«ՀԱՊԿ-ը մեզ շատ բան է տվել…». Էդուարդ Շարմազանով

ՀՕՊ համաձայնագրի վավերացումը մենք անում ենք՝ ելնելով բացառապես ՀՀ-ի շահերից: Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրի քննարկման ժամանակ:

Ըստ Է. Շարմազանովի՝ այս պայմանագրի վավերացումն անհրաժեշտ է մեզ: «Կա բացահայտ ճշմարտություն, մեզ նման երկրները պետք է դաշնակցեն այն պետությունների հետ, ում բանակները գտնվում են մեր տարածաշրջանում: Մեր տարածաշրջանում գտնվում են երկու բանակներ՝ թուրքական և ռուսական: Մենք պետք է դաշնակցենք Ռուսաստանի հետ»,- նշեց Է. Շարմազանովը:

Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի հիշեցմանը՝ Է. Շարմազանովն ասաց, որ պետք չէ «բոլշևիկներ» և Ռուսաստան եզրույթները նույնացնել. «Այնքան վնաս, որ բոլշևիկները հասցրել են ՌԴ-ին, որևէ այլ պետության չեն հասցրել: Այն ժամանակ, երբ կնքում էին այդ պայմանագիրը, կային այլընտրանքային կառավարություններ: Խնդրում եմ 1918-21 թվականների բոլշևիկյան կառավարությունը չնույնացնել ռուսական կառավարության հետ»:

Նա հայտարարեց, որ ինչքան էլ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը համընկնեն, Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ առումով նրանք ոչ միայն մրցակիցներ են, այլ նաև հակառակորդներ են:

«Ի՞նչ է տվել մեզ ՀԱՊԿ-ը. ՀԱՊԿ-ը մեզ շատ բան է տվել, նաև այսօր այն սպառազինությունը, որ մենք ստանում ենք, ստանում ենք այդ պայմանագրի շրջանակներում: ՀՀ-ի ռազմավարական դաշնակցությունը ՌԴ-ի հետ երկարաժամկետ պետք է լինի, պետք է խորացնենք, և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցումը չպետք է ունենա այլընտրանք, որովհետև այլընտրանքը Թուրքիան է»:

Տեսանյութեր

Լրահոս