Եվրասիական տնտեսական միության ապաինտեգրման դրսևորումները

ԵՏՄ գոյության ավելի քան երկու տարիների ընթացքում ոչ միայն չեն արդարացել այդ կառույցի գործունեությունից ակնկալվող այսպես կոչված «սիներգիկ էֆեկտները» անդամ երկրների համար, այլև Մոսկվայի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության պատճառով նրանք կանգնել են մեկուսացման և ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Էապես կրճատվել են այդ երկրների տնտեսությունների արտաքին հատվածի ցուցանիշները, նվազել են եկամուտները, բարձրացել է աղքատության մակարդակը և անկում է ապրել նրանց ներդրումային գրավչությունը:

ԵՏՄ նախաձեռնողները սիրում էին այն համեմատել ԵՄ ինտեգրման փորձի և մոդելի հետ: Բայց ԵՏՄ-ին սպասվում է այլ՝ արդեն մոռացված ինտեգրացիոն միավորումների ճակատագիրը, որոնք նույնպես փորձում էին կրկնել ԵՄ փորձը, օրինակ, «Ազգերի անդյան հանրությունը», էկզոտիկ «Արևմտա-Աֆրիկյան տնտեսական և արժութային միությունը» կամ «Արևելա-Աֆրիկյան հանրությունը»[1]:

ԵՏՄ-Ի ԱՌևՏՐԱՅԻՆ ԳԱՀԱՎԻԺՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ

2015-2016թթ. կտրուկ նվազել է ԵՏՄ երկրների ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը: ԵՏՄ երկրների արտաքին առևտրի ծավալը երրորդ երկրների հետ 2015թ. կազմել է 579,5 մլրդ դոլար, այդ թվում` արտահանումը՝ 374,1 մլրդ դոլար, ներմուծումը՝ 205,4 մլրդ դոլար: 2014թ. համեմատ արտաքին առևտրի ծավալը կրճատվել է 33,6%-ով, կամ 293,6 մլրդ դոլարով: Ապրանքների արտահանման ծավալը նվազել է 32,7%-ով կամ 181,5 մլրդ դոլարով, ներմուծման ծավալը նվազել է 35,3%-ով կամ 112,1 մլրդ դոլարով: Փոխադարձ առևտրի ծավալը 2015թ. կազմել է 45,4 մլրդ դոլար կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 74,2%-ը (անկումը 25.8%) կամ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 7,8%-ը: Արտաքին առևտրի և փոխադարձ առևտրի ծավալների անկման միտումները շարունակվել են նաև 2016թ. հունվար-ապրիլ ամիսներին: Նշված ժամանակահատվածում երրորդ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 146,5 մլրդ դոլար (անկումը 25,6%՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ), իսկ փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 11,9 մլրդ դոլար (անկումը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ 18,4%)[2]: Այսինքն, 2015թ. էապես կրճատվել է ԵՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառությունը, իսկ ներտարածաշրջանային առևտրի կշիռը մնում է շատ փոքր: Առևտրային իմաստով այդ երկրները շարունակում են մնալ ավելի շատ ինտեգրված արտաքին աշխարհին, քան միմյանց:

Ինչպե՞ս է բացատրվում վերոնշյալ վիճակը: Եվրասիական հանձնաժողովը ստեղծված վիճակը բացատրում է միջազգային հումքային շուկաներում ստեղծված անբարենպաստ իրավիճակով: Ըստ Ռուսաստանի վարչապետ Դ. Մեդվեդևի՝ գործընկեր երկրների հետ առևտրի ծավալների անկումը Ռուսաստանի համար ներկա ոչ պարզ իրավիճակում ավելի խորը կլիներ, եթե ստեղծված չլիներ ԵՏՄ-ը[3]: Իհարկե, միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների նվազումը բացասաբար է արտացոլվել տնտեսության արտաքին հատվածի ցուցանիշների վրա. շարունակվում են տատանումներն արժութային շուկաներում, և պահպանվում են ազգային արժույթների փոխարժեքների շեղումները փոխարժեքներից: Սակայն այսպիսի բացատրությունը շատ միակողմանի է:

2015թ. և 2016թ. հունվար-ապրիլին ԵՏՄ երկրների արտաքին առևտրի կտրուկ կրճատումը ոչ միայն ստեղծված նոր իրողությունների, այլև նախկինում սկսված միտումների հետևանք է: Մաքսային միության (ՄՄ) եռյակի միջև առևտրաշրջանառության ընդհանուր անկումը դրսևորվել է դեռ մինչև հումքային շուկաներում գների նվազումը: Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառության ծավալը 2013թ., երբ դեռ նավթի գները չէին նվազել և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չէին կիրառվում, կրճատվել է 8,6%-ով[4]: Նշված միտումը շարունակվել է նաև հետագա տարիներին: Եթե ՄՄ շրջանակներում Բելառուսի արտահանումը մինչև 2013թ. աճում էր, ապա Ղազախստանինը սկսած 2011թ-ից նվազել է: Ռուսաստանի արտահանումը Միության շրջանակներում սկսել է նվազել 2012թ-ից: Վերջինիս շրջանակներում առևտրաշրջանառության ծավալն իր բարձրակետին է հասել 2012թ.՝ կազմելով 67,9 մլրդ դոլար: 2013թ. առևտրաշրջանառության ծավալը նվազել է մինչև 64,5 մլրդ դոլար կամ 4,9%-ով: 2014թ. եռյակի միջև առևտրաշրջանառությունը կազմել է արդեն 57,4 մլրդ դոլար (անկումը 11%)[5]:

Մինսկի Ազատական ակումբի փորձագետ Անտոն Բոլտոչկոն կարծում է, որ ԵՏՄ-ն աճել է ոչ թե տնտեսությունների միավորման, այլ հիմնարար տնտեսական գործոնների հաշվին. «ԵՏՄ երկրների ՀՆԱ-ն 2010-2012թթ. աճել է արագ տեմպերով, ինչը և բացատրում է 2012թ. առևտրի աճը և դրա աստիճանաբար անկումը մինչև 2015թ.»[6]:

ԵՏՄ երկրների տնտեսությունների հումքային կողմնորոշմամբ կառուցվածքը դրանց տնտեսական համակարգերը զրկում է փոխկախվածության և փոխլրացման գործառույթներից: Այլ կերպ ասած` ինտեգրումը տնտեսության այդպիսի կառուցվածք ունեցող երկրների համար դառնում է անիմաստ: ԽՍՀՄ փլուզումից հետո արտաքին առևտրաշրջանառության ծավալներն այդ երկրների միջև դրսևորել են իջեցման ընդհանուր միտում, այսինքն` տեղի է ունեցել առևտրային ապաինտեգրում: Փոխարենն ավելացել են արտաքին դերակատարների հետ (ԵՄ, Չինաստան, ԱՄՆ և այլ երկրներ) առևտրի ծավալները, ինչը, ըստ էության, «տրոհում է» ինտեգրման տարածքը: Փոխադարձ առևտրի կրճատմանը նպաստել է այդ երկրների ապրանքների մրցունակության նվազումը երրորդ երկրների ապրանքների համեմատ: Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների՝ 2015թ. ԵՏՄ փոխադարձ առևտրում 33,4% կազմել է հանքանյութը, 16,4%-ը` մեքենաները, սարքավորումները և տրանսպորտային միջոցները, 15,2%-ը ` պարենամթերքը և գյուղատնտեսական հումքը, 10,6%-ը` մետաղները և դրանցից պատրաստվածքները, 10,5%-ը` քիմիական արդյունաբերության արտադրանքը, 13,9%-ը` այլ ապրանքները[7]: Իսկ այդ ապրանքների ինտեգրման էֆեկտը փոքր է:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ԵՏՄ երկրների տնտեսությունների կառուցվածքային թերզարգացվածությունը փաստացի անհնար է դարձնում առևտրային ինտեգրումը: Իսկ նախկինում ԵՏՄ երկրների միջև առևտրի ծավալների աճը կարելի է բացատրել նրանց ՀՆԱ-ների աճով, ոչ թե այլ գործոններով: Եթե աճում են այդ երկրների եկամուտները, ապա աճում է նաև փոխադարձ առևտուրը, և ընդհակառակը:

ԵՏՄՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՓԱԿՈՒՂՈՒՄ

Անցած երկու տարիները ցույց տվեցին, որ ԵՏՄ անդամներն ավելի հաճախ են սկսել չկատարել կառույցի առջև ստանձնած իրենց պարտավորությունները: 2015թ. նշանավորվեց փոխադարձ առևտրում սահմանափակումների կտրուկ աճով: Այսպես, Բելառուսը միակողմանի կարգով 2015թ. մինչև 2016թ. հունվարի 1-ը երկարացրեց ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը չկիրառելու հնարավորությունն իր թեթև արդյունաբերության արտադրողների և վաճառողների համար: Փաստացի ԵՏՄ անդամները չմիացան Ռուսաստանին և պահպանեցին ազատ առևտրի գոտին Ուկրաինայի հետ, որը 2016թ. հունվարի 1-ից միացել է ԵՄ ազատ առևտրի գոտուն: Դեռ ավելի վաղ՝ 2014թ., Ռուսաստանը միակողմանի հակապատժամիջոցներ հայտարարեց Արևմուտքին՝ չհամաձայնեցնելով այն ՄՄ իր գործընկերների հետ: Հատկանշական է, որ 2015թ. վերջին Ղազախստանի կառավարությունն օրենքով պետական գնումների անժամկետ սահմանափակումներ մտցրեց երկակի նշանակության ապրանքների ոչ ղազախ մատակարարների համար: Այս քայլը խախտում է ԵՏՄ ստեղծման պայմանագիրը, որի համաձայն անդամ երկրներում այդպիսի սահմանափակումներ կարող են կիրառվել միայն երկու տարի ժամկետով և այլն էլ՝ բացառիկ դեպքերում: Ղազախստանն օրենքի մակարդակում փաստացի արգելափակում է պետական գնումների բաց շուկայի ստեղծումը ԵՏՄ-ում:

Հարթ չեն նաև հարաբերություններն այլ ոլորտներում: Ռուսաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունները չեն կարողանում հասնել փոխզիջումների տրանսսիբիրյան երթուղիների թռիչքների և ղազախական օդային երթուղիներում Ռուսաստանի երկրորդ փոխադրողի նշանակման հարցերում: Դրանք պոտենցիալ հակամարտությունների և ապաինտեգրման միտումների աղբյուր են ԵՏՄ-ում:

Արդեն փաստ է, որ անհաջողությամբ են ավարտվել ԱՀԿ-ի հետ ԵՏՄ անդամ երկրների բանակցությունների փոխադարձ կոորդինացումն ապահովելու փորձերը: 2009թ. ստեղծված ՄՄ-ը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին արգելեց անդամակցության նպատակով ինքնուրույն բանակցային գործընթաց սկսել ԱՀԿ-ի հետ: Շուտով, սակայն, Ռուսաստանն այդ ձևաչափից հրաժարվեց, որից հետո Ղազախստանը նույնպես սկսեց առանձին բանակցել ԱՀԿ-ի հետ: 2012թ. Ռուսաստանը դարձավ ԱՀԿ անդամ: Ղազախստանն ԱՀԿ-ին անդամակցեց արդեն ԵՏՄ կազմում, 2015թ. վերջին՝ հաշվի չառնելով Միության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և գործող մաքսային սահմանափակումները: Ղրղզստանը և Հայաստանն ԱՀԿ անդամներ էին դարձել շատ ավելի վաղ՝ համապատասխանաբար 1998թ. և 2003թ.:

2015թ. դեկտեմբերից 3512 ապրանքների (ընդհանուր 11.000 տեսակի ապրանքներից) համար Ղազախստանի տարածքում կիրառվում են մաքսատուրքեր, որոնք ավելի ցածր են, քան ԵՏՄ-ում գործող մաքսատուրքերը: Ղազախստանի միջին կշռված դրույքաչափը նվազեց ԵՏՄ 10,4%-ից մինչև 6,5%[8]՝ փաստացի վերադառնալով մինչև ՄՄ-ին միանալուն նախորդող ժամանակաշրջանի մակարդակին (6,2%): Ընդ որում, գյուղատնտեսական արտադրանքի գծով միջին մաքսադրույքը Ղազախստանի համար կկազմի 10,2%, արդյունաբերական ապրանքների համար՝ 5,6%, այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության այլ երկրների համար համապատասխանաբար 17% և 8,7% է:

Ղազախստանն ընդամենը պարտավորվել է թույլ չտալ ավելի ցածր ներմուծման մաքսադրույքներով արտադրանքի վերաարտահանումը ԵՏՄ այլ երկրներ: Այդ նպատակով պլանավորվում է ստեղծել հաշվառման հատուկ համակարգ՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի հիման վրա, որի տվյալներով ԵՏՄ երկրների լիազորված մարմինները կփոխանակվեն իրական ժամանակի ռեժիմում: ԵՏՄ տարածքում այդ ապրանքների տեղաշարժի համար կպահանջվի ապրանքներն ուղեկցող հատուկ փաստաթուղթ: Մաքսային վերահսկող մարմինները կարող են հետևել բացառությունների ցանկի մեջ մտած ապրանքներին, իսկ մաքսավորները կկիրառեն վերահսկման միջոցներ: Փաստացի, Ղազախստանը ԵՏՄ-ում ստացել է հատուկ մաքսային կարգավիճակ: Բացի այդ Ղազախստանը ծառայությունների ներքին շուկայում պարտավորվել է ազատականացնել աշխատանքի պայմանները: Արդյունքում ԱՀԿ-ին անդամակցելուց 2,5 տարի հետո օտարերկրյա ընկերությունները կարող են ամբողջությամբ ձեռք բերել միջքաղաքային և միջազգային կապի օպերատորներ, իսկ օտարերկրյա բանկերը 5 տարի հետո երկրում իրենց մասնաճյուղերն ուղղակի բացելու իրավունք կունենան[9]:

Հատկանշական է, որ Ղազախստանի անդամակցումն ԱՀԿ-ին իրականացվեց ներքին շուկայի պաշտպանության ցածր մակարդակի ամրագրմամբ, քան այն, ինչը համաձայնեցված էր Ռուսաստանի անդամակցության ժամանակ: Ռուսաստանը կարողացել է մի շարք ապրանքների համար շահավետ պայմաններ ապահովել ԱՀԿ-ին անդամակցելիս, օրինակ, մեքենաշինության և գյուղատնտեսության համար: ԵՏՄ-ում որպես հիմք ընդունվել են հենց այդ մաքսադրույքները:

Այնուամենայնիվ, Մոսկվան նույնպես զգալիորեն նվազեցրել է գործող մաքսադրույքները: Միայն 2015թ. սեպտեմբերի 1-ից դրանք իջեցվել են 4061 անվանում արտադրանքի համար: Դա նշանակում է, որ հեռանկարում ԵՏՄ արտաքին առևտրի ռեժիմն ավելի կազատականացվի, ինչը չի բխում ԱՀԿ անդամ չհանդիսացող ԵՏՄ միակ երկրի՝ Բելառուսի արտադրողների շահերից:

Մաքսադրույքների ընդհանուր նվազման խորապատկերին Բելառուսի շուկայի մաքսային պաշտպանությունը նվազել է: Բելառուսական արտադրանքի ավելի քան 50%-ը վաճառվում է ռուսական և ուկրաինական շուկաներում: Եթե Ռուսաստանը կատարի ԱՀԿ առջև ստանձնած իր բոլոր մաքսային պարտավորությունները, ապա, ըստ արտաքին առևտրի և ԱՀԿ գծով մասնագետ Դեվիդ Տարի, բելառուսական տնտեսության որոշակի սեկտորներ կդառնան խիստ խոցելի: Օրինակ, տրանսպորտային սարքավորումների արտադրության ծավալը կնվազի 11%-ով, կաշվինը և կոշկեղենինը՝ 7,8%-ով, ցելյուլոզի թղթինը՝ 5,5%-ով[10]: Բելառուսին այլ ելք չի մնում, քան անդամագրվել ԱՀԿ-ին: Այդ ուղղությամբ բանակցություններն արդեն սկսված են:

Ռուսաստանը նույնպես շրջանցում է վերազգային մակարդակում ընդունված որոշումները: Տնտեսական հարթության վրա Ռուսաստանը ներմուծմանը փոխարինող մի շարք ծրագրեր է սկսել իրականացնել՝ հաշվի չառնելով ԵՏՄ մյուս անդամների պահանջմունքները և շահերը: Բազմաթիվ փորձագետներ արդեն նկատում են, որ Մոսկվան իրական տնտեսական ինտեգրմանը քիչ ուշադրություն է դարձնում՝ ավելի հաճախ հանդես գալով ԵՏՄ-ն Արևմուտքի նկատմամբ հակադրության բևեռ ձևավորելուն ուղղված նախաձեռնություններով: Օրինակ, բելառուս փորձագետները նշում են, որ 2015թ. Ռուսաստանը Բելառուսին փորձել է ներքաշել “նոր սառը պատերազմի” մեջ՝ պահանջելով երկրի տարածքում նոր ռուսական բազայի տեղաբաշխում: Մոսկվան մեծացնում է ռազմաքաղաքական ճնշումը նաև Հայաստանի վրա: Վերջինիս պարտադրվել է միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր, ղարաբաղյան նոր էսկալացիայի համար քայլեր են արվում: Ղազախստանում, որի հյուսիսային շրջաններում ռուսախոս բնակչությունը գերակշռում է, նույնպես քաղաքական ռիսկերը մեծացել են: 2015թ. օգոստոսին ձերբակալվեց և հոգեբուժարան ուղարկվեց պրոռուսական լրագրող Երմեկ Թեյչիբեկովը, ով կոչ էր անում Ղազախստանը մտցնել Ռուսաստանի կազմ:

Ռուսաստանի միակողմանի քաղաքականությունը վախեցնում է մնացածներին, որոնք սկսում են առավել հակվել ազգային շահերի պաշտպանությունը, փորձել դիվերսիֆիկացնել իրենց տնտեսական և քաղաքական կապերն Արևմուտքի և Չինաստանի, ինչպես նաև՝ տարածաշրջանային խաղացողներ Իրանի և Թուրքիայի հետ: Արևմուտքից՝ ԵՄ-ի, հարավից՝ Իրանի և արևելքից՝ Չինաստանի ճնշումները հանգեցնում են Մոսկվայի ազդեցության կորստին հետխորհրդային տարածքում:

ԵՄ-ը Ղազախստանի առաջատար առևտրային և ներդրումային գործընկերն է: Վերջին տասը տարիներին ԵՄ-ի և Ղազախստանի փոխադարձ առևտուրն ավելացել է 13 անգամ, իսկ ղազախական տնտեսությունում եվրոպական ներդրումների ծավալը՝ 10 անգամ[11]: Արդեն կայացած փաստ է, որ կոմունիկացիաների առումով Ղազախստանում Չինաստանը դուրս է մղել Ռուսաստանին՝ միլիարդավոր դոլարներ ներդնելով ղազախական ենթակառուցվածքներում: Բելառուսն անգամ փորձում է հարաբերություններ զարգացնել Չինաստանի հետ. համատեղ նախագծի օրինակ է “Մեծ Քար” չինական-բելառուսական ինդուստրիալ կենտրոնը, որը պետք է նպաստի միլիարդավոր դոլարների ներդրմանն արդյունաբերության բարձր տեխնոլոգիական սեկտորներում և ծառայության ոլորտում՝ առաջատար չինական և այլ օտարերկրյա կորպորացիաների մասնակցությամբ:

Բելառուսը դիտարկում է ոչ միայն անդամակցումն ԱՀԿ-ին, այլև ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի կնքումը՝ վերջինիս և Ղազախստանի միջև ընդլայնված գործընկերության համաձայնագրի (որն ընդգրկում է փոխգործակցության 29 ոլորտներ) կամ Հայաստանի հետ նախատեսվող նեղացված ասոցացման համաձայնագրի օրինակով:

Ղազախստանը և Հայաստանն առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր են կնքել ԱՄՆ-ի հետ: Բելառուսը նույնպես ձգտում է այդպիսի համաձայնագիր կնքել: Հատկանշական է, որ Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների մի մասն արդեն հանվել է:

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ

Ըստ եվրասիական պաշտոնատար անձանց հայտարարությունների՝ ընդհանուր առմամբ ավելի քան 40 երկրներ և կազմակերպություններ հետաքրքրված են ԵՏՄ-ով: Վիետնամի հետ կնքվել է ազատ առևտրի գոտու պայմանագիր: Հուշագրեր են ստորագրվել Չիլիի, Մոնղոլիայի, Պերուի հետ: Բանակցություններ կան Հնդկաստանի, Պակիստանի, Մալազիայի, Կորեայի, Մեքսիկայի, Իսրայելի, Եգիպտոսի, Հորդանանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և այլ երկրների հետ՝ ազատ առևտրի գոտում կամ համագործակցության այլ ձևաչափով պայմանագիր կնքելու շուրջ: Նախատեսվում է Չինաստանի հետ կնքել գործընկերության և համագործակցության համաձայնագիր:

Սակայն տրամաբանական հարց է առաջանում. եթե անդամ երկրները չեն կարողանում ապահովել ապրանքների ազատ տեղաշարժ, ապա ինչպե՞ս պետք է այն ապահովվի երրորդ երկրների հետ: Հատկանշական է, որ Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու պայմանագիր կնքելիս պահպանվել են մաքսատուրքերը մի շարք զգայուն ապրանքների համար, օրինակ, գյուղատնտեսական արտադրանքի, քանի որ Վիետնամը շահագրգռված է ներքին շուկայի պաշտպանությամբ:

Ռուսաստանը սառնորեն է նայում Չինաստանի կողմից ՇՀԿ-ի շրջանակներում ազատ առևտրի գոտի ստեղծելու առաջարկությանը: Իր հերթին Չինաստանը նախընտրում է երկկողմանի հարաբերություններ ունենալ ԵՏՄ-ի անդամ երկրների հետ, քան ազատ առևտրի համաձայնագիր կնքել Միության հետ: Չնայած Մոսկվան ու Անկարան փորձում են ջերմացնել միմյանց հետ հարաբերությունները՝ դրանք շատ առումներով մնում են լարված և խնդրահարույց: Թուրքիան անդամակցում է ԵՄ մաքսային միությանը, ինչը բացառում է վերջինիս՝ ԵՏՄ ազատ առևտրի գոտուն միանալը: Այսպիսով, պարզ է, որ Միության ընդլայնման հետ կապված հռետորաբանությամբ փորձ է արվում լուծել ԵՏՄ արտաքին լեգիտիմությունն ամրապնդելու խնդիրը:

ԵՏՄ ընդլայնման խնդիրն անմիջականորեն առնչվում է Հայաստանի շահերին: Վերջինիս համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում հարավային՝ Իրանի և Ադրբեջանի ուղղությամբ ԵՏՄ ընդլայնման հնարավորությունների հարցը: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստարկներից մեկն այն էր, որ Հայաստանը կդառնա առևտրի տարանցիկ գոտի Ռուսաստանի և Իրանի միջև:

«Հայաստանը, մտնելով Եվրասիական տնտեսական միություն, կարող է Իրանի համար դառնալ թանկարժեք ելք ռուսական շուկա»,- 2014թ. հայտարարել է այդ ժամանակ Հայաստանի նախագահի խորհրդական, ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Կարինե Մինասյանը[12]: Սակայն Ռուսաստանը կարծես ցանկություն էլ չունի դառնալ իրանական ապրանքների շուկա, իսկ վերջիններիս ներմուծման դեպքում էլ նախընտրում է Ադրբեջանի տարածքը, քան իրեն քաջ ծանոթ Լարսի ճանապարհը: Ավանդաբար Իրանից Ռուսաստան արտահանվում է թեյ, չոր մրգեր, չամիչ, ընկույզ, տոմատի մածուկ:

Իրանի և ԵՏՄ-ի հարաբերությունների մասին Հայաստանում վերստին հիշեցին, երբ Իրանի վրայից հանվեցին միջազգային պատժամիջոցները: Ըստ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ «Իրանը ԵՏՄ շուկայի կարիքն ունի, նա չի կարող չօգտվել իրացման այդ շուկայից: Եվ այս հարցում Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ: Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել համատեղ հայ-իրանական ձեռնարկություններ, որպեսզի արտադրանքը հասցվի Ռուսաստան[13]:

Կասկած չկա, որ Իրանը կցանկանա մուտք ունենալ բազմաթիվ շուկաներ, այդ թվում՝ ԵՏՄ երկրների շուկաներ: Տեսականորեն այդպիսի հարցադրումը կարծես ճիշտ է: Սակայն կոնկրետ ո՞ր ապրանքային շուկաների և ԵՏՄ ո՞ր երկրների շուկաների կարիքն ունի Իրանը: Ի վերջո, այդ շուկաներն արդյո՞ք չեն պաշտպանվում ԵՏՄ բարձր մաքսադրույքներով, կցանկանա՞ Ռուսաստանը բացել իր շուկաներն Իրանի առջև, և ի՞նչ առնչություն ունի այս ամենին Հայաստանը: Դրանք հարցեր են, որոնց առ այսօր ԵՏՄ պաշտոնյաները չեն պատասխանել և չեն էլ կարող:

Ռուսաստանին առավել պետք է պատժամիջոցների տակ գտնվող Իրանը: Այս դեպքում գուցե Ռուսաստանը հնարավորություն ունենար ենթակա կարգավիճակով օգտագործել Իրանը: Եվրասիական հավակնությունների շրջանակում Մոսկվան դիտարկել է Իրանով՝ Հնդկաստանի, Պակիստանի, Իրաքի ուղղություններով տրանսպորտային միջանցքի և “Հյուսիս-Հարավ” եվրասիական տրանսպորտային տարածության ձևավորման հարցը: Ենթադրվում էր, որ դրա համար ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտին լրացուցիչ նախադրյալներ կստեղծի: Ռուսական մամուլում կարելի էր հանդիպել նաև կարծիքների, որոնց համաձայն Իրանը կարող է դառնալ ԵՏՄ վեցերորդ անդամը:

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը մեծ հաշվով աշխարհաքաղաքական նախագիծ է, որը պետք է ապահովեր ԵՏՄ-ի ճեղքումը հարավային ուղղությամբ: Ռուսաստանն Իրանի դերն ավելի շատ դիտարկում էր այս տեսանկյունից: Սակայն իրավիճակն արմատապես փոխվել է այն բանից հետո, երբ Իրանի վրայից հանվել են արևմտյան պատժամիջոցները, և փոխարենը պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ:

Կասպյան ավազանի ուսումնասիրության բեռլինյան կենտրոնի տնօրեն Բեհրուզ Աբդոլվանդի (Behrooz Abdolvand) կարծիքով՝ Թեհրանը չի միանա Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ դա կարող է ավերիչ հետևանքներ ունենալ Իրանի համար, հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների սպասվող ընդլայնման խորապատկերին: Եվրասիական տնտեսական միությունը ոչ բավարար գրավիչ է մասնակցության համար:

Իրանի տնտեսությունը շատ դինամիկ է և նրան պետք է ավելին, քան մասնակցություն Միությունում”[14]: Այսպիսի պայմաններում Իրանի համար ցանկացած հեշտացված մուտք ԵՏՄ երկրներ Ռուսաստանի կողմից կարող է դիտարկվել որպես մարտահրավեր, որպես իրանական կողմի էքսպանսիա: Հետևաբար, ԵՏՄ երկրներն Իրանին կապող ցանկացած ենթակառուցվածք, այդ թվում նաև՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը, թշնամաբար կընդունվի Մոսկվայի կողմից:

Դեռ անցած տարվա դեկտեմբերից Իրանը ԵՏՄ-ի հետ առավել բարենպաստ առևտրի ռեժիմի մասին բանակցությունների սկզբնական փուլում է գտնվում: 2016թ. մայիսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն Իրանի հետ ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ խորհրդակցություններ սկսելու հանձնարարական է տվել[15]: Սակայն ճշտված չեն այն ապրանքային խմբերը, որոնք կարող են ընդգրկվել ժամանակավոր համաձայնագրում: Փորձագետների խումբը պետք է ուսումնասիրի վիճակը, առաջարկություններ տա ձևաչափի և կողմերի պարտավորությունների շրջանակի վերաբերյալ: Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի՝ Իրանի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտին կարող է ստեղծվել 2017թ. առաջին կեսին, իսկ մշտականը՝ մինչև 2020թ. [16]:

Ինչպիսի՞ արդյունավետություն կարող են ունենալ ԵՏՄ-ի և Իրանի միջև բանակցություններն ազատ առևտրի տեսանկյունից: Արտաքին առևտրի ոլորտում Իրանն իրականացնում է բավականին խիստ հովանավորչական քաղաքականություն՝ սեփական արտադրությունը զարգացնելու նպատակով: Մինչև հիմա բազմաթիվ ապրանքատեսակների գծով մաքսատուրքերն այնքան բարձր են, որ արտասահմանյան ապրանքները ոչ մրցունակ են դառնում տեղականի համեմատ:

Իրանը շահագրգռված է, որ ԵՏՄ մաքսատուրքերը նվազեն կամ հանվեն գյուղատնտեսական ապրանքների, բանջարեղենի և մրգերի համար: Արդյո՞ք Ռուսաստանը կհանի մաքսատուրքերն Իրանից ներմուծման վրա: Վերջինս որոշակի չափով օգտվել է Ռուսաստանի կողմից արևմտյան երկրների, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ պարենային էմբարգոյի սահմանումից: Սակայն դա այնքան զգալի չէ, որպեսզի խոսվի հատուկ հարաբերությունների մասին: Այս ընթացքում Իրանը Ռուսաստան է արտահանել ձուկ և ձկնամթերք: Կարող է արտահանել հավի միս և կաթնամթերք: Սակայն Ռուսաստանը կարողանում է իրեն 100 տոկոսով ապահովել հավի մսով, իսկ ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման շրջանակներում կարող է իրեն ապահովել նաև այլ ապրանքներով, որոնք կկրճատեն պոտենցիալ ներմուծումն Իրանից:

Թեհրանն ակնկալիքներ է ունեցել Մոսկվայից ստանալ 5 մլրդ դոլարի պետական վարկ՝ արդյունաբերական արտահանման զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում՝ էլեկտրակայանների շինարարության և երկաթգծերի էլեկտրաֆիկացման, ինչպես նաև՝ ռուսական ռազմական տեխնիկայի գնման համար: Սակայն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սեղմվող օղակը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների աստիճանաբար վերացումը երկու երկրներին ավելի շատ են հեռացնում միմյանցից:

Պարզ է, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը ԵՏՄ-ի և Իրանի միջև ներկայումս հնարավոր չէ: Խոսք կարող է լինել ընդամենն առևտրի առավել բարենպաստ ռեժիմ սահմանելու, այսինքն` մաքսադրույքների ընտրանքային նվազման մասին: Իրանի կողմից կարող են իջեցվել մաքսադրույքները ցորենի, հատուկ տեսակի պողպատի, մեքենաշինական արտադրանքի և ավտոմոբիլային տեխնիկայի համար:

ԵՏՄ երկրներն իրենց հերթին կցանկանան տարբերակված մաքսադրույքներ ունենալ Իրանի հետ հարաբերություններում: Վերջիններս արդեն փաստացի միմյանցից տարբեր մաքսային քաղաքականություններ են իրականացնում, ինչը համապատասխան միջավայր է ստեղծում Իրանի կողմից այդ երկրների հետ ԵՏՄ-ը շրջանցող երկկողմանի առևտրատնտեսական հարաբերություններ կառուցելու համար: Այս իմաստով Իրանի համար առայժմ ամենահետաքրքիր երկիրը Ղազախստանն է:

Մաքսային միության ստեղծումից հետո Իրանի և ՄՄ եռյակի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է գրեթե երկու անգամ: Դրան նպաստել են ՄՄ-ի կողմից կիրառվող բարձր մաքսատուրքերը: 2011թ. Իրանի ապրանքաշրջանառությունը ԵՏՄ երկրների հետ հասել է 4,9 մլրդ դոլարի: Ընդ որում, բացասական հաշվեկշիռն իրանական կողմի համար կազմել է 4,2 մլրդ դոլար: ԵՏՄ երկրներից արտահանվում է գյուղատնտեսական ապրանքներ`ցորեն, գարի, եգիպտացորեն, բուսական յուղ, մետաղներ, քիմիական արդյունաբերության ապրանքներ, ծխախոտ, անտառանյութ, թուղթ, սինթետիկ մանրաթելեր, ավտոմեքենաներ, ինչպես նաև՝ էլեկտրաէներգիա: Իրանից առավելապես ներմուծվում է բանջարեղեն, մրգեր, ցեմենտ, քիմիական արտադրանք, սպասք և մշակված քար:

2012թ. երկկողմանի առևտրի ծավալը կազմել է 3,1 մլրդ դոլար: ԵՏՄ երկրներից Իրան արտահանվել է 2,6 մլրդ դոլարի արտադրանք, իսկ ներմուծումը կազմել է ընդամենը 492 մլն դոլար: 2013թ. նկատվել է ապրանքաշրջանառության հետագա նվազում: Իրանի հետ ԵՏՄ փոխադարձ առևտուրը կազմել է 2,3 մլրդ դոլար: ԵՏՄ արտահանումն Իրան հասել է 1.8 մլրդ դոլարի, ներմուծումը՝ 525 մլն դոլարի: 2014թ. ապրանքաշրջանառությունը մի քիչ աճել է և կազմել 2,8 մլրդ դոլար: Եռյակի երկրներից Իրան արտահանվել է 2.3 մլրդ դոլարի ապրանք: Իրանից ներմուծված արտադրանքի ծավալը կազմել է 458 մլն դոլար[17]:

Բնական է, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը պետք է փորձի շտկել իրավիճակը: Ընդ որում, ինչպես արդեն նշել ենք, Իրանի համար առավել կարևորվում են ոչ թե պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի, այլ ԵՏՄ մյուս երկրների հետ երկկողմանի հարաբերությունները: Չնայած առայժմ ԵՏՄ անդամներից Իրանի հիմնական գործընկերը Ռուսաստանն է՝ Ղազախստանն աստիճանաբար սկսում է զբաղեցնել առաջատարի դիրքերը: Այսպիսի տեղաշարժը պայմանավորված է մի շարք գործոններով՝ տրանսպորտային-լոգիստիկ, ներդրումային, մենթալիտետային և այլն: 2015թ. արդյունքներով՝ Ղազախստանի հետ Իրանի առևտուրը հասել է 650 մլն դոլարի[18]: Այս տարվա վերջին այն կարող է հասնել մինչև 2 մլրդ դոլարի, իսկ հեռանկարում՝ գերազանցել 5 մլդ դոլարը[19]: Այս տեսանկյունից մեծագույն նշանակություն ունի անցած տարվա վերջին շահագործման հանձնված Իրան-Թուրքմենստան-Ղազախստան նոր երկաթգիծը, որը Ղազախստանին թույլ է տալիս հեշտությամբ հասնել Պարսից ծոց՝ խուսափելով ծովային ճանապարհներից: Այդ երթուղին լուծում է Իրանին հացահատիկային մշակաբույսերով ապահովման հարցը:

Ղազախստանի համար իրանական շուկան այն ապրանքների շուկան է, որոնք չեն արտադրվում Իրանում: Առաջին հերթին դա ցորենն է: Ղազախական ցորենի համար Իրանի շուկան ռազմավարական նշանակություն ունի: Վերջինս խոշոր ներկրող է և մոտ է աշխարհագրորեն: Իր հերթին Իրանը որոնում է կայուն և կանխատեսելի գործընկերներ, որոնք իրենց գործընկերությունը չեն պայմանավորի աշխարհաքաղաքական արգելքներով: Ղազախստանն ավելացնում է ցորենի, գարու, արևածաղկի, վարսակի և կտավատի կորիզների արտահանումը: Ղազախստանից Իրան է արտահանվում նաև ոչ լեգիրացված պողպատից արտադրանք: Այս առումով Ղազախաստանի և Իրանի համար ազատ առևտրի գոտու արդիականությունը և նշանակությունը մեծանում է:

Վերջին շրջանում ԵՏՄ-ի ընդլայնման քաղաքականության դրսևորումներից մեկը դարձավ ադրբեջանական ռազմական ագրեսիան Ղարաբաղում: Ըստ էության, Ղարաբաղը վերածվել է հարավային ուղղությամբ ԵՏՄ-ի ընդլայնման խոչընդոտի: Մոսկվան ամեն կերպ փորձում է վերացնել այդ խոչընդոտը: Ղարաբաղը Մոսկվայի կողմից դիտարկվում է միաժամանակ ինչպես խոչընդոտ, այնպես էլ գործիք՝ Ադրբեջանին Եվրասիական նախագծում ներգրավելու համար:

Ըստ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսեյ Կուզնեցովի՝ «Ոչ մի ինտեգրացիոն կառուցվածք գոյություն չի ունեցել մյուս երկրներից կտրված: Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին դրական կլինի կազմակերպության համար լիարժեք տնտեսական տարածության ձևավորման տեսանկյունից»[20]: Արևմուտքում և Արևելքում մեծ հաշվով ձախողումից հետո ադրբեջանական և իրանական ուղղությամբ ԵՏՄ ընդլայնման քաղաքականության տապալումն արդեն կդառնա Եվրասիական նախագծի տապանաքարը:

Ըստ Ադրբեջանի տնտեսության և արդյունաբերության փոխնախարար Սեվինջ Հասանովի՝ «Ադրբեջանը հնարավոր է համարում անդամակցությունը ԵՏՄ-ին, բայց դրանից առաջ պետք է վերլուծել այդ միավորումում մասնակցության բոլոր դրական և բացասական կողմերը»[21]: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է. Մամեդյարովը նույնպես չի բացառել երկրի անդամակցումը ԵՏՄ-ին[22]:

Ադրբեջանը սերտ տնտեսական կապեր ունի ԵՏՄ անդամ երկրներից մեծ մասի հետ: Ըստ էության, ԵՏՄ բոլոր երկրներն էլ հանդես են գալիս Ադրբեջանի շահերի տեսանկյունից, ինչը ցույց տվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Ղազախստանը և Ադրբեջանը զարգացնում են իրենց երկկողմանի հարաբերությունները՝ ներդրումներ կատարելով Ղրղզստանում: Այս երեք երկրներն էլ համագործակցում են թուրքական խորհրդի շրջանակներում:

Ընդ որում, Բաքուն ներդրումներ է կատարում նաև Բելառուսում: 2015թ. նոյեմբերի վերջին Լուկաշենկոն հայտարարեց ԵՏՄ-ում Ադրբեջանի շահերն առաջ մղելու պատրաստակամության մասին[23]: Բելառուսն առաջարկում է համատեղ նախագծեր տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության ոլորտում, ինչպես նաև՝ Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքի կատարելագործման ոլորտում:

Ռուսաստանն Ադրբեջանի հետ ունի ավելի մեծ առևտրաշրջանառության ծավալ, քան Հայաստանի հետ: Մոսկվան որոշակի պլաններ ունի՝ կապված Ադրբեջանի նավթագազային սեկտորի հետ: Ռուսաստանում ապրում է միլիոնից ավելի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ երկու միլիոն ադրբեջանցի, որոնց կողմից ուղարկվող դրամական միջոցները կարևոր նշանակություն ունեն վերջիններիս ընտանիքների համար:

Բայց Ադրբեջանը կառույցին հնարավոր անդամակցությունը կապում է Ղարաբաղի հարցն իր օգտին լուծելու պայմանի հետ: Այդպես են ներկայանում ոչ միայն պաշտոնական Բաքուն, այլև ադրբեջանական ընդդիմադիրները: Ըստ միասնական Ադրբեջանի Ազգային ճակատի նախագահ Հուդրաթ Հասանգուլիևի՝ «Մենք կարող ենք մտնել ԵՏՄ, ՀԱՊԿ, նույնիսկ Ադրբեջանում ստեղծել ռազմական բազա, եթե Ռուսաստանի շահերը պահանջում են: Մենք գտնում ենք, որ մենք կարող ենք նաև համաձայնեցնել էներգետիկ քաղաքականությունը: Դա կախված է Ռուսաստանից»[24]:

Մյուս կողմից, Ադրբեջանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ միայն այն դեպքում, երբ Հայաստանը տա իր համաձայնությունը: Հայաստանի համաձայնությունը հավասարազոր է ինքնասպանության: Ըստ էության այդ նշանակում է Ղարաբաղի վերացում: Ամենայն հավանականությամբ դրա դիմաց Մոսկվան Հայաստանին կխոստանա ապաշրջափակում և Ադրբեջանի միջոցով ելք դեպի ԵՏՄ անդամ երկրների շուկաներ:

ԱՄՓՈՓՈՒՄ

ԵՏՄ երկրների ապաինտեգրումն ունի հսկայական պոտենցիալ: Այն դրսևորվում է տարբեր կերպ՝ ոչ միայն փոխադարձ առևտրի ծավալների կրճատմամբ, այլև հաճախ միմյանց բացառող և հակասող առևտրային քաղաքականությունների իրականացմամբ: Չի հաջողվել լուծել ամենակարևոր հարցը՝ ամբողջապես վերացնել բացառությունները փոխադարձ առևտրում: Դրանք ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են ԵՏՄ-ին բնորոշ ինստիտուցիոնալ կարգապահության բացակայության պատճառով:

Եվրասիական ինտեգրացիան, հիրավի, ճգնաժամ է ապրում: Ղազախստանի անդամակցությունն ԱՀԿ-ին մեծապես հարվածում է ԵՏՄ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացներին: Վերջինիս պարտավորություններն իջեցնում են ընդհանուր մաքսային պաշտպանության մակարդակը ԵՏՄ-ում՝ խորացնելով առկա հակասությունները: Սպասվում է, որ ԵՏՄ-ը նույնանման հիմնախնդրի հետ կբախվի ԱՀԿ-ին Բելառուսի անդամակցության գործընթացում: Այդ ամենը հակասում է ԵՏՄ-ի գաղափարախոսությանը, մասնավորապես՝ միասնական մաքսային տարածքի ձևավորմանը: Եթե քանդվում է Մաքսային միությունը, ապա չի կարող խոսք լինել ընդհանուր շուկաների և համաձայնեցված տնտեսական քաղաքականության մասին:

ԵՏՄ երկրներին իր ազդեցության ուղեծրում պահելու համար Մոսկվան հաճախ է դիմում ոչ տնտեսական գործիքների կիրառմանը՝ ՛՛գործընկերների՛՛ վրա քաղաքական և ռազմական ճնշումների մեծացմանը: Ըստ էության, բոլոր, այդ թվում՝ հարավային ուղղությամբ ձախողվել է ԵՏՄ-ի ընդլայնման քաղաքականությունը, ինչը Մոսկվային նորից մղում է քաղաքական և ռազմական մեթոդների ապավինմանը:

Աշոտ Եղիազարյան
Տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր   (NED)

Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ-ՄԱՀՀԻ

 [1] ЕАЭС – очередной фальстарт, https://charter97.org/ru/news/2016/4/5/198244/

[2] Բերված ցուցանիշները վերցված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքի հրապարակումներից:

[3] Создание ЕАЭС позволило избежать более глубокого падения торговли между странами Союза – Медведев

[4] Леонод Злотников, В Беларуси уже хуже, чем в Венесуэле

[5] Բերված ցուցանիշները վերցված են Եվրասիական հանձնաժողովի կայքից:

[6] Падение торговли и политические интриги: эксперты поведали, что дал Беларуси год в ЕАЭС

[7] Աղբյուրը՝ նույն տեղում:

[8] ДГД Алматы ведет «бой с тенью»

[9] Как Казахстан совместит членство в ВТО и ЕАЭС

[10] Беларусь и вто: обречены на брак?

[11] Сможет ли Казахстан сблизить ЕАЭС и ЕС?

[12] Армения выбывает из торговли между Ираном и Россией

[13] Хосров Арутюнян: Армения может стать воротами для Ирана на пути в ЕАЭС, 11.02.2016

[14] ЕАЭС не интересен Ирану

[15] ЕАЭС начинает консультации с Ираном о временном соглашении о ЗСТ

[16] ԵԱՏՄ. 2017թ. սկզբին Իրանի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտի կստեղծվի

[17] Жумабек Сарабеков, Перспективы создания зоны свободной торговли с Ираном

[18] Товарооборот между Казахстаном и Ираном составил $650 млн в 2015 году

[19] Иран заинтересован в сотрудничестве с ЕАЭС

[20] Азербайджан в ЕАЭС: сложно, но возможно

[21] Азербайджан допускает членство в ЕАЭС: замминистра экономики

[22] Азербайджан допускает членство в ЕАЭС: замминистра экономики

[23] Лукашенко: Белоруссия готова продвигать интересы Азербайджана в ЕАЭС

[24] «Россия сделает Азербайджану предложение – или независимость Карабаха, или вступление в Таможенный Союз…», Гудрат Гасангулиев: «Азербайджан может войти в Таможенный союз ради Карабаха…»

 

Տեսանյութեր

Լրահոս