ԶԼՄ-ներն իմացել են ԱՄՆ-ի՝ Թուրքիայի հետ Գյուլենի արտահանձնման պլանները քննարկելու մասին
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաջորդ շաբաթ Թուրքիա կուղարկի պատվիրակություն՝ քննարկելու ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շուրջ ստեղծված վիճակը, որի արտահանձնմանն է ձգտում հասնել Անկարան, գրում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի արդարադատության նախարարությունում աղբյուրին:
Թուրքական գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ ԱՄՆ պատվիրակություն ուղարկելու որոշումը ընդունվել է Գյուլենի արտահանձնման հարցի շուրջ թուրքական և ամերիկյան կողմերի նամակագրության արդյունքում:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին կալանավորելու որոշում են կայացրել, նա մեղադրվում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ:
Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից:
Անձամբ Գյուլենը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նա դատապարտել էր ռազմական հեղաշրջման փորձը, նաև հայտարարել, որ չի վախենում Թուրքիա արտահանձնումից:
Միաժամանակ, նա չէր բացառել, որ իր կողմնակիցներից որևէ մեկը կարող էր մասնակցել ապստամբությանը:
Գյուլենը համարվում է Թուրքիայում ազդեցությամբ երկրորդ մարդը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանից հետո: Նրանք համախոհներ էին, երբ Էրդողանը եկավ իշխանության, սակայն նրանց ուղիները հետագայում առանձնացան: