«Միջազգային հանրության կողմից ոչ մի պատժամիջոց չկիրառվեց, Ադրբեջանն էլ իրեն զգում է անպատիժ»
Ապրիլին քառօրյա պատերազմ հրահրելու համար միջազգային հանրության կողմից ոչ մի պատժամիջոց չկիրառվեց Ադրբեջանի նկատմամբ, և չէր էլ կիրառվելու, ակնկալել պետք չէր, դա նշանակում է, որ այդ երկիրն իրեն ինչ-որ տեղ զգում է անպատիժ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը` անդրադառնալով ղարաբաղյան հարցի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին:
– Պարոն Գալստյան, վերջին օրերին Հայաստանի ու Արցախի պաշտոնյաները տարբեր առիթներով ընդգծում են, որ Արցախի անկախության ճանաչմանն ու բանակցային ձևաչափի լիարժեք վերականգնմանն այլընտրանք չկա: Հայկական կողմի դիրքորոշումը կարճ ժամկետում հաճախակի շեշտադրելն ինչի՞ մասին է խոսում: Կարծիքներ են հնչում այն մասին, թե փորձ է արվում առաջ տանել խնդրի լուծման փուլային տարբերակը, ինչին հայկական կողմը դեմ է:
-Ես այդ հայտարարություններում ոչ մի նոր բան չեմ տեսնում: Թե պաշտոնական Երևանը, թե պաշտոնական Ստեփանակերտը միշտ են այդպես հայտարարել, որ ակնկալում են Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչում, նոր մյուս հացերի քննարկում: Նորությունն այստեղ այն է, որ կարճ ժամանակում են սկսել հաճախ հայտարարել: Կարծում եմ` դա կապված է այն հանգմանքի հետ, որ ընթանում է բանակցությունները վերսկսելու հիմքերի ստեղծման գործընթաց: Հիմա, ըստ էության, բուն կոնֆլիկտի կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում, այլ ավելի շուտ գնում գործընթաց բանակցությունները վերսկսկելու պայմանների ապահովման վերաբերյալ: Բնական է, որ դիրքորոշումները պետք է վերահաստատվեն` ինչ է փոխվել, ինչ չի փոխվել: Ըստ էության, հայկական կողմի դիրքորոշման մեջ բուն կոնֆլիկտի կարգավորման հարցում, ամատական փոփոխություն չկա: Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև անկյունաքարային տարբերություն կա: Հայկական կողմը կարգավորումը տեսնում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս, իսկ Ադրբեջանը հակառակը:
-Այդ դեպքում ի՞նչ էր ենթադրում Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվի այն հայտարարությունը, որ կողմերը այս անգամ շատ ավելի մոտ են հաջողության հեռանկարին, քան երբևէ:
-Ես շատ հաճախ եմ լսել նման արտահատություններ, որ հիմա բեկումնային պահ է, մենք շատ մոտ ենք հանգուցալուծմանը: Ժամանակին, երբ ամերիկյան կողմն էր նախաձեռնություն ցույց տալիս, նրանք էին նման հայտարարություններ անում: Քանի որ հիմա ռուսական կողմն է հիմնական նախաձեռնողը բանակցային գործընթացի վերակտիվացման և կոնֆլիկտի սառեցման հարցում, բնականաբար պետք է ցույց տա, որ իրենք գործ են անում և իրենց հաջողվել է ինչ-որ մի քայլ կատարել: Ռեալ տեղաշարժ. մոտ ժամանակներում էլ չեմ պատկերացնում ինչ պետք է անեն առաջընթացի համար: Ամեն դեպքում, առայժմ նոր բան չկա:
-Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը բազմիցս նշում էր, որ պետք չէ թևեր տալ Ադրբեջանին: Օրերս Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց , որ ռուսական սպառազինության մատակարարումները Ադրբեջան շարունակվում են՝ համաձայն կնքված պայմանագրի, և Մոսկվան մտադիր է զենքի վաճառքի նոր պայմանագրեր կնքել Բաքվի հետ:
-Ռուսաստանը հենց անմիջապես պատերազմի օրերին էլ հայտարեց Ռոգոզինի շուրթերով, որ պատրաստվում են շարունակել զենքի առևտուրը: Այստեղ ոչ մի նոր բան չեմ տեսնում: Իհարկե, շատ լավ է, որ մենք քաղաքական էլիտայի մակարդակով սկսեցինք մեր դժգոհությունը ներկայացնել: Տարբեր հարթակնեում այդ հարցը բարձրաձայնվում է, բայց չեմ կարծում, որ մեր մտահգությունն էական ազդեցություն ունի:
– Նման գործողությունները Արդբեջանին թևե՞ր են տալիս այն տեսանկյունից, որ ապրիլյան պատերազմը զանձազերծելուց հետո նա անպատիժ մնաց:
-Ըստ էության, ռազմի դաշտում ունեցած կորուստներից բացի, Ադրբեջանը ոչ մի բանով չտուժեց: Կորուստների ուղղությամբ էլ տեղեկատվական դաշտում լուրջ աշխատանք է տարվում և հասարակության վրա ազդեցությունը չեզոքացվում է, այսինքն` իր հանրությունը պարտված չի զգում: Քանի որ միջազգային հանրության կողմից ոչ մի պատժամիջոց չկիրառվեց, և չէր էլ կիրառվելու, ակնկալել պետք չէր, դա նշանակում է, որ Ադրբեջանն իրեն ինչ-որ տեղ զգում է անպատիժ:
Աննա Գզիրյան