Կատարվում է քննություն՝ պարզելու դատական ակտերի հարկադիր կատարողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու վերաբերյալ տվյալները
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի Մասիսի բաժանմունքում հարուցված կատարողական վարույթով պահանջատեր Սամվել Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 2016 թվականի մարտի 10-ին հիշյալ բաժանմունքում հարուցված կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողն ու վերադասները առաջարկել են ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցել գումար՝ բնակարանից վտարումն իրականացնելու համար: Ինքը հրաժարվել է առաջարկից և հետագայում պարզել, որ նույն հարկադիր կատարողը, օրենքով սահմանված կարգով, չի կատարել բնակարանից վտարելու վերաբերյալ դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջները, իսկ վերջինիս վերադաս պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իր իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ և 315-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: