366088 վարույթ՝ կես տարում
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամփոփ տեղեկատվության, 2016թ. հունվար-հունիսին հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 366 008 կատարողական վարույթ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի օգտին ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձվել է 1.2 մլրդ դրամ, որից 730.8 մլն-ը՝ մայրաքաղաքում։ Չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել է 15 մլրդ դրամ։
Իրավաբանական անձանց օգտին գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված գումարը հունվար-հունիսին կազմել է 6.7 մլրդ դրամ, չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում՝ 44 մլրդ դրամ։
Ֆիզիկական անձանց օգտին գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված գումարը հունվար-հունիսին կազմել է 1.078 մլրդ դրամ, չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում՝ 5.57 մլրդ դրամ։