Հայտնի է վարկային ծրագրով հիմնանորոգվող Գյումրու փողոցների ցանկը. Ի՞նչ սկզբունքով և ովքե՞ր են ընտրել
Ի՞նչ սկզբունքով են փողոցներն ընտրվել եւ ովքե՞ր են ընտրել. պարզաբանում է քաղաքապետարանը
23 ու կես մլն եվրո արժողությամբ վարկային-դրամաշնորհային ծրագրով Գյումրիում հիմնանորոգվելու է տասը փողոց. ցանկն արդեն պատրաստ է:
Գյումրու քաղաքապետարանը, ի պատասխան «Ասպարեզ»-ի հարցման, տեղեկացնում է. «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային-դրամաշնորհային միջոցներով իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվելու է տասը փողոց` Երեւանյան խճուղի, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան, Տիգրան Մեծ, Կոմիտաս, Շարա Տալյան, Գերցեն, Ռուսթավելի, Մազմանյան, Անի թաղամասի 11-րդ փողոցը` Մուշ թաղամասին կապող ճանապարհ»: Այս փողոցները, համաձայն քաղաքապետարանի պատասխանի, ընտրվել են բանկի միջազգային փորձագետների կողմից, ծրագրի իրագործելիության համար կատարված ուսումնասիրությունների արդյունքում` ելնելով փողոցների շարունակությունից, առկա վիճակից, երթեւեկության ծանրաբեռնվածությունից: Ծրագրում ընդգրկված փողոցների հիմնանորոգման ընթացքում իրականացվելիք ասֆալտբետոնյա ծածկույթի հաստության վերաբերյալ վերջնական ուսումնասիրություններ իրականացվելու են ծրագրի շրջանակում ընդգրկված միջազգային փորձագետները, որոնց կողմից տրված եզրակացության հիման վրա էլ կազմվելու է փողոցաշինական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը եւ տեխնիկական առաջադրանքները:
Այս ծրագրի շրջանակում, ի դեպ, ամբողջությամբ հիմնանորոգվելու է նաեւ քաղաքի փողոցային լուսավորությունը: Ըստ քաղաքապետարանի` տեղադրվելու են լուսադիոդային խնայողական լամպեր, անցկացվելու են նոր մալուխներ, լուսավորության ցանցը սպասարկվելու է ավտոմատ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
Ծրագրի իրականացման ընթացքում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների մասին ծանուցումներին եւ հայտարարություններին քաղաքացիները կարող են ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում` www.ebrd.com:
Ինչպես քաղաքապետարանն է տեղեկացնում` ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր աշխատանքները կազմակերպվելու եւ հսկվելու են բանկի գնումների կանոնակարգին համապատասխան:
Վարկային այս ծրագրի շրջանակում Գյումրիում կասֆալտապատվի 16 կմ երկարությամբ փողոց եւ մայթեզր, եթե, իհարկե, ասֆալտի շերտի հաստությունը լինի 22 սմ, իսկ եթե ասֆալտի շերտի հաստության փոփոխություն լինի եւ այն կազմի 16 սմ, ապա կասֆալտապատվի մոտ 22 կմ երկարությամբ փողոց ու մայթեզր: Գյումրու քաղաքապետը նախընտրում է 16 սմ հաստությունը` ընդգծելով, որ այդ տարբերակով խնայողություններ կլինեն եւ քաղաքը կշահի, սակայն վերջնական որոշումը կայացնելու են միջազգային փորձագետները:
Ծրագիրը, հավանաբար, կմեկնարկի այս աշնանը, իսկ լայնածավալ աշխատանքների սկիզբը կդրվի հաջորդ տարվա գարնանը:
Գյումրու փողոցների ասֆալտապատման ամբողջական հարցը, սակայն, այս ծրագրով չի լուծվի, քանի որ ծրագրի ավարտից հետո Գյումրիում անբարեկարգ կմնա, մոտավորապես, 75-80 կմ երկարությամբ փողոց ու մայթեզր:
Գյումրիում այսօր անբարեկարգ փողոցների երկարությունը մոտ 100 կմ է, իսկ ասֆալտապատման եւ համեմատաբար բարվոք վիճակում հայտնված փողոցների երկարությունը կազմում է ընդամենը 80-81 կմ:
Անի Մկրտչյան