Պատրաստ եմ մեր հետագա սերտ համագործակցությանը. ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն
Օգոստոսի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշական տնօրեն Դեբորա Գրիսերին:
Ողջունելով հյուրերին ` նախարարն իր շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակին Հայաստանում ավելի քան 20-ամյա գործունեության ու մեծածավալ աջակցության համար:
-Հայաստանը բարձր է գնահատում այդ աջակցությունը և, այսուհետ էլ, պատրաստ ենք համագործակցության խորացմանն ու համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը,-իր խոսքում նշել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հանդիպման համար` կիսելով նախարարի` փոխգործակցության ընդլայնմանը միտված պատրաստակամությունը:
-Բարձր եմ գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ավելի քան երկու տասնամյակ ձգվող ամուր գործընկերությունը: Միասին մենք հաջողություններ ենք ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման, բարեփոխումների միջոցով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ամրապնդման ու երկրի մասնավոր հատվածը խթանելու հարցերում: Պատրաստ եմ մեր հետագա սերտ համագործակցությանը`ուղղված ինքնաբավ ու առողջ տնտեսության կայացմանը Հայաստանում ,- նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն Դեբորա Գրիսերը:
Հանդիպմանը խոսվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ՀՀ և ԱՄՆ կառավարությունների մրջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին, անդրադարձ է եղել զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
-Լավ տրամադրվածությամբ կարող ենք նոր էջ բացել մեր համագործակցության համար,-մի շարք հարցերի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունից հետո ասել է Արծվիկ Մինասյանը:
Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին և ողջունել նրանց աշխատանքային գործունեության մեկնարկը Հայաստանի Հանրապետությունում:
Հանդիպման ավարտին կողմերը կրկին հավաստել են համատեղ և արդյունավետ աշխատանքի պատրաստակամությունն ու հանձնառությունը: