«Կառավարության և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությունը ընկալվել է որպես պատմական իրադարձություն». ԵՄ դեսպան

ՀՀ-ում ԵՄ ներկայցուցչության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին գտնում է, որ Հայաստանի հաջորդ համապետական ընտրություններն առանցքային նշանակություն ունեն երկրի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ԵՄ-ն մեծապես սատարում է հաջորդ ընտրությունները ներառական գործընթացով նախապատրաստելու ջանքերին:

«Ես ուրախ եմ, որ համաձայնությունը, որ ձեռք է բերվել կառավարության և ընդդիմադիր կուսակցությունների միջև, արտացոլում է ներառական գործընթացի գաղափարը: Ես առաջիններից էի, որ շնորհավորեցի երկու կողմերին: Սա ոչ բոլոր հնարավոր խնդիրներն է լուծում, գիտենք, որ հակասություններ դեռ շատ կան: Դա ակնհայտ է, սակայն կառավարության և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությունը լայնորեն, նաև Հայաստանից դուրս, ընկալվել է՝ որպես պատմական իրադարձություն, որ կարելի է հաղթահարել տարակարծությունները` հանուն ավելի մեծ նպատակի` երկրի ապագայի: Դա շատ դրվատելի է»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ ԱԺ-ն ընդունել է ԸՕ-ում փոփոխությունները, սակայն դեռևս համաձայնության կատարումը պայմանական է ֆինանսական խնդիրների պատճառով: Պ.Սվիտալսկին հույս հայտնեց, որ դրանք էլ կլուծվեն. «ԵՄ-ն պատրաստ է զգալի օժանդակություն առաջարկել այդ համաձայնության ի կատար ածմանը և, կարծում եմ, մի շարք պետություններ կան, որ պատրաստ են օժանդակել այդ համաձայնության ի կատար ածմանը: Միջազգային հանրույթի ներսում համաձայնության օժանդակության ձգտումը շատ ամուր է: Ես լավատես եմ և հուսով եմ, որ համաձայնությունը կյանքի կկոչվի: Գիտեմ, որ դա բարդ է ոչ միայն՝ ֆինանսական տեսակետից, այլև՝ աշխատանքի, շատ մեծ եռանդ ու ներդրում է պահանջում, սակայն այս համաձայնության կատարումը մեծ դրական փոփոխություն կապահովեր ՀՀ-ի համար, և Հայաստանը երկարաժամկետ հատվածում մեծ օգուտ կքաղեր այս համաձայնությունից: Հայաստանին շատ ներդրումներ են անհրաժեշտ, շատ կարիքներ կան, բայց համաձայնության ի կատար ածումը շատ շահեկան որոշում կլիներ»:

Թե որո՞նք են Հայաստանում ընդդիմադիր կուսակցությունները, Պ.Սվիտալսկին չնշեց` հրաժարվելով մեկնաբանել մի բան, որ ակնհայտորեն ՀՀ-ի ներպետական խնդիր է, և ինքը տեսակետ չունի դրա վերաբերյալ. «Ես շատ հաստատուն տեսակետ ունեմ, թե ինչպես ԵՄ-ն կարող է աշխատել ու օգնել Հայաստանին բարեփոխումներն ի կատար ածելու ուղղությամբ: Իմ դրվատանքն ընդհանուր տեսանկյունից էր»:

ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի համաձայնագրում քաղաքացիական հասարակության ստորագրության բացակայության մասին ԵՄ դեսպանը նշեց, որ, եթե քաղհասարակությունը որոշել է մի կողմ մնալ, դա իր իրավունքն է, բայց սա քայլ է դեպի առաջ, և դրական է այս համաձայնությունը. «Սա նորմալ քննարկում է ժողովրդավար երկրում, ոմանք ասում են` այո, ոմանք` ոչ: ԵՄ-ն մտադիր է ՀՀ-ում ավելի շատ օժանդակել բարեփոխումներին, մեր կարծիքով՝ դա շատ լավ զարգացում է»:

 

Տեսանյութեր

Լրահոս