«Brexit-ից հետո հնարավոր է Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմաքաղաքական հարաբերությունների վերաիմաստավորում ու ընդլայնում»

«168 Ժամի» զրուցակիցն է պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ստրատեգիական հետազոտությունների դեպարտամենտի գիտաշխատող, Վաշինգտոնյան Կովկաս-Միջին Ասիայի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Էդուարդ Աբրահամյանը։

– Պարոն Աբրահամյան, Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները ցնցեցին միջազգային հանրությանը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ, և ո՞րն է լինելու դրա հետևանքը։

– Նախ՝ պետք է հասկանալ, որ Մեծ Բրիտանիան, թերևս, Եվրոպական Միության ամենասահմանափակ ինտեգրում ունեցող պետությունն է, որի անդամակցությունը միությանը տարիներ շարունակ եղել է խնդրահարույց։ Այն միշտ ձգտել է ինքնուրույն ընդգծված քաղաքականության տարբեր տարածաշրջաններում և գրեթե միշտ տարանջատել է իր պետական շահերն ու առաջնահերթությունները ԵՄ շահերից։

Գերմանիայի ազդեցության զգալի ուժեղացումը միությունում, Ֆրանսիա-Բրիտանիա քաղաքական ներմիութենական մերձեցման ձախողումն առավելապես ակտիվացրեց վերջին տասնամյակի ընթացքում այն կարծիքը, որ Բրիտանիան քաղաքականապես ավելի կշահի, եթե չլինի միության անդամ։ Կարծում եմ՝ դեռ վաղ է անել երկարաժամկետ կանխատեսումներ, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչպես կտուժի Մեծ Բրիտանիան Brexit-ի հետևանքով երկարաժամկետ հեռանկարում։

ԵՄ-ից դուրս գալու գործընթացը մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա հարց չէ։ Ինչպես վարչապետ Քեմերոնը նշեց, բավականին ժամանակատար գործընթաց է, որից միայն ԵՄ-Բրիտանիա բանակցությունները կտևեն ամիսներ, հնարավոր է և՝ տարիներ։ Հատկանշական է, որ նմանատիպ դեպքերի համար նախատեսված է Եվրոպական Միության Սահմանադրությամբ ամրագրված կարգ, որն արտացոլում է 50-րդ կետը, որի համաձայն՝ երկրի դուրս գալու գործընթացը համարվում է սկսված, եթե այդ երկիրը պաշտոնապես դուրս գալու դիմում է ներկայացնում։

Այս հարցում կարծես թե Քեմերոնը չի շտապում ներկայացնել այդ դիմումը՝ հավանաբար թողնելով այդ բեռը հաջորդ վարչապետի ուսերին։ Այսպիսով, հիմնական գործնական աշխատանքը եթե տարվի, ապա տարվելու է հաջորդ կառավարության ժամանակ, իսկ դա արդեն իսկ ընկնում է 2016 թվականի վերջ-2017 թվականի սկիզբ։ Սակայն արդեն իսկ տնտեսական ցուցանիշներն այդքան էլ հուսադրող չեն։ Brexit-ը կբերի տնտեսական խնդիրներ, և Լոնդոնի՝ համաշխարհային ֆինանսական առաջատար կենտրոն լինելու համբավը միանշանակ կտուժի։ Պարզ չէ նաև, թե երկարաժամկետ հեռանկարում Brexit-ի հետևանքներն ինչպես կկերպարանափոխեն Բրիտանիան թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքականության առումներով։

Բացի այդ, քանի որ, ինչպես նշեցի, դուրս գալու գործընթացը կարող է տևել տարիներ, չեմ բացառում, որ այդ ընթացքում որոշ հանգամանքների բերումով դինամիկան դեռ կարող է փոխվել՝ ի օգուտ Եվրամիության։ Այստեղ դեռ մեծ դեր ունի խաղալու ԱՄՆ դիրքորոշումն ու ռազմավարությունը Brexit-ի հետևանքների նկատմամբ։ Կասկածից վեր է, որ Բրիտանիա-ԵՄ բանակցություններում իրենց ակտիվ մասնակցությունն են ունենալու Թագավորության մյուս սուբյեկտների ներկայացուցիչները, մասնավորապես՝ Իռլանդիայի և Շոտլանդիայի։

Շոտլանդիան, ինչպես հայտնի է, բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց Թագավորության՝ ԵՄ-ի կազմում մնալու օգտին, ինչը Շոտլանդիայի 2014 թ. հանրաքվեի ժամանակ Թագավորության կազմում մնալու հիմնական շարժառիթներից էր և անկախականների զսպման գործոնը։ Սակայն չեմ կարծում, թե չմշակվի երկու կողմերի՝ Լոնդոնի ու Էդինբուրգի համար ընդունելի մի կարգավիճակ, որը կարող է ԵՄ-Շոտլանդիա առանձին շուկայական արտոնություններ ու տնտեսական համապատասխան կարգավիճակ տրամադրել։ Կրքերը շուտով կհանդարտվեն, և ծառացած հարցերին կմոտենան սառը դատողությամբ։ Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիային, ապա այստեղ հիմնական մտավախություններից մեկն Իռլանդիա պետության հետ սահմանի թափանցիկության հարցն ու տնտեսական ինտեգրման մակարդակի պահպանումն է, ինչը կարող է խաթարվել Brexit-ի հետևանքով։

Չնայած ԵՄ-ից դուրս գալու երկարատև գործընթացին, Մեծ Բրիտանիան կունենա համապարփակ ու խորը տնտեսական ինտեգրվածություն ԵՄ-ի հետ, այդ թվում՝ նաև սահմանների թափանցիկության հարցում։ Ինչպես նշեց վարչապետը, Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու գործընթացի հետ մեկտեղ՝ պետք է ապահովի «հնարավորինս ուժեղ տնտեսական կապեր ԵՄ-ի հետ»։ Դրա մեխանիզմներն ու օրինակներն առկա են, դիցուք՝ Նորվեգիա-ԵՄ կամ Իսլանդիա-ԵՄ փոխհարաբերությունների ու ինտեգրվածության մակարդակը։ Սակայն հավանական չեմ համարում, առնվազն առաջիկա շրջանում, որ Եվրոպական Միությունը բացահայտ շահագրգռվածություն ցուցաբերի Մեծ Բրիտանիայի հետ համապարփակ, առավել ընդգրկուն տնտեսական պայմանագրեր ունենալու առումով։ Կա վտանգ, որ որոշ երկրներ կարող են կրկնել Բրիտանիայի օրինակը, ինչն առավել հավանական է, եթե Բրյուսելը միանգամից պատրաստակամություն հայտնի գրկաբաց ընդունել Լոնդոնի առաջարկները՝ կառուցել հարաբերություններ Նորվեգիայի օրինակով։

Ուստի առաջիկա փուլում սպասվում են երկարատև և լարված բանակցություններ։ Ինչ վերաբերում է Լոնդոնի համար լավ պայմանագրերին, ապա դրանք առավել հավանական կլինեն Բրյուսելի ձեռնարկած ներքին ռեֆորմներից հետո միայն, որոնք շարքային եվրոպացուն կտան շոշափելի արդյունքներ։

Ի վերջո, Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված ճգնաժամը կբերի ԵՄ-ի ինքնաթարմացմանն ու առողջացմանը։ Brexit-ն արդեն իսկ ստիպեց ավելի ինքնաքննադատական մոտեցում որդեգրել հենց ԵՄ-ի ներսում։ Արդեն իսկ ակտիվորեն քննարկվում են Միության առաջիկա բարեփոխումները՝ նպատակ ունենալով այն ժամանակակից մարտահրավերներին ավելի համահունչ դարձնել, թեթևացնել բյուրոկրատիան, կարգավորել տնտեսական ու վարկային դաշտը, վերացնել այդ տասնյակ-հազարի հասնող չինովնիկական ապարատը, վերակերպարանավորել Միությունը՝ որպես առավել քաղաքական խաղացողի։

Ի վերջո, հստակ պատասխաններ և դիրքորոշում որդեգրել միգրանտների հարցի շուրջ, որն էլ, պետք է խոստովանել, իր մեծ դերն ունեցավ բրիտանացիների՝ Միությունից դուրս գալու հարցում։

– Ձեր կարծիքով՝ Brexit-ի արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան Բրիտանիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։

– Չեմ կարծում, որ Բրիտանիան սրանով իսկ սկիզբ կդնի իր ինքնամեկուսացման քաղաքականությանը, ընդհակառակը, հավանաբար կսկսի գործել և մասնակցել եվրոպական քաղաքականությանը, որպես ՆԱՏՕ-ի ակտիվ խաղացող։ Մեծ Բրիտանիան չհանդիսանալով Եվրամիության հիմնադիր երկիր՝ ի սկզբանե հանդիսացել է ՆԱՏՕ-ի ստեղծման հիմնական ջատագով, իսկ սառը պատերազմի ավարտից հետո՝ Դաշինքի ընդլայնման հիմնական կողմնակիցներից մեկը։ Կարծում եմ՝ Լոնդոնը կփորձի կոմպենսացնել ԵՄ-ից իր դուրս գալու բացը՝ առավել ակտիվացնելով իր մասնակցությունը Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ծրագրերում։

Որպես օրինակ՝ հատկանշական է վերջերս բրիտանական փորձագիտական շրջանում և պաշտոնյաների կողմից հնչող այն միտքը, որ բրիտանական 20-րդ բրիգադն ու երեք առանձնակի գումարտակները, որոնց դուրսբերումը Գերմանիայից նախատեսված էր մինչև 2020թ., ամենայն հավանականությամբ, կմնան Եվրոպայում և կստանան նոր նշանակություն և առաջադրանք։ Զորքերի դուրսբերումը պայմանավորված էր դրանք Եվրոպայում պահելու մեծ ծախսերից խուսափելու տրամաբանությամբ։ Այս համատեքստում Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից կապահովի որոշակի ազատ ֆինանսական և ռազմատեխնիկական հնարավորություններ։

Բրիտանիան էլ պարտավորված չի լինի մասնակցել Եվրամիության հակածովահենային ծրագրերին Արևելյան Աֆրիկայում կամ Բալկանների ԵՄ ծրագրերում՝ կենտրոնացնելով ուժերն առավելապես ՆԱՏՕ-ի առաքելությունների համատեքստում։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի առաջիկա վեհաժողովի ժամանակ, որը տեղի կունենա մոտ մեկ շաբաթից Վարշավայում, ամենայն հավանականությամբ, կտեսնենք Մեծ Բրիտանիա՝ որպես առավել պատրաստակամ ու եվրոպական անվտանգության համար պատասխանատվություն կրող երկիր։ Լոնդոնը փետրվարի 10-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննարկված և Վարշավայի գագաթաժողովում հաստատվելիք Enhanced Forward Presence փաթեթի (այն նախատեսված է ապահովել առավել ռազմական բազմազգ ներկայություն Բալթյան երկրներում և Լեհաստանում), ակտիվ կողմնակից է և փորձելու է մեծ ընդգրկվածություն ցուցաբերել։

Ավելին, 2014թ. Ուելսի գագաթաժողովի ժամանակ Բրիտանիայի վարչապետը պարտաստակամություն հայտնեց ՆԱՏՕ-ի ծրագրերում ակտիվորեն ընդգրկել Բրիտանիայում կառուցվող երկու ժամանակակից ավիակիրները, որոնք նախատեսված են ամերիկյան գերժամանակակից F-35 կարգի ինքնաթիռների համար։ Այդ ավիակիրները մոտ մեկ-երկու տարի անց պատրաստ կլինեն համալրելու Թագավորական ռազմածովային ուժերը՝ մեծ առավելություն տալով մի շարք ռեգիոնալ տերությունների նկատմամբ։

Բացի այդ, Վարշավայում բրիտանացիները, համոզված եմ, կվերահաստատեն իրենց պարտավորվածությունը՝ լայնորեն մասնակցել օդային պատրուլի իրականացմանը Բալթիկայում, և կփորձեն ղեկավարող դեր ստանձնել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստորաբաժանման (Spearhead Force) առավել ամրապնդման ուղղությամբ՝ 2017 թ. հատկացնելով ավելի քան 3000 զինծառայող։ Բրիտանիան միջուկային տերություն է և, անշուշտ, որպես ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներից մեկը՝ ունի իր ուրույն դերը դաշինքում։

Չնայած որ, կան նաև հոռետեսական տրամադրություններ Բրիտանիայի՝ Դաշինքի ծրագրերին մասնակցելու ակտիվացման վերաբերյալ՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացին ու դրանից հետո։ Պարզ չէ, թե արդյո՞ք նոր կառավարությունը հավատարիմ կմնա ՆԱՏՕ-ի վերջին վեհաժողովի ժամանակ որոշված՝ ՀՆԱ-ի 2% հատկացմանը պաշտպանական ծախսերին։ Այս հարցում Հուսիս-Ստլանտյան Խորհուրդը մեծ աշխատանք ունի անելու։ Չնայած մտահոգություններին, թե Բրիտանիան նույնպես կփոխի իր որդեգրած դերը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ես հակված եմ հակառակ կարծիքին։ Միությունը լքելուց հետո, եթե այն իրոք տեղի ունենա, Բրիտանիան կաշխատի առավելագույնս ընդգծել իր և ԱՄՆ-ի «յուրահատուկ հարաբերությունները»։

Այլևս չլինելով միության մեջ ակտիվ տնտեսական ու քաղաքական մասնակից, իր հավատարմությունը Եվրո-Ատլանտյան սկզբունքներին ու արժեքներին Լոնդոնը շահագրգռված կլինի ցուցադրել ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այս ոլորտում նախաձեռնողականությունը կվերարժևորի ԱՄՆ-Մեծ Բրիտանիա սերտ հարաբերությունները, դարձնելով այն ավելի ընդգծված ռազմաստրատեգիական ու գլոբալ քաղաքական։ Այստեղ, կարծում եմ, տեղին կլինի կրկին բերել Նորվեգիայի օրինակը. Օսլոն չի հանդիսանում ԵՄ անդամ, սակայն վայելում է առավելագույն տնտեսական ու առևտրային ինտեգրվածություն Միության հետ։

Չլինելով ԵՄ անդամ՝ այն ՆԱՏՕ-ի ծրագրերին և ռազմավարությանը Բալթյան տարածաշրջանում ակտիվ աջակիցներից մեկն է։ Նորվեգիան նաև գրեթե ամենաակտիվ պետությունն է, որը մասնակցում է Ռուսաստանի զսպման քաղաքականությանն Արկտիկայում՝ ԱՄՆ-ից ու Կանադայից հետո։ Այսպիսով, դուրս գալով ԵՄ-ից, Բրիտանիայի համար բացվում է հնարավորություն առավել ակտիվանալու մեկ այլ գլոբալ հարթակում, որը իրենից ներկայացնում է Հյուսիս-Ատլանտյան դաշինքը։ Հատկապես, որ Բրիտանիան միշտ ունեցել է ընդգծված հետաքրքրություն Սև ծովի նկատմամբ։ Այն, ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի կամ Գերմանիայի հետաքրքրությունների, հասկանալի ու ընդունելի է եղել տարածաշրջանի, այդ թվում՝ նաև կովկասյան երկրների համար։

– Պարոն Աբրահամյան, Բրիտանիայում տեղի ունեցող փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան Հարավային Կովկասում Բրիտանիայի հետաքրքրությունների, մասնավորապես՝ Հայաստան-Բրիտանիա հարաբերությունների վրա։

– Բրիտանիան Խորհրդային Միության փլուզումից ի վեր ունեցել է հստակ ու ձևավորված քաղաքականություն և շահեր Հարավային Կովկասում։ Այն նախ և առաջ՝ ունեցել է էներգետիկ հետաքրքրություն տարածաշրջանում և առաջին երկրներից է, որի նավթարդյունաբերական կորպորացիաները հետաքրքրություն են հայտնել մասնակցել Հարավային Կովկասի էներգո-կոմունիկացիոն ծրագրերին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Բրիտանիան, չնայած հնարավորությունների սղությանը, հակված է եղել ակտիվ փոխհարաբերություններ զարգացնել տարածաշրջանի երեք երկրների հետ միասին։ Ամենից զատ, ես կառանձնացնեի Բրիտանիա-Հայաստան ռազմական համագործակցության զարգացող դինամիկան։

Brexit-ի հետևանքով, եթե Միացյալ Թագավորությունն ավելի ակտիվորեն ընդգրկվի ՆԱՏՕ-ի ծրագրերին, ապա հնարավոր է Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմաքաղաքական հարաբերությունների վերաիմաստավորում ու ընդլայնում։ Հյուսիս-Ատլանտյան Դաշինքում կա ընդունված մի մեխանիզմ, համաձայն որի՝ թեկնածու-գործընկեր երկիրը կառույցի ներսում ունենում է, այսպես կոչված, սուպերվայզեր (վարիչ-ղեկավար)՝ հանձին որևէ ազդեցիկ և ծանրակշիռ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության։ Հին ՆԱՏՕ-ի անդամ երկրները հաճախ ներկայացնում են թեկնածու-գործընկեր երկրի շահերը դաշինքի կազմում, կամ իրենց վրա են վերցնում դաշինքի և թեկնածու-գործընկեր պետության կողմից ընդունված տարբեր ծրագրերի իրականացման, ռեֆորմների ու վերապատրաստման հիմնական բեռը։ Այդպիսի գործառույթ են ստանձնել, օրինակ, ԱՄՆ-ը և Լեհաստանը՝ Վրաստանի, Լեհաստանն ու Լիտվան՝ Ուկրաինայի, Թուրքիան ու Ռումինիան՝ Ադրբեջանի առումով։ Հայաստանն այս համատեքստում կարող էր խորացնել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները՝ ընդհուպ մինչև ռազմական արդյունաբերության ոլորտում։ Բրիտանիան կարող էր ներկայացնել Հայաստանի շահերն ու առաջնահերթությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս