«Միայնակ պայքարել է, դիրքը պահել է, մինչև ընկերներն օգնության հասնեն, բայց մինչև գալիս են, ինքն արդեն զոհված է լինում»

Ապրիլի 14-ին Արցախում զոհված Մանվել Գևորգյանը ծառայում էր Մարտունիում։ Մանվելը ծնվել էր 1997թ. մայիսի 14-ին, զոհվել՝ իր ծննդյան օրվանից ուղիղ մեկ ամիս առաջ։ Սովորում էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ Մանվելի մայրը՝ Նաիրա Գևորգյանը, պատմում է, որ որդին Զինված ուժեր զորակոչվել է 2015թ. հուլիսի 7-ին, 9 ամսվա ծառայության ընթացքում որդին երբևէ ոչնչից բողոք ու դժգոհություն չի հայտնել։ Մանվելը սանհրահանգիչ էր, կրտսեր սերժանտի կոչում ուներ։

«Սիրտն էլ ուզեիր, այդ րոպեին կհաներ, կտար»

«Փոքր հասակից շատ ճարպիկ, աշխույժ, խելացի բալիկ է եղել»,- որդու մանկության տարիները հիշելով՝ ասում է տիկին Նաիրան։ Նրա խոսքով՝ Մանվելն 8 տարեկանից սկսել է զբաղվել կարատեով, 9 տարեկանում արդեն Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել, բազմաթիվ այլ հաջողություններ ունեցել։ Դպրոցն ավարտելուց հետո Մանվելն ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, սովորել ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնում.

Manvel (7)

Manvel (8)

«Գերազանց էր սովորում։ Հարգված էր թե՛ ուսխորհրդում, թե՛ դասախոսական կազմի կողմից։ Մասնակցել է բոլոր միջոցառումներին, որ կազմակերպել է ուսանողական խորհուրդը։ Նույնիսկ հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ գնացել են Վայք, հանդիպել զինվորականներին։ Այդ ընթացքում և՛ աշխատում էր, և՛ սովորում։ Նույնիսկ հինգ րոպե ազատ չի մնացել։ Շատ հաջողությունների է հասել։ Հրաձգարանում շարժական թիրախ էր պարապում։ Համակարգչային դասընթացների է հաճախել, վարժ տիրապետել անգլերեն և ռուսերեն լեզուներին»։

Manvel (4)

Որդու մասին խոսելով՝ տիկին Նաիրան ասում է՝ շատ նվիրված էր. «Սիրտն էլ ուզեիր, այդ րոպեին կհաներ, կտար։ Շատ էր սիրում երեխաների։ Բոլորին շատ նվիրված էր։ Չկա մի բառ, որ այդ բառով բնութագրես Մանվելին։ Ինքն ամեն ինչ էր։ Իր մարդ տեսակը յուրահատուկ էր»։

2015թ. հուլիսի 7-ին Մանվելը զորակոչվել է Զինված ուժեր. «Ամեն ինչում առաջինն էր։ Ամեն պարագայում պետք է առաջինը լիներ։ Նույնն էլ՝ զորակոչվելիս։ Առավոտյան ժամը 8-ին բոլորը պետք է զինկոմիսարիատում լինեն, Մանվելը մեզ ժամը 7-ից տարավ զինկոմիսարիատ։ Պետք է առաջինը լիներ։ Տրամադրությունը շատ լավ էր, պարզապես իր այդ անհանգիստ բնավորությունն էր, որ առաջինը պիտի լիներ։ Ավտոբուս առաջինն ինքը բարձրացավ։ Տրամադրությունը շատ լավ էր, երբեք չէր խուսափում ծառայությունից։ Հակառակը՝ բազմաթիվ ծրագրեր ուներ. վճարովի համակարգում էր սովորում, ասում էր՝ այնպես եմ գալու, որ ինստիտուտն ինձ պարտք մնա։ Իրենց ամբիոնի վարիչն ասաց՝ Մանվելն այնպես արեց, որ մենք ամբողջ կյանքում իրեն պարտք մնացինք… Մանվելը մեզ համար արդեն ծնված օրվանից հերոս էր. յուրահատուկ ունակություններով երեխա էր։

Մանվելը 18 գարուն ապրեց, բայց այնքան բան հասցրեց, որ հավանաբար դա շատ քչերին է հաջողվում։ Զոհվեց իր ծննդյան օրվանից մեկ ամիս առաջ, անգամ օրը չփոխվեց»։
Տիկին Նաիրայի խոսքով՝ Մանվելն ընդամենը երկու շաբաթվա ծառայող է եղել, երբ նշանակվել է ավագ հրաձիգ, ապա՝ ջոկի հրամանատար.

Manvel-10

«Մի քանի ամիս հետո զանգեց, ասաց՝ գործդ բարձր եմ պահելու։ Կատակեցի, ասացի՝ ինձ նախարարի պաշտո՞ն են տվել, դու էլ բա՞րձր ես պահելու։ Ինքս բուժաշխատող եմ։ Իմացանք, որ իրեն ուղարկում են Խոջալու վերապատրաստման՝ որպես սանհրահանգիչ։ Վերապատրաստվեց, հենց տեղում բարձր մակարդակով հանձնել էր քննությունները, կրտսեր սերժանտ էր։ 9 ամիս իդեալական ծառայել է։ Ոչ մի դժգոհություն չի եղել, միշտ զանգում էր ու առաջինը հարցնում՝ թագավորս տա՞նն է։ Հորը «թագավոր» էր ասում։ Եթե անգամ տանն էլ չէր լինում, ասում էր՝ հենց գա, կասեք՝ զանգի»։

Manvel (2)

Տիկին Նաիրայի խոսքով՝ իր համար որդու ծառայությունը դժվար է անցել, սակայն որդուց երբևէ դժգոհություն չի լսել. «Մի օր նույնիսկ այնքան կատակեց, ասացի՝ Մանվե՛լ, կարո՞ղ է Ծաղկաձորում ես, գանք, քեզ տեսնենք, ետ գանք։ Ոչ մի պարագայում չի դժգոհել, ոչինչ չի պահանջել, նույնիսկ կատակով ասում էր՝ ի՞նչ է պետք, ես այստեղից ձեզ ուղարկեմ։ Մեկ օր, մեկ ժամ, մեկ վայրկյան անգամ մենք իր ձայնի մեջ տխրություն կամ հոգնածություն, նեղվածություն չենք զգացել։ 9 ամիս գերազանց ծառայել է։ Փոքրուց այդպես է եղել։ Պարզապես կայծակնային անցավ։ Երբեմն ասում էի՝ կարծես ցունամի լիներ։ Այդ 18 տարիներն արագ անցան։ 18 տարում շատ բան հասցրեց։ Ափսոսում եմ, որ ընդամենը 18 տարի ապրեց։ Իր կյանքը շատ կարճ տևեց. շատ անելիքներ ուներ՝ և՛ որպես մարդ, և՛ որպես որդի։ Ինքը մնաց իմ փոքրիկ Մոշը։ Ես իրեն «Մոշ» էի ասում»։

«Այնպես պիտի անեմ, որ ամբողջ աշխարհն ինձ ճանաչի»

Manvel (1)

Ապրիլի սկզբներին, երբ ակտիվ ռազմական գործողություններ են եղել, Մանվելը կապվել է ծնողների հետ, սակայն ոչինչ չի ասել վիճակի մասին։ «Այնպես նկարագրեց, որ իրենց մոտ անգամ կրակոց չկա։ Մանվելը սանհրահանգիչ էր, պետք է ներքևում մնար, բայց պարզվում է՝ առաջնագծում են եղել, հարձակումներ են եղել»,- ասում է Մանվելի մայրը՝ նշելով, որ որդու զոհվելու օրը դիվերսիոն հարձակում է եղել։

«Այդ օրը Մանվելը 70-ից ավելի զինվորի կյանք է փրկել։ Եթե ինքը դիրքը լքած լիներ կամ չպահեր, մեր զինվորներից շատ-շատերը հավանաբար կզոհվեին։ Ընկերոջն ուղարկել է տղաներին կանչելու։ 11։20 դիվերսիոն հարձակում է եղել։ Րոպեներ շարունակ միայնակ պայքարել է, դիրքը պահել է, մինչև ընկերները օգնության հասնեն, բայց մինչև գալիս են, ինքն արդեն զոհված է լինում։ Չի թողել, որ նրանք առաջ գան»,- ասում է տիկին Նաիրան։ Վերջին անգամ հենց այդ օրն է Մանվելը խոսել հարազատների հետ, սակայն դարձյալ ոչինչ չի ասել։ Ասել է՝ իրենց մոտ կրակոցներ չկան, հանգիստ է, «թող թուրքը վախենա».

Manvel (5)

«Պապիկին ու մորաքրոջը ասել էր՝ եթե իմանաք՝ սրանց գլխին ինչ օյին ենք հանելգ բայց մեզ չէր ասել։ Ապրիլի 2-ին ինքը դիրքեր է բարձրացել։ Ապրիլի 1-ին խոսել ենք, ապրիլի 2-ի առավոտյան ինձ ու հորը հաղորդագրություն էր ուղարկել՝ եթե չզանգեմ, չանհանգստանաք, կիջնեմ, կզանգեմ։ Ես էլ կատակով ասացի՝ երեկ ապրիլի 1-ն էր, մեզ այսօ՞ր է խաբում, ինքը դիրքեր չպիտի գնա։ Այնինչ բոլորն են արդեն դիրքերում եղել։ Մինչև ապրիլի 14-ը մեզ զանգել է, ամեն օր նույն խոսակցությունն է եղել՝ շատ լավ է, շատ հանգիստ։ Նույնիսկ մի անգամ ինձ ասաց՝ մա՛մ, այնքան եմ քնել, հանգստացել, որ կարող եմ 4-5 օր չքնել։ Ես հարցրի՝ որտե՞ղ ես քնել, եթե դիրքերում եք, կատակով ասաց՝ «դվուխներ» ենք ստացել։ Ամեն ինչ հումորի էր վերածում։ Այդ օրն էլ խոսել ենք, շատ լավ էր, հանգիստ։ Նույնիսկ ասում էր՝ մեզ մոտ կամավորներ կան, որ մեզ նույնիսկ չեն թողնում գլուխներս բարձրացնենք, բայց չգիտեմ, թե որտեղ են եղել այդ կամավորներն այդ ընթացքում։ Չի դժգոհել, մեզ այնքան հանգստացրեց, որ մտքներովս անգամ նման բան չէր անցնում»։

Manvel (11)

Մանվելի մայրը պատմում է, որ որդին նաև երգեր է գրել, ձայնագրել դրանք. «Ռեփ էր գրել։ Հետաքրքիր է, որ երգերից մեկում նման արտահայտություն կա՝ ես գնում եմ այս երկրից, ձեզ նայում եմ վերևից։ Չգիտեմ՝ իր մոտ այդ կանխազգացումը եղե՞լ է, թե՞գ»։
Մանվելի մայրն ասում է՝ որդին շատ կիսատ ծրագրեր թողեց. պլանավորում էր ուսումը շարունակել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում. «Կարելի է անվերջ խոսել իր մասին։ Այդ տարիքում էլ իրեն ամեն ինչ վստահել են։ Պարզապես մի հարցում չխորհրդակցեց հոր հետ՝ արժե՞ր այս քայլին գնալ, թե՞ ոչ։ Շատ պլաններ ուներ։ Ասում էր՝ ես այնպես պիտի անեմ, որ ամբողջ աշխարհն ինձ ճանաչի։ Ասում էր՝ հորս թիկունք եմ լինելու, չպիտի աշխատի, պիտի գամ, ամեն հարց կարգավորեմ, հայրս ինձ համար շատ բան է արել, ես այդ ամենը պիտի փոխհատուցեմ։ Հայրն իր թալիսմանն էր, ամեն ինչը. կա՛մ «ատեցնյակ» էր ասում, կա՛մ «թագավոր»։

Manvel (9)

Manvel (3)

Ինձ էլ ասում էր՝ դու չես աշխատելու, ամեն ինչ ես ինքս պետք է անեմ։ Քույրիկի հետ կապված շատ ծրագրեր ուներ։ Քույրը հիմա չի ուզում ընդունել, որ Մանվելը չկա։ Ասում է՝ Մանվելն ինձ հետ է, Մանվելը կա»։

Manvel (6)

Տիկին Նաիրայի խոսքով՝ Մանվելն ու քույրը շատ կապված էին. մարտի 8-ին Մանվելն անակնկալ էր արել ու արձակուրդ եկել. 10 օր շարունակ Մանվելը քրոջն ուղեկցել է դպրոց. «Մարտի 8-ին եկավ, մարտի 18-ին ճանապարհեցինք։ Այդ 10 օրում ես կարոտս չէի առնում։ Վախենում էի, չգիտես ինչու՝ վախ կար։ Վախի զգացումը եղել է 9 ամիս, բայց այդ ապրիլյան օրերին ու իր գնալուց հետո ավելի սարսափելի էր»։

Տեսանյութեր

Լրահոս