Բաժիններ՝

«Հայաստանում կանանց մոտավորապես 60 տոկոսից ավելին չբավարարված են». Սեքսապաթոլոգ

«Սեռական առողջությունն ընդհանուր առողջության մի մասն է կազմում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ Զաքարյանը:

Նա նշեց, որ սեռական դաստիարակությունը մտնում է սեռական առողջության մեջ: Նրա խոսքով՝ սեռական դաստիարակությունն ունի իր փուլերը, և ամեն փուլն առանձին-առանձին իր նշանակությունն ունի, որպեսզի երեխան ճիշտ զարգանա սեռականապես, շեղումներ շատ չունենա:

«Օրինակ, 3-5 տարեկանում առաջանում է տրանսսեքսուալիզմը, տրասվեստիզմն է զարգանում, 11 տարեկանում արդեն հոմոսեքսուալիզմն է զարգանում: Ամեն հիվանդություն ունի իր զարգացման փուլերը: Դրա համար պետք է այնպես կազմակերպել սեռական դաստիարակությունը, որպեսզի գոնե վատ կամ սխալ, կամ ոչ ճիշտ դաստիարակությունն այնպես չլինի, որ ավելի գերակշռի, քան նորմաները, որը կարող է առաջացնել այս կամ այն խանգարումները»,- նշեց սեքսապաթոլոգը:

Նրա խոսքով՝ այն, թե ինչ մթնոլորտ է տիրում ընտանիքում, մեծ ազդեցություն է ունենում երեխայի սեռական զարգացման վրա. «Եթե հայրն անընդհատ մորը ծեծում է, աղջկա մոտ կարող է առաջանալ զզվանք տղամարդկանց նկատմամբ, և ամուսնացավ՝ նա կխուսափի այդ տղամարդուց: Կամ՝ եթե մայրը, բացի հորից՝ այլ տեղեր է գնում, այդ տղայի մոտ կարող է առաջանալ հակակրանք բոլոր կանանց նկատմամբ»:

Ըստ Մ. Զաքարյանի՝ սեռական դաստիարակության ամենակարևոր և հիմնական փուլերից մեկը դեռահասների սեռական դաստիարակությունն է՝ 11-12 տարեկանից, որովհետև այդ շրջանում բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունենում աղջիկների և տղաների օրգանիզմում:

Սեքսապաթոլոգը նշեց, որ սեռական դաստիարակությունը պետք է լինի ամենուր՝ և՛ փողոցում, և՛ դպրոցում, և՛ տանը, որովհետև ամեն տեղ տարբեր շրջապատներ են: Ըստ նրա՝ լավ կլինի, որ աղջիկների հետ մայրը խոսի, տղաների հետ՝ հայրը, եղբայրը, քեռին կամ բժիշկները:

«Հայաստանում կանանց մոտավորապես 60 տոկոսից ավելին չբավարարված են. մեկի ամուսինը չկա՝ գնացել է արտագնա աշխատանքի, մեկի ամուսինը հիվանդ է, կամ սեռական խանգարումներ ունեն, իրար հետ ինտիմ կյանքով չեն ապրում, կամ՝ ամուսնացած չեն… Դրանք գործոններ են, որոնք մարդու և՛ նյարդային համակարգի վրա են ազդում, և՛ հոգեկան համալիրի վրա: Եթե կինը սեռական կյանքով չի ապրում 20-25 տարեկանում, այդքան մեծ փոփոխություններ տեղի չեն ունենում, բայց այն կանայք, որոնք նորմալ սեռական կյանքով ապրել են, հանկարծ ինչ-ինչ պատճառներով ընդհատվում է այդ սեռական կյանքը, արդեն կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ: 30-35 տարեկանում մեծանում է ուռուցքային պրոցեսների հավանականությունը»,- նշեց Մ. Զաքարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս