Սամվել Ալեքսանյանը կամ պետք է ընդունի, որ մենաշնորհ ունի, կամ պետք է ապացուցվի նրա թաքցված մենաշնորհատեր լինելը
Իշխանության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գտնում է, որ շաքարի մենաշնորհի օրինականացումն անհնար է մեր երկրում: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ որևէ մենաշնորհի օրինականացման համար Սահմանադրության պահանջն է, որպեսզի սկսվի գործընթաց, Ազգային ժողովում մենաշնորհատերը ներկայացնի, որ ունի որևէ ոլորտի կամ ապրանքի մենաշնորհ ու հիմնավորի, թե ինչու դա պետք է օրինականացվի:
«Միչև հիմա ինքը չի ասել, որ մոնոպոլիա ունի: Եթե ընդունում է, որ ունի, պետք է ապացուցի, որ դա իսկապես պետք է այս երկրին, և ԱԺ-ն, նկատի ունենալով այդ հանգամանքները, հաստատի և հնարավորություն տա մոնոպոլիա իրականացնելու: Ես դա անհնար եմ համարում, որովհետև չի լինի մի ԱԺ, որ, օրինակ, կոնկրետ ինչ-որ մի որոշում կայացնի որևէ մեկին մոնոպոլիա տալու համար: Պետք է ապացուցի, որ շրջանառության ծավալներն այդ երկրին օգտակար են: Դա թափանցիկ անել չեն կարող, և, ուրեմն, թաքնված մոնոպոլիայի մասին ենք խոսում: Բացառվում է, որ կարողանան հիմնավորել որևէ մոնոպոլիայի անհրաժեշտությունը»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Ըստ նրա` պետք է սահմանել «մոնոպոլիա» հասկացությունը, շուկայում զբաղեցրած որոշակի տոկոս, և պարզել, թե շրջանառությունն իրականում ում հետ է կապված, բաժանվա՞ծ է հարազատների միջև, թե՞ ոչ: Ա.Ռուստամյանի կարծիքով` ընկերությունների փոխկապակցվածությունը պետք է բացահայտվի, և դա իրական լուրջ աշխատանք է. «Հենց այդտեղ է նաև կոռուպցիայի պայքարի անհրաժեշտությունը: Այդ նույն գործակալությունը, որ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, պետք է այդ գործիքներն ունենա, որ ապացուցի փոխկապակցվածությունը: Շատերը խուսափում են, իրենց անունով ոչինչ չեն գրանցում: Հիմա հարցնում ես, ստացվում է՝ ամենահարուստներն ամենաաղքատներն են, իրենց անունով ոչինչ չկա: Ստվերից հանելու մասին է խոսքը»:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին` Ա. Ռուստամյանը նշեց, որ հարցերի հարցն այն է, որ այդ պայքարը չի ստացվում այնպես կազմակերպել, որ մարդկանց մոտ վստահություն առաջանա: Ըստ նրա` հարց է նաև, թե ինչպես պետք է կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմինը ձևավորվի, իսկ պայքարը մեկ հայտարարությամբ չի լուծվի, և արդյունքը կարճաժամկետ հատվածում չի երևա:
«Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ստեղծել մի մեխանիզմ, որ ավելի հնարամիտ լինի, քան թաքցնողները: Կոռուպցիոներները շատ լավ գիտեն, թե ինչպես հիմնավորել, գիտեն, որ իրենց ուշի ուշով հետևում են, և բոլորից լավ են տիրապետում թաքցնելու հնարքներին: Այս հարցը եթե չենք լուծել, իրենք միշտ ունենալու են առավելություններ: Օրինակ, Վրաստանում գույքագրեցին, թե ով ինչ ունի, և ով չկարողացավ ապացուցել իր ունեցվածքի օրինականությունը, հայտնվեց ճաղերի ետևում: Բայց հետո հարց դրվեց, որ, եթե մեղավորությունը չի ապացուցվել, ինչո՞ւ են նրանց գցել բանտեր: Կոռուպցիայի դեմ պայքարն այդքան հեշտ բան չի»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Նրա կարծիքով` նաև հարցերի հարցն է, թե ով է ղեկավարելու կոռուպցիայի դեմ պայքարը, օրինակ` Հովիկ Աբրահամյանի ղեկավարությունը ճիշտ ձև չէ, քանի որ, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը պետք է կարողանան թեկնածուներ առաջադրել: