«Հարավային Կովկասում ակտիվ դիրքեր ստանձնելու համար Թուրքիան պետք է կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ». թուրք վերլուծաբան

«Թուրքիան լուծում պահանջող շատ ավելի ակտուալ հարցեր ունի այսօր, քան հայ-թուրքական հարաբերությունները»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած մամլո ասուլիսի ընթացքում ասաց Անկարայի Քաղաքական կենտրոնի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բուրչու Գյուլթեկին Փունսմանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների նոր՝ ջերմացող փուլին:

Գյուլթեկին Փունսմանը նշեց, որ ցանկանում է հավատալ, որ ջերմացումն Անկարայի և Մոսկվայի միջև երկարաժամկետ բնույթ կկրի: Նրա կարծիքով՝ երկու երկրները զգացին հարաբերությունների տապալման գինը: «Տնտեսական կորուստներն անհամեմատելի են այն ռազմավարական արժեքի հետ, որը երկու երկրներն ունեն իրար համար: Երկկողմ ռուս-թուրքական հարաբերությունները մեր տարածաշրջանի ապագան են: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես նման անսպասելի իրադարձություն տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այսինքն՝ դա եղավ Սիրիայում: Ուստի Թուրքիան ու Ռուսաստանը պետք է Սիրիայում հիմնվեն ընդհանուր հիմքի վրա, որը կյանքեր կփրկեր և թույլ կտար հարգանքով վերաբերվել սիրիական ժողովրդի կամքին»,- նման տեսակետ հայտնեց թուրք քաղաքագետը:

Փորձագետն այն կարծիքին է, որ ռուս-թուրքական ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ Հարավային Կովկասի, այդ թվում` ԼՂ հակամարտության դինամիկայի վրա: «Եթե դիտարկեմ ճգնաժամի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա թուրքական հեռանկարից, ապա այդ ճգնաժամի ֆոնին՝ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի արժեքավոր էին թվում: Թուրքիան ԼՂ հակամարտության գոտու դինամիկայի վրա ազդելու ուղիղ հնարավորություններ չունի, և հատկապես՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Ես կասեի, որ ռուսական հակաթուրքական պրոպագանդան բացասական ազդեցություն թողեց հայաստանյան հանրային կարծիքի վրա: Այն, որ հայերի վախը թուրքերից մեծանում է, փոքրացնում է քաղաքականության հնարավորությունները»,- նկատեց Բուրչու Գյուլթեկին Փունսմանը:

Նա լիահույս է, որ Կովկասում Թուրքիայի նոր քաղաքականությունը լինելու է ոչ պասիվ, ոչ ագրեսիվ, այլ բավականին ակտիվ:

Կարդացեք նաև

«Շուրջ երկու տասնամյակ ես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն եմ եղել: Այո, ևս մեկ անգամ կրկնեմ, որ Թուրքիան պետք է կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի համար, որպեսզի ակտիվ դիրքեր ստանձնի Հարավային Կովկասում»,- ասաց նա: Սակայն, նրա խոսքով, Թուրքիան լուծում պահանջող շատ ավելի ակտուալ հարցեր ունի:

Փորձագետը վստահ է, որ հեղաշրջման փորձի հաջող ավարտի արդյունքում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը կվերանար ամբողջությամբ: «Չեմ կարծում, որ հեղաշրջման փորձն ինչ-որ ընդհանուր բան ունի Էրդողանի դիրքերի ամրապնդման հետ: Չե՞ք նկատել արդյոք, որ Թուրքիայի SOCAR-ի ղեկավարությունը փոխվել է հեղաշրջման փորձից հետո, և, որ նախորդ ղեկավարը ձերբակալվել է»,- ակնարկեց թուրք վերլուծաբանը:

Հարցին, թե ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների տեղակայումը, փորձագետը պատասխանեց. «Ոչ վաղ անցյալում մենք հիմնավոր կերպով խոսում էինք Քաթարում և, հնարավոր է՝ նաև Սոմալիում թուրքական բազաների ձևավորման մասին: Այս նախաձեռնություններն ահաբեկչության դեմ պայքարի կոնտեքստում են: Թուրքիան ու Ադրբեջանը, ինչպես գիտեք, ունեն սերտ ռազմական համագործակցություն անվտանգության ոլորտում: Սակայն Ռուսաստանն այս ոլորտում մնում է Ադրբեջանի համար մեկ գործընկերը»:

Տեսանյութեր

Լրահոս