![](/banners/BeFunky-design.jpg)
Միջազգային մամուլի արձագանքը երևանյան իրադարձություններին
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/11_640x479.jpg)
Երևանում կատարվող իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, որը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման առաջին օրվանից շարունակում է ընթերցողներին տեղեկացնել Երևանում ծավալվող դեպքերի մասին:
Իրենց ակտիվությամբ դարձյալ աչքի են ընկնում ռուսական լրատվամիջոցները, որոնք օպերատիվորեն իրադարձային լուրեր են հրապարակում՝ օգտվելով հայկական մամուլի հրապարակումներից:
Բացի այդ՝ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներում սկսել են ծավալուն՝ բավականին միակողմանի հոդվածներ հրապարակվել, որոնք դժվար է վերլուծություններ անվանել այն առումով, որ դրանք ներկայացնում են երևանյան իրադարձությունների խեղաթյուրված պատկերը՝ իրենց ցանկալի լույսի ներքո:
Այդ առումով բավական հավասարակշռված դիրքորոշում են ցուցաբերում արևմտյան լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են երևանյան իրադարձությունների ժամանակագրությունը՝ առանց չարախնդության, ինչը զգացվում է ռուսական որոշ ԶԼՄ-ներում:
Բավական է նայել միայն ռուսական հեղինակավոր RIA Novosti գործակալության և Gazeta.ru-ում հրապարակված հոդվածների վերնագրերը և ամեն ինչ պարզ կդառնա: Այսպես, RIA Novosti-ում հոդվածագիր Վլադիմիր Լեպեխինը հոդված է հրապարակել «Ինչպե՞ս են Հայաստանին հրում ՆԱՏՕ-ի վիշապի երախը» վերնագրով, որտեղ վերջինս կարծիք է հայտնում, թե «հայկական ապստամբությունը» Արևմուտքի փոխհատուցումն է, որի հատուկ ծառայությունները կանգնած են Թուրքիայում հեղաշրջման փորձի և հայկական իրադարձությունների հետևում: Հենց այդ պատճառով են, ըստ հոդվածագրի, արևմտյան քաղաքական գործիչները «չնկատելու տալիս Երևանի ահաբեկիչների գործողությունները՝ սպասելով իրենց համար շահավետ հանգուցալուծման»:
Դավադրությունների սիրահար հոդվածագրի կարծիքով՝ հայ հասարակությունը դեռ պատրաստ չէ հակազդելու եվրաամերիկյան սադրանքներին, որոնց հետ համագործակցում են նաև հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Gazeta.ru-ն, իր հերթին, «Հայաստանի նախագահն ու կառավարությունը գողանում են ժողովրդից» վերնագրով ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել երևանյան այսօրվա իրադարձություններին:
Միջազգային լրատվամիջոցներից երևանյան իրադարձություններին ուշադիր հետևում է BBC-ն, որը մասնավորապես անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե զինված խմբի անդամները պետք է վայր դնեն իրենց զենքը:
Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է նաև բրիտանական The Telegraph-ը, որը երևանյան դեպքերը բնութագրում է որպես «ճգնաժամային»: Պարբերականը մասնավորապես անդրադարձել է նախօրեին ոստիկանների և ցուցարարների միջև բախումներին, որի ժամանակ, ըստ ՀՀ ՆԳՆ-ի տվյալների, վնասվածք է ստացել 51 մարդ, որից 28-ը՝ ոստիկան:
Պարբերականը ուշադրություն է դարձնում այն փաստին, որ բախումները ոստիկանների հետ սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Նշվում է, որ ցուցարարները շարունակում են պահանջել ՀՀ նախագահի հրաժարականը, պահանջում են նաև ազատ արձակել ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին:
Գերմանական Deutsche Welle-ն նույնպես անդրադարձել է երևանյան դրամատիկ իրադարձություններին: Նշվում է, որ հարյուրավոր ցուցարարներ իրենց աջակցությունն են հայտնում զինված խմբի անդամներին: Պարբերականը դարձյալ անդրադարձել է ոստիկանների և ցուցարարների միջև բախումներին՝ նշելով, որ վնասվածքներ են ստացել բազմաթիվ ցուցարարներ և ոստիկաններ:
BBC-ի ռուսական ծառայությունը, իր հերթին, անդրադառնում է այսօրվա իրադարձություններին՝ նշելով, որ զինված խմբի անդամները հրաժարվել են վայր դնել իրենց զենքերը: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականն ու նոր ընտրությունների անցկացում:
Ռուսական TASS գործակալությունը հաղորդում է, որ զինված խմբի անդամները ազատել են իրենց մոտ գտնվող բոլոր պատանդներին: Գործակալությունը հայտնում է նաև ՊՊԾ-ի տարածքի չեզոք գոտում ստեղծվելիք շուրջօրյա մամուլի կենտրոնի մասին:
Interfax-ն, իր հերթին, հայտնում է, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ոստիկանների կողմից ծառայողական պարտականությունները կատարելիս պաշտոնական լիազորությունների չարաշահման մասին:
Նշվում է, որ որոշ ոստիկաններ Երևանի տարբեր վայրերից ոստիկանական բաժանմունքներ բերած ցուցարարների նկատմամբ բռնություններ են կիրառել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: