Ալիևի հրամանով Ադրբեջանում գաղտնիացվել են բուհերի ընդունելության քննության արդյունքները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ կառավարությունը գաղտնիացրել է շրջանավարտների պետական քննությունների ձախողված արդյունքները, որպեսզի հանրությունից թաքցնի կրթության համակարգում թերությունները:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ուսանողների ընդունելության գծով Պետհանձնաժողովի նախկին նախագահ Վուրղուն Էյուբը` նշելով, որ Ադրբեջանի նախագահը Պետական քննական կենտրոնին զրկել է ընդունելության քննությունների արդյունքներով գիտավիճակագրական վերլուծություն կատարելու իրավունքից:
Ադրբեջանի պետական քննական կենտրոնը ստեղծվել էր մի քանի ամիս առաջ: Նախկինում այդ կառույցն անվանվում էր «Ուսանողների ընդունելության գծով պետական հանձնաժողով»: Վերջինիս հրապարակած արդյունքները ներկայացվում էին նախագահին եւ կրթության նախարարությանը, եւ դրա հետ միասին բաց էին հասարակության համար: Վուրղուն Էյուբը նշել է, որ նման կերպ, կառավարությունը փորձում է հասարակությունից թաքցնել կրթության համակարգում առկա խայտառակ թերությունները:
«Այդ հետազոտությունը կոնկրետ թվերով անդրադարձնում էր Ադրբեջանում կրթության իրական վիճակը, որպեսզի թաքցնեն այդ տեղեկությունը, կենտրոնին զրկել են այդ լիազորությունից: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարությունը, թաքցնելով թերությունները, փորձում է ցույց տալ, որ ամեն բան իդեալական է», ասում է Վուրղուն Էյուբը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` Ադրբեջանում դպրոցների շրջանավարտների 60 տոկոսը ավարտական քննություններից չի կարողանում դրական գնահատական ստանալ: Շրջանավարտների միայն 30-40 տոկոսն է դիքում ԲՈւՀ, սակայն, նրանց 60 տոկոսից ավելին չի կարողանում հաղթահարել ընդունելությանն նվազագույն շեմը: Բացի այդ, նշվել էր, որ նման դրության պատճառներից մեկն էլ հանդիսանում է երկրի հանրային դպրոցներում դասավանդման ցածր մակարդակը, ինչպես նաեւ այն, որ ուսուցիչների մեծ մասի որակավորումը այնքան ցածր է, որ նրանց զգալի մասը դասավանդվող առարկային ծանոթ է աշակերտներից վատ: 2014 թվականին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր այն մասին, որ Ադրբեջանում կադրային խնդիր է ծագել: 2015 թվականի արդյունքներով` Ադրբեջանում անցկացված ավարտական քննությունների ժամանակ պարզվել էր, որ 100 շրջանավարտներ գրել եւ կարդալ չեն կարողանում: