Գյումրիի «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնը փակման եզրին է
asparez.am. Գյումրիում «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի փակման հարցը շարունակվում է քննարկվել մարզի առողջապահության ոլորտում, կենտրոնն ունի պարտքեր, սեփական եկամուտներն ու պետության տրամադրած գումարները բավարար չեն:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն «Ասպարեզ»-ի հետ զրույցում տեղեկացնում է, որ կենտրոնը չի կարող սեփական ֆինանսավորմամբ, նաեւ պետության տրամադրած չնչին գումարներով պահպանել հիմնարկը:
«Հետեւաբար, որպեսզի պարտքերը ձնագնդի նման չգլորվեն, քննարկվել է բուժհիմնարկի պահպանման նպատակահարմարության հարցը»,-ասում է Հովհ.Հովհաննիսյանը:
Բուժհիմնարկի աշխատակիցների հավանական գործազրկության հարցը եւս քննարկվում է: Որոշ արտոնություններ են սահմանվելու կենտրոնում բավական երկար տարիների աշխատողների նկատմամբ:
-Այն աշխատակիցները, ովքեր բավական երկար ժամանակ այդտեղ աշխատել են, նրանք առավելություն կունենան այս վերջերս ընդունված աշխատակցի նկատմամբ` աշխատանքի տեղավորման հարցում,-նշում է Հովհ.Հովհաննիսյանն ու ավելացնում, որ յուրքանչյուր աշխատակից կարող է մասնակցել մյուս բուժհիմնարկներում անցկացվող մրցույթներին:
«Սամարիթեր»-ի փակման հստակ ժամանակ դեռեւս չի նշվում, քանի որ գործունեության շարունակման եւ դադարեցման հարցը դեռեւս քննարկման փուլում է:
Այս բուժհիմնարկը փակման եզրին հայտնվել էր նաեւ 3-4 տարի առաջ, երբ 3 բժշկական հաստատության միավորման արդյունքում ստեղծվեց «Գյումրի» բժշկական կենտրոնը: Սակայն «Սամարիթեր»-ի աշխատանքային գործունեությունը շարունակվեց: Կենտրոնի տնօրեն (արդեն նախկին տնօրեն) Ռաֆիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ որոշ փոփոխություններ եղան: «Սամարիթեր» հիվանդանոցը վերակազմակերպվեց` դառնալով վերականգնողական կենտրոն: Փոփոոխությունը բացատրում էր «Գյումրի» բժշկական կենտրոնում հիվանդների կարճաժամկետ հոսպիտալիզացմամբ, հիվանդի հետագա բժշկական հսկողութունն էր ապահովվելու այս կենտրոնը:
Այս սկզբնական շրջանում թեպետ յուրաքանչյուր ամիս կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքն ունենում էր շուրջ 35, վերականգնողական բաժանմունքը` 20-40, վիրաբուժականը` 20-30 հիվանդ, այնուհանդերձ այս ցուցանիշը կենտրոնում բավարար չէր համարվում, քանի որ (բացառությամբ հեմոդիալիզի բաժանմունքի) պետական պատվերի տեղեր հատկացված չէին, իսկ կենտրոնի ծախսերը հոգում էին վճարովի ծառայություններից ստացված եկամուտներով: