Երևան. պատանդներն ազատ են արձակված, կոնֆլիկտը շարունակվում է. BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը
Գրեթե մեկ շաբաթ է անցել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավումից, խումբը երեկ ազատել է հուլիսի 17-ից իր մոտ գտնվող չորս պատանդներին:
Խմբի անդամները, սակայն, հայտարարում են, որ չեն պատրաստվում զենքերը վայր դնել, և նրանց պահանջները մնում են ուժի մեջ, անդրադառնալով երևանյան իրադարձություններին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շաբաթ օրը լրագրողներն առաջին անգամ կարողացան հայտնվել ՊՊԾ գնդի տարածքում, ինչը զինված խմբի պահանջն էր: Խմբի անդամները պահանջում են ազատել ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիր Ժիրայր Սէֆիլյանին, ինչպես նաև երկրի նախագահի հրաժարականը:
Նկարագրելով նախորդ օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ նշվում է, որ վիճակը լարվածության գագաթնակետին է հասել հուլիսի 20-ին, երբ ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ:
Հոդվածագիր Նինա Ահմետելիի խոսքով՝ երբ շաբաթ օրը լրագրողներին հաջողվեց հայտնվել գնդի «չեզոք գոտու» տարածքում, իրենց դիմավորեց մորուքավոր մի տղամարդ՝ զինվորական համազգեստով, որը «հայերենով բարձրաձայն վրդովված խոսում էր»:
«Ինչպես ավելի ուշ ինձ հայտնեցին, նա Ղարաբաղյան հակամարտության մասնակից Արայիկ Խանդոյանն էր՝ «Միայնակ գայլը»: Գնդի տարածքում գտնվողների թվում նա միակը չէ, ով կռվել է Լեռնային Ղարաբաղում: Սակայն այստեղ զենքով և եռագույն թևկապներով, զենքը ձեռքին կանգնած էին նաև երիտասարդներ, որոնք տարիքի բերումով չեն հասցրել կռվել»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, թե երիտասարդները ավելի շատ լռում էին, սակայն ոմանք հաճույքով կեցվածք էին ընդունում լուսանկարվելու համար:
«Շուտով լրագրողներին թույլ տվեցին կարճ ժամանակով գտնվել գնդի տարածքում: Այնտեղ կանգնած էին մի քանի ավտոմեքենաներ և դրված էր շենքից դուրս բերված կահույքը: Աղբամանում ընկած էր ոստիկանական համազզգեստ: Ասֆալտի վրա ընկած էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոտրված դիմանկարը, ում հրաժարականին է փորձում հասնել «Սասնա ծռեր» խումբը»,- տեսածը նկարագրել է լրագրողը:
«Մեր հետագա պլանները մեր ռազմավարության շրջանակում են, այսինքն՝ աստիճանաբար մեր քայլերով, մեր գործողություններով հասնել մեր վերջնական նպատակին՝ ռեժիմի հեռացմանը և ժողովրդական վստահության կառավարության ստեղծմանը՝ Հայաստանում համակարգային փոփոխությունների հասնելու նպատակով»,- BBC-ի հետ զրույցում ասել է զինված խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը:
Նշվում է, որ ռուսական ծառայությունը չի կարողացել հայ իրավապահներից մեկնաբանություն ստանալ նրանց հետագա պլանների մասին: