«5 տարի հետո ՌԴ-ն կարիք չի ունենա ո՛չ հայկական խաղողի, ո՛չ էժան գինու, ո՛չ էլ կոնյակի»
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայկական գինեգործության զարգացման տեմպերին, արտահանման խնդիրներին, նշեց, որ ռուսական ռուբլու արժեզրկման հետ կապված բացասական միտումները շարունակվում են, բայց բացասական տեմպեր, ըստ նրա՝ չկան. «Զրոյական կետին մոտ մի բան է հիմա: Վերականգնվում է քանակական առումով, բայց արժեքի առումով դեռ ճգնաժամային իրավիճակ է։ Գինու որակի առումով հաստատուն աճ կա. նոր ընկերություններ են առաջանում, հները բարձրացնում են որակը: Հայաստանն այլևս հին Հայաստանը չէ՝ գինու որակի առումով: Շուկաների մասով կարող եմ ասել, որ հաստատուն կերպով նվազում է ՌԴ- ի մասնաբաժինն արտահանման մեջ»։
Համեմատություն կատարելով 2013թ. առաջին հնգամսյակի հետ, նա նշեց, որ ունենք օղու՝ 5%, կոնյակի՝ 8%, գինու՝ 20%, գարեջրի՝ 28% աճ. «Ունենք պաշտոնական թվեր, որոնք խոսում են աճի մասին, ու այդ պաշտոնական թվերը ճիշտ են։ Բայց ունենք իրականություն, որն ասում է հակառակի մասին, ու այդ իրականությունն էլ է ճիշտ 2015թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ ունենք` օղի՝ -10%, կոնյակ՝ +56%, գինի՝ +11%, գարեջուր՝ -12%, ոչ ալկոհոլային՝ -17%: Ըստ մեր տեղեկությունների՝ ունենք ներմուծման, արտահանման աճ, արանքում կա արժեքի, ծավալների մեծացում, բայց մեր տնտեսության վրա որևէ ազդեցություն չունի»:
Նրա խոսքով՝ հայ կոնյակ արտադրողները մինուսով են աշխատում. «Ռուբլու անկման պայմաններում հայ կոնյակ արտադրողներն աշխատում են ուղղակի չկորցնել շուկան, իսկ շահի մասին անգամ խոսք լինել չի կարող»:
Ա. Հարությունյանը նկատեց՝ ԵՏՄ մտնելը քաղաքական որոշում էր ու տնտեսության հետ, գոնե գինու ու խաղողի մասով, կապ չուներ. «Մինչև ԵՏՄ մտնելն ու դրանից հետո էլ մեր հիմնական շուկան այդ երկրներն են: ԵՏՄ մտնելը 10-15%-ի առավելություն է գնային առումով, որը բարձր ինքնարժեքի ու տրանսպորտային արժեքների պարագայում էական ազդեցություն չունի: Փոխարենը՝ մենք վատացրինք հարաբերությունները եվրոպական շուկայի հետ, թեև հիմա ոչ ոք չի արգելում ծավալները մեծացնել եվրոպական շուկայում, բայց այնտեղ Վրաստանին ավելի լավ աչքով են նայում, քան Հայաստանին: Բացի այդ, Ռուսաստանը հիմա մշակում է շատ լուրջ ծրագրեր՝ գինեգործության և խաղողագործության զարգացման, ու 5 տարի հետո Ռուսաստանը կարիք չի ունենա ոչ հայկական խաղողի, ոչ էժան գինու, ոչ էլ կոնյակի»: