«Զարմանալի էր, որ զինվորականներին այս անգամ չհաջողվեց տապալել Էրդողանի կառավարությանը». քաղաքագետը՝ Թուրքիայի իրադարձությունների մասին
Թուրքիայի գործող վարչակարգի և բանակի միջև հարաբերությունները բավականին երկար ժամանակ սրված էին, և ընդհանուր առմամբ սպասելի էր, որ բանակայինները մի օր գլուխ կբարձրացնեն և կփորձեն տապալել Էրդողանի իշխանությունը: 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ Թուրքիայում զինվորականների կողմից պետական հեղաշրջում իրականացնելու փորձին և դրա տապալմանը: Նա նկատեց, որ սա Թուրքիայի նորագույն պատմության մեջ առաջին պետական հեղաշրջման փորձը չէր:
Ըստ քաղաքագետի, հեղաշրջման փորձեր եղել են 1970, 60, 80 թվականներին, որոնք ավարտվել են հաջողությամբ: Նրա համար շատ զարմանալի էր, որ զինվորականներին այս անգամ չհաջողվեց տապալել Էրդողանի կառավարությանը: «Թուրքիայի գործող վարչակարգի և բանակի միջև հարաբերությունները բավականին երկար ժամանակ սրված էին, և, ընդհանուր առմամբ, սպասելի էր, որ բանակայինները մի օր գլուխ կբարձրացնեն և կփորձեն տապալել Էրդողանի իշխանությունը:
Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում երեկ երեկոյան և շարունակվում է մինչև հիմա, սպասելի էր, բայց անսպասելի էր, որ այս պետական հեղաշրջման փորձը, որը ղեկավարում էին զինվորականները, ավարտվեց անհաջողությամբ»,- նշեց մեր զրուցակիցը: Խոսելով այդ անհաջողության պատճառների մասին ՝ Գ. Համբարյանը նշեց, որ գրեթե բոլոր հեղաշրջումները, որոնք Թուրքիայում իրականացվել են, ղեկավարվել են բանակի գլխավոր շտաբների պետերի կողմից, որոնք հետագայում վերցրել են իշխանությունն իրենց ձեռքը, իսկ այս անգամ այդպես չեղավ. «Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին գերեվարվել էր, և ապստամբությունը ղեկավարում էին ոչ թե գեներալները, այլ գնդապետները, արդեն թուրքական ԶԼՄ-ներում այս հեղաշրջման փորձն անվանվեց «գնդապետների ապստամբություն», այսինքն՝ բանակում ավելի բարձր դիրք զբաղեցնող գեներալների մեծ մասը հավատարիմ մնաց Ռեջեփ Թայիբ Էրդողանի վարչակարգին»:
Անդրադառնալով հարցին, թե այս պետական հեղաշրջման փորձն ինչպես կանդրադառնա Թուրքիայի հասարակության և, առհասարակ, տարածաշրջանի վրա, Համբարյանը նկատեց, որ արդեն «վհուկների որս է սկսվել».
«Վերջին տվյալներով՝ ձերբակալվածների թիվը 2 հազար է, զոհերի թիվն 90 էր, վիրավորների թիվն արդեն հասնում է 2 հազարի: Էրդողանն արդեն իր առաջին ելույթում հայտարարել է, որ այն բոլոր զինվորականները, ովքեր մասնակցել են այս պետական հեղաշրջման փորձին, պարտադիր շատ խիստ կպատժվեն: Չէի ասի, թե այս զարգացումները շատ մեծ ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա, ընդհակառակը, երևի Ռեջեփ Թայիբ Էրդողանը հիմա ավելի շատ կզբաղվի ներքին խնդիրներով»: Գ. Համբարյանը կարծում է՝ Թուրքիայի նախագահն առաջիկայում ավելի շատ կզբաղվի ներքին խնդիրներով՝ վերացնելով բանակում իր դեմ գործող ընդդիմադիր խոշոր խմբավորմանը, ինչպես նաև կզբաղվի սեփական կուսակցության դիրքերի ամրապնդման հարցով՝ փորձելով քաղաքականությունից դուրս մղել քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Քաղաքագետը նաև նշեց, որ չի կարող բացառել արտաքին ուժերի միջամտությունը, բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը:
«Շատ մեծ քանակությամբ ուժեր կան, որ շահագրգռված են Էրդողանի թուլացմամբ: Այնպես որ, ոչ մի բան պետք չէ բացառել: Ես ավելի շատ մտածում եմ՝ արևմտյան ուժերը կարող էին շահագրգռված լինել, որովհետև վերջին շրջանում շատ ակտիվ էր խոսվում, որ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ դժգոհ է Էրդողանի վարչակարգի թե արտաքին, թե ներքին քաղաքականությունից, ու ասվում էր, որ նրանք պատրաստվում են գահընկեց անել Ռեջեփ Թայիբ Էրդողանին»:
Ինչ վերաբերում է ռուսական կողմի հնարավոր ազդեցությանը, Գ. Համաբարյանը չի կարծում, որ Ռուսաստանն այդքան հնարավորություն ունենար՝ ազդելու թուրքական զինվորականության վրա: