Բաժիններ՝

«Հարկային մարմնի՝ զենքի կրելու իրավունքն այստեղ ամրագրելը մեծ խնդիր է»

«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» հ/կ անդամ Արմեն Եսոյանն այսօրվա քննարկմանը նշեց, որ Հարկային օրենսգրքի ներկայացված տարբերակն այդ տեսքով ընդունել չի կարելի, քանի որ կան թե՛ օրենսդրական տեխնիկական հարցեր, թե՛ բազմաթիվ դրույթների կրկնություններ:

Նրա խոսքով՝ հարկ վճարողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից նախագծում լավ սկզբունքներ են ամրագրվել. «Պետք է փոփոխել այն մտածելակերպը, որ հարկն անհատույց վճար է: Պետք է սահմանել, որ հարկն այնպիսի վճար է, որի դիմաց պետությունը պարտավորվում է ապահովել բարեխիղճ վարչարարություն, ապահովել մրցակցություն, և այլն: Այս դրույթները հիմնականում ներառված են օրենսգրքում»

Արմեն Եսոյանը, սակայն, նշեց, որ կան դրույթներ, որոնց հետ ընդհանրապես համաձայն չէ.

«Ինչի՞ համար է Հարկային օրենսգրքի նոր նախագծում ամրագրված հարկային մարմնի` զենք կրելու անհրաժեշտությունը: Հարկային մարմնի՝ զենքի կրելու իրավունքն այստեղ ամրագրելը մեծ խնդիր է: Այնպիսի տպավորություն է, որ երևի քննիչից շատ իրավունք կունենա հարկային տեսուչը` մեկի բնակարանը խուզարկելու համար: Հարկային մարմինը, չգիտես` ինչո՞ւ, մեծ իրավունքներ ունի»:

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի խոսքով՝ օրենսգրքին կողմ են քվեարկել 60 և մի փոքր ավելի տոկոս պատգամավորներ, որը կոնսենսուս չի ձևավորում:

«Առաջիկա քննարկումները պետք է դառնան տեսակետների մոտեցման և ներդաշնակեցման գործընթաց: Եթե կոնսենսուս չլինի, մենք կունենանք մի փաստաթուղթ, որը կշեղվի հարկատուների և ընդհանրապես հասարակության սոցիալապես ընդունելի ակնկալիքներից: Իսկ եթե այդ ակնկալիքները չեն բավարարվում, տվյալ դեպքում Հարկային օրենսգիրքը չի աշխատի: Դրույքաչափերի ավելացումը կբերի նրան, որ թերհայտարարագրված, ծրարի մեջ վճարվող ստվերային աշխատավարձերը կավելանան, ինչը կբերի լրացուցիչ խնդիրների»:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս