«Ո՞վ է ձեզ թույլ տալու, որ ուղղաթիռ թռցնեք, դուք ո՞վ եք». Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ ապրիլյան պատերազմից հետո  ՀՕՊ համաձայնագրի ՀՀ Ազգային ժողով բերելը նշանակում է, որ «մենք ինքնուրույն քաղաքականություն չենք վարում»:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ եթե ինքնուրույն քաղաքականություն վարեինք, մինչ ԱԺ գալը կունենայինք 200 միլիոն դոլարի այն սպառազինությունները, որը պարտավորվել էր մեզ տրամադրել ՌԴ-ն:

«Միակ երկիրը, որ այսօր արտադրում է հարձակողական զենք, որը կարող է օգտագործվել մարդկության դեմ, Ռուսաստանն է, որը վաճառում է դրանք Ադրբեջանին, որն էլ արդեն մեր դեմ օգտագործել է: Իսկ փաստի մասին միայն բարձրաձայնելը և արձանագրելը անկախ պետականության համար բավարար չէ: Ի՞նչ գործընթաց եք սկսել միջազգային ատյաններում՝ պատասխանատվության կանչելու թե ՌԴ-ին, թե Ադրբեջանին: Իհարկե՝ ոչինչ»,-հայտարարեց Զ. Փոստանջյանը:

Ըստ նրա՝ պետք է հայտարարվեր, որ մենք նման համաձայնագիր չենք ստորագրելու մինչև այս հարցերին լուծում չտրվի. «Այդ ժամանակ հասկանալի կլիներ, որ մենք անկախ քաղաքականություն ենք վարում… Հիմա նորից հրավիրել են ՌԴ, մեր անունից  հայտարարվել է այսպիսի համաձայնագրի ստորագրման մասին, և մենք, ըստ էության, դարձել ենք Ռուսաստանի արբանյակը»:

Նա նկատեց, որ ՌԴ-ն այստեղ ունի իր շահերը: Զ. Փոստանջյանն ընդգծեց, որ չեն փոխվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև 1921 թվականի պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են մեր տարածքներին:

«Պուտինը եկավ Հայաստան, գնաց ՌԴ ռազմաբազա, այնտեղից հայտարարվեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունները վերականգնել Ղարաբաղի նկատմամբ, ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պայմանագրի պարտավորությունների համաձայն: Ադրբեջանը կիրառեց ագեսիա, ի՞նչ արեց ՀԱՊԿ-ն, որևէ արձագանք կա՞ այս ուղղությամբ, ի՞նչ է արել ՀԱՊԿ-ն։ Հիմա որ ամպագոռգոռ գոռում եք, որ այդ ուղղաթիռները կթռչեն, չգիտեմ՝ ինչեր կանեն, ո՞վ է ձեզ թույլ տալու, որ ուղղաթիռ թռցնեք, դուք ո՞վ եք, դուք ընդամենը արբանյակ եք»,-հայտարարեց Զ. Փոստանջյանը:

Տեսանյութեր

Լրահոս