«Կրեմլը չի առաջնորդվում Ժիրինովսկիի թեզերով, նա կարող է խոսել այնպես, ինչպես ցանկանում է». Խոսրով Հարությունյան
«Ժիրինովսկիի տեսակետները լուրջ և մեծ քաղաքականության հետ որևէ աղերս չունեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի՝ երևանյան վերջին օրերի դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե՝ «թքած Հայաստանի վրա ևս ….»:
Նա նաև սպառնացել էր, թե ռուսական կողմը կհանի ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմական բազան: Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն անդրադառնալով Ժիրինովսկիի այս հայտարարություններին՝ ասել էր, թե Վլադիմիր Ժիրինովսկիին մեկնաբանել կամ նրա ասելիքը հասկանալ շատ վաղուց որևիցե մեկը չի փորձում:
«Փորձել նրա հայտարարությունների տրամաբանությունը հասկանալ վաղուց ոչ մեկը չի փորձում, հետաքրքրություն ևս չկա»,- ընդգծել էր Տիգրան Բալայանը:
Խոսրով Հարությունյանը ևս կարծում է, որ այդ քաղաքական գործչի մեկնաբանություններին ընդհանրապես պետք չէ անդրադառնալ, առավել ևս՝ արձագանքել, քանի որ, ըստ նրա՝ եթե փորձենք վերլուծել Ժիրինովսկիի արտահայտությունները, ապա կնկատենք, որ դրանք հաշված շաբաթների ընթացքում տրամագծորեն փոխվում են:
«Մի քանի ամիս առաջ, երբ ռուս-թուրքական հարաբերությունները ծայրաստիճան լարված էին, նա Ցեղասպանության, հայերի հետ ռազմավարական գործընկերության վերաբերյալ բոլորովին այլ տեսակետներ էր ներկայացնում: Այսօր՝ բոլորովին այլ: Կարծում եմ՝ նույնիսկ շատ խորաթափանց պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական են ոչ թե՝ նրա համար, որ դա հայերին շատ պետք է, այլ նաև՝ նրա համար, որ դա նույնչափ պետք է ռուսներին և Ռուսաստանին, որովհետև այն սպառնալիքը, որը Հայաստանն ունի Արևմուտքից, միայն ՀՀ անվտանգությանը չի վերաբերում, այդ պարագայում Ռուսաստանն ընդհանրապես Հարավային Կովկասից դուրս կվռնդվի, և Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է:
Այսինքն՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հավասարապես բխում են երկու կողմերի երկարաժամկետ շահերից: Հարավային Կովկասում Ռուսաստանը որևէ այլ դաշնակից չունի, որի հետ իր շահերը կհամընկնեն: Եթե Թուրքիան կարողանար, ապա Ռուսաստանին մեկ օր չէր թողնի Հարավային Կովկասում, առավել ևս՝ Սև ծովում:
Սա պետք է պարզ հասկանալի լինի ու, բարեբախտաբար, Կրեմլը բոլորովին չի առաջնորդվում այն թեզերով, ինչ Ժիրինովսկին է խոսում, որովհետև դա կործանարար կլիներ առաջին հերթին՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար հարավային ուղղությամբ»,- նման տեսակետ հայտնեց պատգամավորը՝ շարունակելով, որ շնորհիվ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների՝ Ռուսաստանը, ըստ էության, երաշխավորել է իր աշխարհաքաղաքական ազդեցությունը մինչև Պարսից ծոց: Եթե չլիներ դա, նրա խոսքով, ապա Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները կսահմանափակվեին Կովկասյան լեռնաշղթայով, այսինքն՝ Հյուսիսային Կովկասով: Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ դա շատ լավ է հասկանում թե՛ պաշտոնական Կրեմլը, թե՛ պաշտոնական Երևանը: «Ուստի Ժիրինովսկին կարող է խոսել այնպես, ինչպես ցանկանում է: Դա ոչինչ չի նշանակում»,- ընդգծեց Հարությունյանը:
Հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ խնդիր է լուծում 11 տարի ՌԴ Պետդումայի փոխխոսնակի պաշտոնը զբաղեցրած գործիչը, Հարությունյանը պատասխանեց, որ իրենց դա բոլորովին չի հետաքրքրում: «Այդ կալիբրի, այդ կատեգորիայի քաղաքական գործչի հետապնդած խնդիրները լուրջ և մեծ քաղաքականության հետ որևէ աղերս չեն կարող ունենալ: Նույնիսկ հնարավոր է, որ մի հայ գործարար նեղացրել է նրան: Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե նա ինչ նպատակ է հետապնդում: Կարող եմ պնդել միայն, որ այդ նպատակները մեծ և լուրջ քաղաքականության հետ որևէ աղերս չունեն»,- ասաց Խոսրով Հարությունյանը: