Հայաստանի լոգոն բուռն քննարկման առարկա է դարձել սոցցանցերում
Ինչպես հայտնի է, տևական ժամանակ աշխատանքներ էին տարվում Հայաստանի բրենդի ձևավորման ուղղությամբ։
Հայաստանի բրենդավորման գործընթացը մեկնարկել է 2012 թվականից՝ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ։ 2014 թվականի փետրվարին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ՝ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ: Այսինքն՝ պետք է մշակվեր կարգախոս և լոգո, որով Հայաստանը պետք է ներկայանա աշխարհին։
GK Brand ընկերությունը հիմնադրվել է 1980 թ. ԱՄՆ-ում: Ընկերությունը մշակել եւ զարգացրել է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ, գրասենյակներ ունի 25 երկրներում: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս նախագիծն արժեցել է 400 հազար եվրո։
Ընկերության հիմնադիր և ղեկավար Վազգեն Քալաջյանը (Vasken Kalayjian) երկու օր առաջ LinkedIn ցանցի իր էջում ներկայացրել է լոգոյի տարբերակը։ Լոգոն այժմ բուռն քննարկման առարկա է դարձել ոչ միայն LinkedIn-ում, այլ նաև ֆեյսբուքում և այլն սոցիալական ցանցերում։
Ինչպես պարզաբանվում է հեղինակների կողմից, այն ձևավորված է ծաղկող ծաղկի տեսքով։ Դա խորհրդանշում է, որ Հայաստանը այն քիչ երկրներից է, որն իր մշակույթով էական ազդեցություն է գործել երկրագնդի բոլոր անկյունների վրա՝ ունենալով իր ներդրումը մտավոր, հոգևոր, գիտական, գործարար և այլ բնագավառներում։
Այն նաև նման է արևի, որի շողերը տարածվում են հավերժության նշանի նման (դրա համար էլ բրենդինգային թիմը լոգոն կնքել է Eternal Sun՝ Հավերժական արև)։
Օգտագորված 4 գույներից երեքը՝ կարմիր, կապույտը և նարնջագույնը, խորհրդանշում են հայկական եռագույն դրոշը։ Իսկ չորրորդը նռան գույնն է (մասնիկները նույնպես նմանեցված են նռան հատիկների)։
Չնայած այս բոլոր բացատրություններից՝ օգտագործողներից շատերը գտնում են, լոգոն Հայաստանին ամենևին չի սազում և ավելի շատ ասոցացվում է աֆրիկյան երկրների հետ։
Ոմանք ավելի հեռուն են գնացել՝ լոգոն նմանեցնելով հայտնի Смешарики մուլտֆիլմի հերոսներին, կամ նմանեցնելով ծովախեցգետնի՝ առաջարկել են այդ լոգոն վաճառել ծովախեցգետին արտահանող որև կազմակերպության։
Ստորև ներկայացնում ենք նաև Հայաստանի լոգոյի օտագործմամբ որոշ տարբերակներ (նկարները վերցված են Վազգեն Քալայջյանի ֆեյսբուքյան էջից)։