Բաժիններ՝

«Կենդանիները պետք է լինեն առողջ ու կերակրված, որ անհրաժեշտ քանակի անասնապահական մթերք արտադրեն». Գագիկ Խաչատրյան

Հայաստանի վեց մարզի լեռնային ու բարձրլեռնային համայնքներում օգտագործելի է դարձել 120 հազար հեկտար արոտավայր, կառուցվել է մոտ 200 կիլոմետր ջրագիծ, տեղադրվել է 245 խմոց արոտավայրերում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը` ներկայացնելով Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերն (CARMAC1, CARMAC2) ու դրանց արդյունքները:

Գագիկ Խաչատրյանը նշեց, որ CARMAC1-ի արդյունքում 34 տոկոսով բարձրացել է կաթնատվությունը, տարեկան 24 տոկոս քաշաճի ավելացում է արձանագրվել: «CARMAC1 ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր եղավ ավելացնել կենդանիների գլխաքանակը, համայնքների բյուջե մուտքերի չափը, ավելացան ֆերմերային տնտեսությունների եկամուտները: Ֆերմերային տնտեսությունները հինգ տարվա ընթացքում ներդրված մեկ դոլարի դիմաց տարեկան ապահովում են մոտ 0.8 դոլարի շահույթ»,-ասաց բանախոսը:

CARMAC1 ծրագրում ներառվել են Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 55 համայնքները, որոնք լեռնային ու նախալեռնային գոտում են, որտեղ բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է: Խնայողությունների հաշվին ևս 26 համայնք ներառվել է ծրագրում` այդպիսով համայնքների թիվը հասցնելով 81-ի: Նրա տեղեկացմամբ` ծրագրերը ֆինանսավորվում են պետության կողմից` ստացած վարկային միջոցների հաշվին: Նշյալ ծրագրի իրականացման համար 16 միլիոն դոլար վարկային միջոցներ են տրամադրվել:

CARMAC1 ծրագրի բաղադրիչներից է գյուղացիների համար անասնապահության արդյունավետության բարձրացումը: Դա կյանքի կոչելու առաջին խնդիրներից է արոտավայրերի արդյունավետ օգտագործումը:

«Հայաստանի ամբողջ տարածքի մեկ երրորդը արոտավայրերն են` 1 միլիոն 300 հազար հա մակերեսով: Դրանց չօգտագործման հիմնական պատճառն արոտներում խմելու ջրի բացակայությունն է: Եթե կենդանին արոտում խմելու ջուր չունի, արոտներ չեն գնում: Երկրորդը` արոտներում կերի կայուն բազայի ստեղծումն է: Ձմեռային սեզոնին կենդանիները պետք է ապահովված լինեն բավարար չա փի կերով: Երրորդ խնդիրը, որ լուծված չէր ու այժմ էլ գտնվում է լուծման փուլում, կենդանիների առողջության հարցն է: Կենդանիները պետք է լինեն առողջ ու կերակրված, որ անհրաժեշտ քանակի անասնապահական մթերք արտադրեն: Դրանց լուծմանն էր, որ ձեռնամուխ եղավ ծրագիրը»,-ասաց Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով` ծրագրի շրջանակներում լուծվում է անասնաբուժական խնդիրը, յուրաքանչյուր մարզում կառուցվում է մեկ անասնաբուժական կենտրոն, որտեղ, բացի կառավարության կողմից պարտադիր համարված պատվաստումներից, իրականացնում են անասնաբուժական ծառայություններ ու արհեստական սերմնավորումներ` դրանով հասնելով տոհմի բարելավման ու կաթնատվության կտրուկ աճի:

Երկրորդ բաղադրիչը` մրցակցային դրամաշնորհային ծրագրերն են, որոնց միջոցով աջակցություն է ցուցաբերվել փոքր ու միջին ձեռնարկություններին, անհատ ձեռնարկատերերին, կոոպերատիվային միավորումներին, որ նրանք կարողանան նորարարական արտադրություն կազմակերպել: «Հինգ տարվա ընթացքում իրագործվել է 69 ծրագիր` կաթի, մրգի վերամշակման, նոր տեխնոլոգիաների ներդրման տեսքով, ստեղծվել է 300-330 աշխատատեղ(ուղղակի շահառուներ) և մոտ 30 հազար անուղղակի շահառուներ են ներգրավվել ծրագրում»,-հայտնեց պաշտոնյան:

Նա տեղեկացրեց, որ 2015-ին մեկնարկել է CARMAC2-ը, որը կգործի մինչ 2020 թվականը: Դրա շրջանակներում այս պահին 111 համայնք է ներառվել ծրագրում: Նշյալ վեց մարզերին ավելացել են ևս երկուսը` Վայոց ձորն ու Կոտայքը: CARMAC2-ի համար նախատեսված են 32 միլիոն դոլար վարկային միջոցներ:

Այս ծրագիրը ենթադրում է նաև արժեշղթայի զարգացում, այսինքն` այն ՓՄՁ-ները, որոնք որոշակի հաջողությունների են հասել, կարող են օգտվել այդ բաղադրիչից`մեծացնելով իրենց արտադրանքի, ինչպես նաև արտահանման ծավալները: Բացի այդ նախատեսվում է աջակցություն պետական կառույցներին` ինստիտուտներին, փորձագիտական կառույցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս