Բաժիններ՝

«Կարո՞ղ եք փաստել՝ տեղի է ունեցել մի քանի տասնյակ մետրի սահմանի խախտում». Հրանտ Բագրատյանը հարցով դիմեց Արմեն Ալավերդյանին

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի մարտի 22-ին և 2016 թվականի ապրիլի 15-ին ստորագրված «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությունը, որը զեկուցում է Կառավարության պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց, թե ինչո՞ւ է նա ներկայացնում այս վարկային համաձայնագիրը. «Որովհետր մաքսային ծառայությա՞նն է վերաբերում, ու դրա կուրատորն եք, թե՞… ինչո՞ւ, ի վերջո, վարկ է, չէ՞»:

Ա. Ալավերդյանը պարզաբանեց, որ այնպես ստացվեց, որ իր գործընկերը, որը ՀՀ նախագահի կարգադրությամբ պետք է ներկայացներ այս համաձայնագիրը, միջպետական բանակցությունների է մասնակցել, և նրան որպես փոխարինող՝ ինքն է ներկայացվել. «Անծանոթ չեմ համաձայնագրին, որովհետև մասնակցել եմ տեղում որոշակի բանակցային գործընթացներին»:

«Դուք էլ լավ տեղյակ եք, որ պարոն Ալավերդյանը երկարամյա աշխատանքային կենսագրություն ունի թե՛ հարկային, թե՛ մաքսային, թե՛ միացյալ մարմիններում, և չենք կարող ներկայացնել, որ հեռու է այն թեմայից, որը ներկայացվում է»,- հավելեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հ. Բագրատյանը հաջորդ հարցը բարձրացրեց. «Քանի որ ասում են՝ Բավրայի կետում վրացիներն արդեն ավարտում են շինարարությունը, կարո՞ղ եք փաստել՝ տեղի է ունեցել մի քանի տասնյակ մետրի սահմանի խախտում: Մեր որոշ մաքսավորներ ասում են, որ կառուցվել է՝ խախտելով հայկական պետական սահմանը»:

Ի պատասխան՝ Ա. Ալավերդյանն ասաց, որ բացարձակապես այդ հարցին տեղյակ չէ. «Կարող եմ ուղղակի ասել, որ Բավրայի կառույցը կավարտվի այս տարվա դեկտեմբերին: Դա վրացիները չեն կառուցում, մենք ենք կառուցում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս