Հայաստանի հեղափոխության արժեքը՝ 8 միլիոն դոլար

The Financial Times-ը մի պատմություն էր ներկայացրել Deutsche Bank-ի՝ ռիսկերի գծով նախկին մենեջերներից մեկի մասին։ Բեն-Արցի ազգանունով բանկի այդ աշխատակիցը ոչ այնքան վաղ անցյալում հրաժարվել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովի կողմից իրեն հատկացված 8.25 մլն դոլար պարգևավճարից՝ բանկում կատարվող մեքենայությունների գաղտնազերծման դիմաց։ Նա բանկում տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու հնարավորությունը նախընտրել է ամբողջ 8.25 միլիոն դոլարից՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով բանկում կատարված մեքենայությունների ու դրա համար պաշտոնատար անձանց անպատիժ մնալու փաստի դեմ։

Այդ քայլով Բեն-Արցին համապատասխան մարմիններին օգնել է բացահայտել բանկում գործող մեքենայության շղթան, ինչի արդյունքում Deutsche Bank-ը տուգանվել է 55 մլն դոլարով։

Հայաստանի հետ որևէ աղերս չունեցող այս պատմությունը Հայաստանին է վերաբերում այնքանով, որ պատասխանում է այն հարցին, թե ինչու Հայաստանում ունենք այսօր այն, ինչ ունենք։ Այսինքն՝ ոչինչ չունենք իրականում ու ըստ էության։ Այս պատմությունը մարդու մասին է, ով՝ հրաժարվելով հսկայական գումարից, կարողանալով հաղթահարել գայթակղությունը, իր անձնական քայլով դեմ է դուրս եկել համակարգին, պայքարել է կեղծիքի, խաբեության, անօրինականության դեմ։

Հայաստանում այսօր ունենք այն, ինչ ունենք, այսինքն՝ ոչինչ չունենք իրականում ու ըստ էության, որովհետև Հայաստանում բացակայում են Բեն-Արցիները, բացակայում է մարդու այն տեսակը, հավաքական կերպարը, որը պատրաստ է անձնական բարեկեցության հաշվին հանրայնորեն դրական քայլ կատարել։ Այդ տեսակը բացակայում է Հայաստանում, դրա համար ներկա է ու գործում է մյուս՝ դրա հակադիր տեսակը, բարեկեցության դիմաց ամեն ինչի պատրաստ տեսակը։

Որովհետև Հայաստանում դժվար է պատկերացնել որևէ նախարարի, ով կարող է հրաժարվել ատկատից։ Բարդ է պատկերացնել Հայաստանում որևէ դատավորի, ով կարող է հրաժարվել վերևից հրահանգված վճռի դիմաց արված իշխանական լավությունից կամ ներքևից կպած գործարքի արդյունքում կայացված վճռի դիմաց ծրարով տրված մաղարիչից։

Անհնար է պատկերացնել Հայաստանում որևէ օլիգարխի, ով կարող է հրաժարվել քաղաքական իշխանության տված մենաշնորհից կամ մրցակցին ոչնչացնելու դիմաց ստացված գերշահույթից։

Անմտություն է Հայաստանում պատկերացնել որևէ պատգամավորի, ով կարող է հրաժարվել մանդատից ու դրա դիմաց զանազան ծառայություններ մատուցելու՝ իր չգրված պարտավորություններից։

Սարսափելի է Հայաստանում պատկերացնել իշխանական որևէ ասուլիսատու գործչի, ով կարող է հրաժարվել համապատասխան վայրից թելադրված միտք հայտնելուց ու դրա դիմաց ստացված վճարից։ Ծիծաղելի է Հայաստանում պատկերացնել որևէ ընդդիմադիրի, ով կարող է հրաժարվել նույն համապատասխան վայրից թելադրված միտքը չհայտնելուց ու դրա դիմաց ստացված վճարից։

Ֆանտաստիկայի ժանրից է Հայաստանում պատկերացնել որևէ ակադեմիկոսի, ով կարող է հրաժարվել իշխանությանը քծնելուց ու դրա դիմաց ստացված հերթական կոչումից ու իշխանական բանկետի սեղանի շուրջ հատկացված համապատասխան տեղից…

Բացառություններ, իհարկե և բարեբախտաբար, կան, բայց դրանք, ինչպես հայտնի է, հաստատում են օրինաչափությունը՝ հերոսների, շարքային, մարդկային, քաղաքացիական հերոսների բացակայության մասին վկայող օրինաչափությունը։

Լավ կամ վատ պետություն ունենալու, ընդհանրապես պետություն ունենալու և չունենալու երկընտրանքի հարթությունում հերոսությունը միայն ու ամենևին քծնողների կողմից հերոսացվելը չէ ու մարտի դաշտում թուրքի լամուկ սատկացնելը չէ, ու դրա մասին ֆիլմեր նկարելն ու ցուցադրելը չէ։

Լավ կամ վատ պետություն ունենալու, պետությունը չկորցնելու պայքարում հերոսությունը գայթակղությունը հաղթահարելու ու, անգամ անցյալում ավանտյուրիստ լինելու պարագայում, կյանքում գոնե մի անգամ ազնիվ լինելու մեջ է։ Հերոսությունը ազնիվ լինելու ու դրանից բխող գործողություններ կատարելու մեջ է նաև ու առաջին հերթին…

Պատահակա՞ն է, թե՞ ոչ, բայց մեր պատմական ու գեղարվեստական հերոսների մեծ մասը, որպես կանոն, խորամանկներ են՝ այս կամ այն արքային խաբածները, մոլորեցրածներն ու դավաճանածները։ Բայց եթե պատմության մեջ փնտրելու ու եղածներին որոշակի վերապահումով վերաբերվելու դեպքում կարելի է գոնե մի քանի ոչ ֆիդայական, այլ մարդկային ու բարոյական հերոսներ գտնել, ապա դա անհնար է մեր ժամանակներում։ Որովհետև մեր ժամանակներում հնարավոր է հերոսանալ ամեն ինչից, բայց առաջին հերթին՝ արժանապատվությունից, բարոյականությունից ու ամենասովորական ազնվությունից հրաժարվելու ճանապարհով ամեն ինչ ունենալու միջոցով։

Հայաստանում հերոսները հենց այդ ճանապարհով հերոսացածներն են, իսկ հանրությունը բաղկացած է փոքր թվով այդպիսի հերոսներից ու մեծ թվով այդպիսին դառնալ ցանկացող ոչ հերոսներից, որոնց մեծամանությունը կերազեր լինել Բեն-Արցիի կարգավիճակում ու ոչ միայն չէր հրաժարվի 8 և ավելի միլիոն դոլար պարգևավճարից, այլև դրանից հրաժարվելու սպառնալիքով կկրկնապատկեր կամ կեռապատկեր պարգևավճարը։

Հեղափոխությունը, որի մասին այդքան սիրում են ու խոսում են բոլոր, իրականում Հայաստանում տեղի կունենա այն ժամանակ ու այն դեպքում, երբ կգտնվի մեկը, իսկ որ ավելի լավ է՝ մի քանիսը կամ մի քանիսներից կազմված բազմություն, որը պատրաստ կլինի հրաժարվել 8 կամ 80 միլիոն դոլարից՝ հանուն այնպիսի պետության, որում 8 կամ 80 միլիոն կարելի է ունենալ նաև սեփական աշխատանքով։

Հեղափոխությունը, որի մասին այդքան սիրում են խոսել բոլորը, արժե ընդամենը 8 միլիոն դոլար։ Ոչ թե ուղղակի այդքան միլիոն սեղանին դրված կանաչ թղթադրամի, այլ նաև սեղանի հակառակ կողմում այդքան թղթադրամից հրաժարվող մեկի առկայության դեպքում։

Պայմանականորեն, իհարկե։

Իսկ քանի դեռ չկա այդ մեկը, կամ մի քանիսը, կամ մի քանիսներից բաղկացած բազմությունը, լինելու է այն մեծամասնությունը, որը «հայաստանյան» ճանապարհով հերոսացած փոքրամասնությանը հնարավորություն է տալիս, ամեն ինչից բացի ու առաջին հերթին, ունենալ իշխանություն, որի համար վտանգավոր է ու սպառնալիք է հերոսների մյուս՝ բացակայող տեսակը։ Այդ բացակայությունը սեփական ներկայության գրավականն է ու նաև պատճառը, որ Հայաստանի մասին խոսելիս ավելի հաճախ է արտասանվում՝ ունենք այն, ինչ ունենք։

Այսինքն՝ ոչինչ չունենք իրականում ու ըստ էության։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս