերով մերսեք դեմքը շրջանաձև շարժումներով, պրոցեդուրան կատարեք շաբաթը մեկ անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը