«Իշխանափոխությունը սկսվել է…». Ազատ Արշակյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության դեպքերի մասին

«Իրենք իրենց պաշտոնում թույլ են տվել սխալներ, կոմպետենտ չեն եղել, որոնց հետևանքով առաջացավ այս ճգնաժամը, զինված բախումը: Իհարկե, նրանք պետք է պատժվեն»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով վերջին օրերի՝ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության դեպքերի մասին:

Նա չբացառեց, որ հետագայում կարող է քրեական գործեր էլ հարուցվեն: Ըստ նրա՝ նրանց կողմից դա ոչ միայն անգործություն էր, այլև «հնարավոր է, որ ուրիշ բաներ էլ են եղել»: «Կարծում եմ՝ այդ պաշտոնանկությունները կներառեն նաև իրենց մեջ կոռուպցիոն շերտերը, դա կշարունակվի մինչև կառավարության պաշտոնանկությունը, վարչապետի պաշտոնանկությունը, վարչապետի հրաժարականը: Բարեհաջող ընթացք եթե լինի, ես պատկերացնում եմ, որ առաջիկայում նաև կլինի նոր Ազգային ժողով՝ նոր ծրագրերով, նոր քաղաքական ուժերով: Այսինքն՝ տեղի կունենա իշխանափոխություն: Ես համարում եմ, որ պաշտոնանկություններն իշխանափոխության սկիզբն են, իշխանափոխությունը սկսվել է»,- նշեց Ա. Արշակյանը:

– Փաստորեն, Դուք այս պաշտոնանկության դեպքերը չե՞ք համարում աչքկապոցի և հավատո՞ւմ եք, որ իշխանությունները դասեր են քաղել, և փոփոխությունների գործընթացը սկսվել է:

– Այո, սկսվել է իշխանափոխությունը, դա աչքակապություն չէ և ոչ էլ կրքերը հանդարտեցնելու խնդիր է, այլ անհրաժեշտ է, երկիրը կանգնած է խորը ճգնաժամի առաջ, հարկավոր է փրկել Հայաստանը, ու դա այդ փրկության գործընթացներից մեկն է՝ փոխել իշխանությունը, ձևավորել ավելի արդյունավետ իշխանություն, որպեսզի մենք ունենանք անվտանգ և բարգավաճ հայրենիք:

– Ստացվում է՝ «Սասնա ծռերը» հասա՞ն իրենց նպատակին:

– Ոչ, «Սասնա ծռերը» չեն հասել իրենց հայտարարած նպատակին: Իշխանափոխությունը սկսվեց իր բնական հունով:

Բայց իրենց գործողությունների արդյունքում չէ՞ր դա…

– Իրենց գործողությունները մեծ դեր կատարեցին, ցավոք սրտի, զոհեր եղան, ա՛յ, դա եթե չլիներ, շատ գեղեցիկ կլիներ: Ես լավատես եմ, կարծում եմ՝ մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունները շատ բան փոխված կլինի Հայաստանում, և նոր Ազգային ժողով կձևավորվի, և նոր քաղաքական դեմքերով:

Ինչո՞ւ եք այդպես վստահ, որ Ձեր նշած իշխանափոխության գործընթացն իրոք սկսվել է, և սա ուղղակի հանրությանը հանգստացնելու և խաբելու համար արված քայլ չէր:

– Մենք դարեր շարունակ երազել ենք ունենալ անկախ, ազատ հայրենիք, ու հիմա մենք չենք կարող այդ հայրենիքի կործանող սերունդը լինել, ես մտածում եմ, որ պետականասիրությունը, հայրենասիրությունը մեր հասարակության մեջ այնքան բարձր է, որ մենք թույլ չենք տա, որ մի խումբ արկածախնդիրներ՝ իշխանությունում և ընդդիմությունում, կործանեն մեր հայրենիքը, առողջ ուժերն իշխանությունը կվերցնեն իրենց ձեռքը և Հայաստանը կդարձնեն մեզ համար սիրելի և հարմարավետ երկիր:

Տեսանյութեր

Լրահոս