Նաիրա Զոհրաբյանը սովետական անեկդոտ հիշեց՝ «սեկտանտ ուժերիին» բացահայտելիս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, որևէ դաշինքով չի մասնակցի: 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները փոքր քաղաքական ուժերի համար համախմբվելու և ալյանսներով, դաշինքներով մասնակցելու լավ հնարավորություն են:
Նա գտնում է՝ միայնակ մասնակցելու պարագայում այդ ուժերի շանսերը կլինեն ուղղակի զրոյական, ինչի պատճառով էլ նրանք կփորձեն գնալ համախմբումների ճանապարհով: «Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, իհարկե, քաղաքականության մեջ որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց ես շատ քիչ հավանական եմ համարում, որ ԲՀԿ-ն որևէ այլ քաղաքական միավորի հետ կգնա դաշինքով: ԲՀԿ-ն ինքնաբավ քաղաքական ուժ է, և դա վկայեցին նաև «Գելափ Ինթերնեյշնլի» երեկվա սոցիոլոգիական հարցումները: Ես պետք է ասեմ, որ մենք Հայաստանում այն եզակի քաղաքական ուժերից ենք, որ ունենք շատ հզոր կուսակցական ստրուկտուրաներ ողջ հանրապետության տարածքով, և ես կարծում եմ, որ ԲՀԿ-ի բրենդն այնպիսին է, որ մենք, երևի թե, այդուհանդերձ որևէ դաշինքի չենք գնա, և ԲՀԿ-ն առանձին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ իրենց ներքին քննարկումների ուղղվածությունն այնպիսին է, որ ԲՀԿ-ն պետք է առանձին մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Խոսելով այն մասին, թե ո՞ր ուժերի հետ է ԲՀԿ-ն բացառում համագործակցությունը, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ վերջին շրջանում ես հստակ խոսել եմ սեկտանտ քաղաքական ուժերի մասին, այն քաղաքական ուժերի մասին, որոնք առաջնորդվում են՝ «ինչքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով, այն քաղաքական ուժերի մասին, որոնց համար ընդունելի կլինեն անգամ լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, միայն թե ներքաղաքական ցնցումները բերեն քաղաքացիական պատերազմի, և իրենք կարողանան պղտոր ջրում ձուկ որսալ, այդ սեկտանտ քաղաքական ուժերի հետ որևէ համագործակցության մասին խոսք լինել չի կարող»:
ԲՀԿ ղեկավարն այնուամենայնիվ չհստակեցրեց՝ որ ուժերի մասին է խոսքը. «Մի հին սովետական անեկդոտ կա. թռուցիկներ են բաժանում, վերցնում տեսնում են՝ սպիտակ թղթեր են, ասում են՝ «բայց այստեղ ոչինչ գրված չէ», պատասխանում են՝ «առանց այդ էլ ամեն ինչ պարզ է»: Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասացի»: