«Ժիրինովսկուն մեկնաբանել կամ նրա ասելիքը հասկանալ շատ վաղուց որևիցե մեկը չի փորձում». Տիգրան Բալայան

ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի հայտարարություններին լրջորեն արձագանքելն անիմաստ է համարում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ակնարկեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՌԴ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի՝ երևանյան վերջին օրերի դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ կատարած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե «թքած Հայաստանի վրա ևս ….»:

«Այնտեղ պարբերաբար կլինեն ելույթներ: Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո՛չ մի հեռանկար, ո՛չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ: Նրանք բոլորն էլ հեռացել են: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ, ողջ աշխարհում ման են գալիս: Այնտեղ ապրելու տեղ չկա` լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց նկատմամբ ստորություններ են անելու»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, Ժիրինովսկին հետևյալ կերպ է արձագանքել. «Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն՝ բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ:

Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը: Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, նրանց թուրքերը կօգնեն: Հայաստանին 300 տարի առաջ Եկատերինա Երկրորդ թագուհին է փրկել: Թուրքերը դուրս էին հանում բոլորին: Նրանք արդեն այդ ժամանակ էին վարում բոլորից ազատվելու քաղաքականություն: Բոլոր փոքր ժողովուրդներին ոչնչացրել են, իսկ քրդերի հետ չստացվեց, քանի որ նրանք չափազանց շատ են»,- ասել է նա: Հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքելու ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցչի նմանատիպ մեկնաբանություններին, Տիգրան Բալայանը պատասխանեց, որ Վլադիմիր Ժիրինովսկիին մեկնաբանել կամ նրա ասելիքը հասկանալ շատ վաղուց որևիցե մեկը չի փորձում: «Փորձել նրա հայտարարությունների տրամաբանությունը հասկանալ վաղուց ոչ մեկը չի փորձում, հետաքրքրություն ևս չկա»,- ընդգծեց Տիգրան Բալայանը:

Նրա որակմամբ՝ նման կարգի քաղաքական գործիչների հայտարարությունները մեկնաբանության կարիք չունեն: «Նրանք արդեն սպառել են իրենց և փորձում են նման տեսակի հայտարարություններով ուշադրություն գրավել»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս