«Արևմուտքը մեծ սխալ է թույլ տալիս՝ աջակցելով Ադրբեջանին». Ջորջ Սորոս
Լոնդոնի «Բաց Ռուսաստան» ակումբում ելույթ է ունեցել ամերիկացի ներդրող և ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
Նա պատմել է, թե ինչպես է սկսվել և զարգացել նրա հիմնադրամի աշխատանքը Ռուսաստանում, բարեփոխումների մասին, որոնց ինքը նպաստել է, այսօրվա Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Բաց Ռուսաստան» կայքը հրապարակել է նրա ելույթի ամբողջական տեքստն ու տեսագրությունը:
Ջեյմս Նիքսին՝ Chatham House-ում «Ռուսաստան-Եվրասիա» ծրագրի ղեկավարը, հարց է ուղղել Սորոսին:
«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անցել է 25 տարի: Իմ հարցը վերաբերում է այլ երկրների՝ ԽՍՀՄ իրավահաջորդներին: Ձեզ չի՞ թվում, որ եկել է ժամանակը մտածել այդ պետությունների մասին՝ որպես հետխորհրդային, և նրանց համարել ամբողջությամբ անկախ երկրներ՝ իրենց սեփական կանոններով և սեփական նույնականացման, այլ ոչ թե՝ իրավահաջորդներ:
Կամ, եթե դուք կարծում եք, որ Խորհրդային Միության ժառանգությունը չափազանց ուժեղ է, ու պահպանվել են դրա այդքան շատ փլատակները, մեզ հարկավոր է համարել այդ պետությունները հետխորհրդային, և մենք պարզապես չունե՞նք այլ ընտրություն»:
Սորոսը պատասխանել է. «Դրանք պարզապես հետխորհրդային երկրներ չեն, նրանք այլ են: Ու ամենից շատ Ռուսաստանից առանձնանալ, որքան էլ տարօրինակ է, հաջողվել է Ղազախստանին: Նազարբաևը միշտ եղել է մի քիչ ավելի լուսավորյալ, քան այլք՝ նախկինում: Չնայած այն բանին, որ նա արդեն երկար է իշխանության ղեկին և թույլ է տվել բազմաթիվ սխալներ, երկրում ձևավորվել է ուսյալ միջին խավ, որը կրթություն է ստացել, այդ թվում՝ նաև արտերկրում: Եվ անգամ պետական համալսարանում, չգիտեմ, թե ինչպես է դա կոչվում, կան ավելի բարձր չափանիշներ, քան այդ տարածաշրջանի մյուս համալսարաններում: Այնտեղ բազմաթիվ դասախոսներ կան արտերկրից: Ռեժիմը փորձում է ներգրավել օտարերկրյա կապիտալ, որպեսզի դուրս գա Ռուսաստանի շուկա:
Ղազախստանը մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանից առանձնանալու համար, ու ես կասեի՝ հենց Ղազախստանն է առավել զարգացածն ու անկախն այդ երկրներից:
Ղրղըզստանում եղել է դեմոկրատական զարգացման բավական բարձր աստիճան հենց այն պատճառով, որ այն եղել է ամենաաղքատ երկրներից մեկը: Երկրի բախտը բերեց ոչ կոռումպացված նախագահ ստանալու հարցում:
Մյուս երկրներն ավելի շատ կախում ունեն Ռուսաստանից, բացի այդ, նրանք անհամեմատ թույլ են: Որպես օրինակ՝ կարող ենք վերցնել Տաջիկստանը: Յուրաքանչյուր երկիր եզակի է: Երկրներից մեկը, որի հանդեպ Արևմուտքը, ցավոք, վերաբերվում է չափազանց բարեսրտությամբ, Ադրբեջանն է, որտեղ տիրում է բավական տհաճ բռնապետական ռեժիմ:
Ինձ վիճակվել է մի քանի անգամ ուղղակիորեն վիճել այդ երկրի նախագահի հետ:
Նա հաճախ ձևացնում է, թե չի կրում պատասխանատվություն Ադրբեջանում բռնաճնշումների համար: Սակայն ինձ հետ զրույցում նա այնքան խորը գիտելիք է ցուցաբերում, թե ինչ պայմաններում են նստած բանտում այս կամ այն քաղաքական բանտարկյալները, ինչ մեղադրանքներով, և այդպես շարունակ…
Այնպես որ, այդ ամենն ընդամենը երկերեսանիություն է: Նա շատ բանի համար է պատասխան տալիս և օգտագործում է բռնաճնշումները: Նա փորձում է գոհացնել Արևմուտքին՝ ցուցադրելով նավթի նոր պոտենցիալ հանքահորեր:
Կարծում եմ՝ Արևուտքը մեծ սխալ է թույլ տալիս՝ աջակցելով նրան: Ես կարող եմ երկար շարունակել, սակայն փաստը, որ երկրներն այնքան նման չեն միմյանց, ապացույցն է այն բանի, որ նրանց նկատմամբ հարկավոր է լրջորեն վերաբերվել:
Դա պարզապես խորհրդային համակարգի հետխորհրդային շարունակությունը չէ: