Կասիլիասն ավարտո՞ւմ է միջազգային կարիերան
Պորտուգալական «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը կարծես թե այլևս չի հագնի հավաքականի շապիկը:
Երեկ 35-ամյա լեգենդար դարպասապահը թվիթերյան էջում տեղադրել է «Ռեմբո. առաջին արյուն» ֆիլմից մի կադր, որում գլխավոր հերոս Ջոն Ռեմբոյին համոզում են մնալ բանակում, բայց նա մերժում է այդ առաջարկը:
Ենթադրվում է, որ այդպիսով Կասիլիասը փորձել է հասկացնել երկրպագուներին իր միջազգային կարիերայի ավարտի մասին:
Հնարավոր է, նա այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Եվրո-2016-ին իսպանացիների գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նախընտրեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային, ով պաշտպանեց Իսպանիայի հավաքականի դարպասները բոլոր 4 հանդիպումներում:
Պետք է նշել, որ Իկեր Կասիլիասը հանդիսանում է Իսպանիայի հավաքականի բացարձակ ռեկորդակիր. նա հավաքականի կազմում անցկացրել է 167 հանդիպում և ազգային թիմում անցկացրած 16 տարիների ընթացքում 2 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2008 և 2012) և 2010թ. հաղթել է Աշխարհի առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը