Բաժիններ՝

Իֆ ամրոցի հռչակավոր բանտարկյալները

Լինել Ֆրանսիայի հարավում ու բաց թողնել առիթը՝ այցելելու Իֆ ամրոց (Château d’If) պարզապես անհնար է: Ֆրանսիական գրականության սիրահարները հավանաբար ծանոթ են նշանավոր գրող Ալեքսանդր Դյումայի հայտնի «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպին, որտեղ նկարագրվում էին գլխավոր հերոսի՝ Էդմոն Դանտեսի բազմամյա տանջանքներն Իֆ ամրոցում։ Այս ամրոցին հռչակ է բերել նաև մեկ այլ բանտարկյալ՝ Երկաթե դիմակը՝ հայտնի «Երկաթե դիմակով մարդը» «The Man in the Iron Mask» ֆիլմից, ով, ասում են, Լյուդովիկոս XIV-ի կալանավորված երկվորյակ եղբայրն էր:

1

Իֆ ամրոցը

168.am-ն առիթ ունեցավ այցելելու և նարահանումներ կատարելու ամրոցի ներսում, որը տեղակայված է Միջերկրական ծովում՝ Ֆրիուլի արխիպելագի մոտ՝ Մարսելից 4 կմ հեռավորության վրա գտնվող կղզու վրա։ Այնտեղ հասնելու համար հարկավոր է օգտվել ջրային տրանսպորտից, որոնք ամրոց այցելել ցանկացողներին ամրոց են հասցնում Մարսելի Հին նավահանգստից Vieux-Port de Marseille: Իֆ ամրոց մեր այցելության պահին դրամարկղի մոտ զբոսաշրջիկների մեծ հերթ էր գոյացել:

2 3

Իր սկզբնական նշանակությամբ այս կառույցը նախատեսված է եղել Մարսելը ծովային գրոհներից պաշտպանելու համար։ Շինարարությունն ընթացել է 1524-1531 թվականներին, թագավոր Ֆրանցիսկ 1-ինի հրամանով։

4 5

Իֆ ամրոցի մուտքը

16-րդ դարի վերջերից ամրոցն օգտագործվել է խիստ վտանգավոր հանցագործներին մեկուսացնելու և պահելու համար։ Հենց այդ ժամանակից էլ ամրոցը ստացել է «Իֆ» անունը։ Ամրոցի զնդաններում պահվել են հուգենոտներ, քաղաքական բանտարկյալներ, Փարիզի կոմունայի առաջնորդներ, ինչպես նաև անձինք, ովքեր վտանգ են ներկայացրել Ֆրանսիայի համար։

6

Տեսարան ամրոցի ճաղապատ խցից

1830-ական թվականներին Իֆ ամրոցը պաշտոնապես դադարում է բանտ լինելուց, սակայն 1871 թվականին այստեղ բանտարկվել են Փարիզի կոմունայի առաջնորդները, իսկ նրանց ղեկավար Գասթոն Կրեմյեն գնդակահարվել է Իֆ կղզում։

7 8 9

Այցելուները ամրոցում

Իֆ ամրոցին հռչակ բերած առաջին հերոսի՝ Էդմոն Դանտեսի խուցը գտնվում է առաջին հարկում: Բանտախուցը թունելով միացված է պատուհաններ չունեցող կիսանկուղային սենյակին, որը, Ալեքսանդր Դյումայի հեղինակած հայտնի վեպի բովանդակության համաձայն, աբբա Ֆարիայի խուցն է։ Այս խցում տեղադրված է հեռուստաէկրան, որով ցուցադրվում են տարբեր ֆիլմերից հատվածներ՝ Դանտեսի և Ֆարիայի հանդիպումը պատկերող տեսարաններով։

10 11

Էդմոն Դանտեսի խուցը 

Էդմոն Դանտեսի բանտախցի անմիջապես հարևանությամբ գտնվում է վեպի մեկ այլ հայտնի հերոսի՝ աբբա Ֆարիայի խուցը:

12 13

Աբբա Ֆարիայի խուցը

Ամրոցի երկրորդ հարկում ներկայացված է բանտախուց, որում պահվել է խորհրդավոր բանտարկյալ երկաթե դիմակով կալանավորը: Ինչպես արդեն նշեցինք՝ «Երկաթե դիմակով մարդը»՝ «The Man in the Iron Mask», ասում են, Լյուդովիկոս XIV-ի կալանավորված երկվորյակ եղբայրն էր, որի մասին նկարահանված արկածային ֆիլմը (գլխավոր դերում՝ Լեոնարդո դի Կապրիո՝ Ֆիլիպ/Լյուդովիկոս XIV) հիմնված է Ալեքսանդր Դյումա Հոր՝ «Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց» վեպի մոտիվներով և նվիրված է Լյուդովիկոս XIV-ի կալանավորին:

14 15

Լյուդովիկոս XIV-ի կալանավորված երկվորյակ եղբոր խուցը

Ես լքում էի Իֆ ամրոցը՝ ինձ հետ տանելով այնտեղ երբևիցե տաժանակիր կտտանքների արժանացած մեղավոր, իսկ ավելի հաճախ՝ անմեղ մարդկանց բացակա ներկայության զգացումը: Արդեն տարիներ անց՝ երբեմնի զնդանն այսօր համարվում է հարավային Ֆրանսիայի առավել մեծ թվով այցելուներ գրավող ու մշակութային կարևոր վայր:

16

Իֆ ամրոցից հետո ես չհեռացա Մարսել քաղաքից, որովհետև այնտեղ էր իմ հաջորդ ռեպորտաժի թեման, որն այս անգամ այնքան հարազատ ու սրտամոտ է մեզ՝ հայերիս:

17

Մարսելի քաղաքային տեսարան Իֆ ամրոցից

ՖՐԱՆՍԻԱ-ԵՐԵՎԱՆ
Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս