«Պահանջում եմ իշխանություններից՝ ոչ մի դեպքում գրոհի չդիմել». Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօրվա քննարկմանն ասաց, որ անընդունելի է համարում զենքով ներքին հարցեր լուծելն ու ընդգծեց՝ իր համար անսպասելի էր այն, որ խմբի անդամները նման քայլի դիմեցին.
«Մի քանի ամիս առաջ, երբ սկսվեց քաղաքացիական անհնազանդության իրենց շարժումը, Վարուժան Ավետիսյանն ասում էր, որ իրենք երբեք չեն դիմելու ուժային գործողությունների, որ իրենց զենքը միայն քաղաքացիական անհնազանդությունն է, ու այլ՝ ուժային դաշտ չեն մտնելու: Տեղի ունեցավ ողբերգություն, երբ զոհվեց ոստիկանության սպան:
Հիմա իրավիճակն այնպիսին է, որ չպետք է թույլ տալ նոր արյունահեղություն: Համբերություն է պետք, ու ես հորդորում, պահանջում եմ իշխանություններից՝ ոչ մի դեպքում գրոհի չդիմել: Ամենաերկարատև բանակցությունները թող գնան, որ հանգուցալուծումը խաղաղ լինի. ինչ-որ երաշխիքներ տալ նրանց՝ արդար դատավարության, ամեն ինչ անել, միայն թե նոր արյունահեղություն չլինի: Ես մեծագույն ցավ եմ ապրում ու այսպիսի շոկային վիճակի մեջ վաղուց չեմ եղել»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նշեց, որ չի ցանկանում տարանջատել զինված խմբավորման ներկայացուցիչներին ու ոստիկաններին, որովհետև երկուսն էլ, ըստ նրա, զոհեր են. «Զոհ` այն իրավիճակի, որ իշխանությունը ձևավորել է իր ոչ պատասխանատու քաղաքականության հետևանքով: Այն անպատժելիության մթնոլորտը, որ տիրում է ՀՀ-ում, ցավոք սրտի, հանգեցրել է այդպիսի իրավիճակի»:
Նա ընդգծեց՝ ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ, և ըստ նրա՝ միանշանակ է, որ պետք է հիմնական դասը լինի այն, որ բռնի մեթոդների կիրառումը լուծման մեթոդ լինել չի կարող. «Կարծում եմ՝ ինչքան էլ պահանջվի, պետք է գնալ երկխոսության, որպեսզի զերծ մնանք հնարավոր մարդկային զոհերից: Այս իրավիճակից դուրս գալու ձևը որոշակի ազդեցություն կունենա հետագա գործընթացների համար: Ամբողջ գիշեր ուժային մեթոդ չի կիրառվել, պատանդներից մեկը ազատ է արձակվել, այդ մոտեցումը պետք է պահպանվի և մենք պետք է ոչ թե հրահրենք՝ դատապարտելով կամ մեղավորներ փնտրելով, այլ պետք է աջակցենք»: