Լեհերը Մեծ Բրիտանիայում դարձել են ներգաղթյալների ամենախոշոր համայնքը
Մեծ Բրիտանիայի այն բնակիչների թիվը, որոնք ծնվել են Լեհաստանում, անցյալ տարի գերազանցել է Հնդկաստանում ծնված միգրանտների թիվը: Միգրացիայի ընդհանուր սալդոն, ըստ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալների, ԵՄ-ից դուրս գալու շուրջ հանրաքվեից առաջ մնում էր ռեկորդային մակարդակի վրա, տեղեկացնում է BBC-ն:
Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի (ԱՎԲ)՝ օգոստոսի 25-ին հրապարակված տվյալներով, 2015 թվականին Միացյալ Թագավորությունում ապրում էին Լեհաստանից սերված 831 հազար մարդ: Սա գրեթե 750 հազարով ավելի է, քան 2004 թվականին, երբ Լեհաստանը Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի ինը այլ երկրների հետ միասին մտավ Եվրամիություն:
Երկար տարիներ Մեծ Բրիտանիայում առաջին սերնդի ներգաղթյալների խոշորագույն համայնքները հնդկական ու իռլանդական համայնքներն էին:
Միգրացիայի դրական հաշվեմնացորդը, Վիճակագրական բյուրոյի տվյալներով, 2015 թվականի մարտից մինչեւ 2016 թվականի մարտն ընկած ժամանակաշրջանում մնացել է ռեկորդայինին մոտ 327 հազարի մակարդակին:
Վիճակագրությունն այս տարի (մարտից մինչեւ մարտ) գրանցել է 2004 թվականին Եվրամիությանն անդամակցած Լեհաստանից եւ արեւելաեվրոպական յոթ երկրներից ժամանածների թվի նվազում, բայց այդ նվազումը փոխհատուցվել է Բուլղարիայից եւ Ռումինիայից ժամանածների թվի աճով՝ մինչեւ ռեկորդային 60 հազար: Այս երկու երկրները ԵՄ են մտել 2007 թվականին, իսկ ազատորեն Մեծ Բրիտանիա ժամանելու եւ այստեղ աշխատելու իրավունքից սկսել են օգտվել 2014 թվականի սկզբից:
ԱՎԲ-ի գնահատումներով՝ Մեծ Բրիտանիայի՝ արտասահմանում ծնված բնակիչների բաժինն այժմ հասել է 13,3 տոկոսի: 2004 թվականին նրանց բաժինը կազմում էր 8,9 տոկոս:
Այլ երկրներից սերվածների մեծ մասն ապրում է Լոնդոնում: Նրանց թիվը կազմում է մեգապոլիսի բնակչության 37 տոկոսը: