«Այն, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արդեն ցույց է տալիս քաղաքական կողմնորոշում». Հայկ Մարտիրոսյան
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ակնհայտորեն ուներ հստակ օրակարգ, որի մեխը Ռուսաստանն էր և Ռուսաստանի հետ էսկալացիա ապրող լարվածությունը»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) կազմակերպված «ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի հետքերով. Ի՞նչ սպասել հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով՝ 100 տոկոսով բացառելի է այնպիսի սցենար, որ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա, և 100 տոկոսով բացառելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր կհարձակվի Ռուսաստանի վրա. «Սրանք ուղղակի ֆանտաստիկ սցենարներ են, որոնք, չգիտեմ ինչու, դրվում են մեծ քաղաքականության հիմքում և դրանով շեղում ընդհանրապես միջազգային հարաբերությունների կարևոր ֆոկուսային խնդիրները բուն թեմայից»:
Հ. Մարտիրոսյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնագրի 5-րդ հոդվածը ենթադրում է, որ յուրաքանչյուր հարձակում ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա, հարձակում է բոլոր երկրների դեմ, և պետք է լինի համընդհանուր պատասխան: Ըստ նրա՝ սա ահռելի ուժ է, որին Ռուսաստանը որևէ պարագայում չի կարողանալու դիմակայել՝ ունենալով հսկայական ռազմական մեքենա:
«Մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ն հասկանում է՝ եթե իր կազմից որևէ անդամ հարձակվի Ռուսաստանի դեմ, ապա չի բացառվում լրջագույն մասշտաբների պատերազմ, որը կլինի շատ ավելի մեծ, քան այն բոլոր համաշխարհային պատերազմները, որոնք մենք տեսել ենք: Այսինքն՝ այստեղ կա փոխադարձ զսպման մեխանիզմ: 3 տոկոս ՀՆԱ-ի չափով ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեի ավելացումն ուղղակի ավելորդ ծախս է, որովհետև այդ ֆինանսական միջոցները կարելի էր ուղղել Մերձավոր և Միջին Արևելքը կայունացնելուն, ինչպես նաև՝ միգրանտների հոսքերը կասեցնելուն, որոնք ինչ-որ մի օր ներսից պայթեցնելու են թե՛ Եվրոպան, թե՛ լրջագույն վնաս են պատճառելու Միացյալ Նահանգներին»,- նկատեց քաղաքագետը:
Խոսելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ԼՂՀ խնդրի անդրադարձի մասին՝ Հ. Մարտիրոսյանը նկատեց, որ խնդրին բառացի հղում չկա. «Տեսնում ենք հղում այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածային ամբողջականությունը, անկախության իրավունքը և սուվերենությունը: Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն արդեն ցույց է տալիս քաղաքական կողմնորոշում, լավ կլիներ, որ ՆԱՏՕ-ն ձեռնպահ մնար նման բնորշումից, հատկապես, որ կասկածներ կան, որ Ռուսաստանն ընտրում է կողմերից մեկին»:
Հ. Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ բավական հետաքրքիր բան տեղի ունեցավ գագաթաժողովի կուլիսներում, երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու պարագայում հնարավոր է ստատուս-քվոյի փոփոխություն կամ զիջումներ, դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ղարաբաղը որևէ պարագայում չի կարող ստանալ անկախ կարգավիճակ:
«Հիմա, եթե հայկական կողմը պնդում է, որ հնարավոր են զիջումներ, կամ խնդրի լուծում, և Ադրբեջանը պնդում է, որ հնարավոր է միայն մի պարագայում, ապա անհասկանալի է դառնում, թե ինչի՞ մասին են ընդհանրապես բանակցությունները»,- նկատեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ տարածաշրջանային առումով որոշակի լարվածության բացակայություն է երաշխավորում այն հանգամանքը, որ Վրաստանն առայժմ չի մտնում ՆԱՏՕ. «Դա Հայաստանի համար, կարծում եմ, այնքան էլ վատ հանգամանք չէ, որովհետև դա կնշանակեր՝ առավել մեծ ռազմականացում՝ ոչ ի շահ Հայաստանի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: