«Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը, ինչ Ադրբեջանին». «Իզվեստիա»

Ռուսական «Իզվեստիա» թերթն իր «Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը, ինչ Ադրբեջանին» խորագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանն արդեն սկսել է Հայաստանին մատակարարել 200 միլիոն դոլարանոց վարկի դիմաց սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումը:

Բացի ռազմական տեխնիկայի վաճառքից` ռուսական կողմը զբաղվելու է նաև ռազմական գործի հայ մասնագետների վերապատրաստմամբ, որոնք հետագայում կզբաղվեն մատակարարվող տեխնիկայի սպասարկմամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունում «Իզվեստիայի» այդ տեղեկությունը հաստատել են, սակայն հրաժարվել են ասել, թե խոսքն ինչ սպառազինությունների մասին է:

Փորձագետները ենթադրում են, որ խոսքն առաջին հերթին՝ սպառազինությունների ծանր համակարգերի մասին է, որը զգալիորեն կավելացնի հայկական զինված ուժերի հնարավորությունները:

Միևնույն ժամանակ, ըստ թերթի աղբյուրի, որը քաջածանոթ է իրավիճակին, մատակարարումները թեև սկսվել են, սակայն Հայաստանի կողմից գնվող սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ողջ ցանկը Մոսկվան և Երևանը դեռ վերջնականապես չեն համաձայնեցրել:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է, որ «սպառազինությունների մատակարարումներն արդեն սկսվել են և շարունակվելու են»:

Թերթը գրում է, որ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Հայաստանը մտադիր է ՌԴ-ից գնել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Իգլա-Ս» շարժական զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, ՏՈՍ-1Ա ծանր հրետանային համակարգեր («Սոլնցեպյոկ»), «Դրագունով» դիպուկահար ինքնաձիգներ, ղեկավարվող 9М113М հրթիռներ, «Տիգր» զրահամեքենաներ, կապի միջոցներ:

«Իզվեստիան» հիշեցնում է, որ օգոստոսի 10-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ ասուլիսում ՌԴ նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, և «Ռուսաստանը պարտավորություններ ունի և միշտ իր պարտավորությունները կատարում է»:

Ռազմական հարցերով փորձագետ, «Экспорт вооружений» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը հայտարարել է, թե Մոսկվան Հայաստանին մատակարարում է սպառազինությունների գրեթե նույն հավաքածուն, որն ավելի վաղ գնել էր Ադրբեջանը: Այդ մատակարարումները, անկասկած, կբարելավեն ռազմական հավասարակշռությունը` հօգուտ Երևանի, սակայն, միևնույն է՝ Բաքուն կպահպանի որոշակի առավելություն:

«Չափազանց մեծ է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը: Այստեղ բարդ է խոսելը կողմերի հավասարության մասին: Հնարավոր է հստակ նպատակաուղղված ներդրումներով խզումը չհասցնել կրիտիկական մասշտաբների»,- ասում է ռազմական փորձագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս