Եվրո-2016. Ֆրանսիան ջախջախում է Իսլանդիային և դուրս գալիս կիսաեզրափակիչ
Ֆրանսիայում ընթացող 2016թ. Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի շրջանակներում հանդիպեցին Ֆրանսիայի և Իսլանդիայի հավաքականները: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց Դիդիե Դեշամի գլխավորած թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 5:2:
Առաջին խաղակեսից հետի ֆրանսիացիներն արդեն հաղթում էին 4:0 հաշվով: Հաշիվը բացվեց 12-րդ րոպեին, երբ Բլեզ Մատյուիդիի փոխանցումից հետո Օլիվյե Ժիրուն գրավեց մրցակցի դարպասը: 20-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Պոլ Պոգբան բարձր ցատկի շնորհիվ գնդակն ուղարկեց Հանես Հալդոուրսոնի պաշտպանած դարպասը: 43-րդ րոպեին Դիմիտրի Պայեն հաշիվը դարձրեց 3:0: Առաջին խաղակեսի վերջին գոլի հեղինակը 45-րդ րոպեին դարձավ Անտուան Գրիզմանը: Հիշեցնենք, որ Գրիզմանը 5 խաղում 4 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է:
Ընդմիջումից հետո՝ 56-րդ րոպեին իսլանդացիները կարողացան գնդակն ուղարկել Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը. գոլի հեղինակ դարձավ Կոլբեյն Սիգթորսոնը:
Ֆրանսիացիների պատասխանը չուշացավ. 3 րոպե անց Օլիվյե Ժիրուն իր հաշվին դուբլ ձևակերպեց: Հանդիպման վերջում իսլանդացիները կարողացան ևս մեկ անգամ գրավել Ֆրանսիայի հավաքականի դարպասը. 85-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց Բիրկիր Բյարնասոնը:
Ֆրանսիայի հավաքականը կիսաեզրափակչում կհանդիպի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ, որոնք առաջնությունից դուրս թողեցին Իտալիայի ընտրանուն:
Եվրո-2016, քառորդ եզրափակիչ
Ֆրանսիա – Իսլանդիա՝ 5:2
Օլիվյե Ժիրու, 12, Պոլ Պոգբա, 20, Դիմիտրի Պայետ, 43, Անտուան Գրիզման, 45, Օլիվյե Ժիրու, 59 – Կոլբեյն Սիգթորսոն, 56, Բիրկիր Բյարնասոն, 85:
Պատրաստեց Անի Գաբուզյանը