«Սա ընդամենը ներքին իշխանական համակարգում ընթացող հակամարտությունների տեսանելի մասն է կազմում». Արմեն Բադալյանը՝ պաշտոնանկությունների դեպքերի մասին
«Եթե իրոք ինչ-որ գործընթաց սկսված լիներ, ապա այն ոստիկանները և քաղաքացիական անձինք, որոնք լրագրողների նկատմամբ բռնություն են իրականացրել, արդեն ձերբակալված կլինեին»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների դեպքերի մասին՝ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ըստ նրա՝ սա ընդամենը ներքին իշխանական համակարգում ընթացող հակամարտությունների տեսանելի մասն է կազմում. «Գաղտնիք չէ, որ Դատախազության և Ոստիկանության միջև տեղի է ունենում չերևացող հակամարտություն, և շատ հնարավոր է՝ այդ հակամարտությունում դատախազը տանուլ տվեց: Տարբերակ երկրորդն այն է, որ հաշվի առնելով, որ «Սասնա ծռերի» դատավարությունն օբյեկտիվորեն չի ընթանալու, շատ հավանական է, որ Նախագահականը՝ դատախազին ապագա գործընթացներից փրկելու համար՝ առժամանակ հեռացնում է այդ գործընթացից, հետո, հավանաբար, նորից կվերադարձնի: Երրորդ տարբերակն էլ՝ առողջության հետ կապված տարբերակն է, որն ամբողջությամբ չենք կարող բացառել»,- նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ԱԱԾ-ում տեղի ունեցող ձևափոխություններին՝ Ա. Բադալյանը նշեց, որ դա նոր ղեկավարի կողմից հարմար առիթն օգտագործելու և հին կադրերից ազատվելու քաղաքականություն էր, որովհետև ազատավածները, բավականին երկար ժամանակ է՝ այնտեղ աշխատում են. «ԱԱԾ-ի նոր տնօրենը և Նախագահականն այդ համակարգը լցնում են իրենց համար վստահելի, երիտասարդ կադրերով»:
Ա. Բադալյանն ընդունեց, որ շատ մեծ ճնշում կա հայաստանյան իշխանությունների վրա, և Հայաստանի իշխանություններն ինչ-որ չափով պետք է փորձեն PR-ի համար որոշակի գործողություններ անել. «Դրա համար այս պաշտոնանկությունները բոլորը մեկ կտրվածքով չենք կարող դիտել, տարբեր կտրվածքներ կան, որոնցից մի մասը համընկան, մի մասն օգտագործեց առիթը, մյուս մասն էլ Հայաստանի հասարակությանը դուր գալու, բայց հիմնականում Արևմուտքին ինչ-որ բան ցույց տալու համար էր, որ իրենք դասեր են քաղել, որ իրենք համապատասխան քայլեր, փոփոխություններ են արել: Սրանք իրականում աչքկապոցի են և իրական բարեփոխումների հետ ոչ մի առնչություն չունեն»: