Բաժիններ՝

Հայկական արտադրանքն արդեն արտահանվում է Չինաստան

«Միանշանակ է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը նախապայմաններում պետք է ունենա արտահանումների աճ: Աճ՝ հատկապես այն շուկաներ, որտեղ սպառողականությունը մեծ է, շուկաներ, որտեղ մենք հեռանկար ենք տեսնում: Այդպիսիններից է Չինաստանը: Արդեն տարիներ շարունակ թե ներկրումները՝ Չինաստանից Հայաստան, և թե որոշ ապրանքների արտահանումը, իրողություն է: Ամեն տարի մենք ունենում ենք ապրանքաշրջանառության ծավալների մեծացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ հավելելով, որ արդեն մի քանի բեռնարկղ հայկական տարբեր արտադրողների արտադրանք արտահանվել է Չինաստանի Նինգբո քաղաք:

Չինաստանում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Արթուր Եգորյանի խոսքով՝ 2011թ. հունիսի 11-ին Չինաստանի Ճըձյանգ նահանգի Նինգբո քաղաքում ազատ առևտրի գոտու տարածքում կայացել է Հայկական ազգային ցուցասրահի բացման արարողությունը, որին մասնակցել են չին բարձրաստիճան պաշտոնյաներ, ՉԺՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը.

«Ընտրվեց Նինգբո քաղաքը, որովհետև այն աշխարհի առաջին ամենամեծ բորտն է և այսօր ունի 860 միլիոն տոննա բեռնման հնարավորություն: Նինգբոյի ու մեր Կապան քաղաքների միջև կնքվել է քույր քաղաքների համաձայնություն: Ընտրվեց Կապանը, որովհետև Նինգբոյից սկսվել է «Մետաքսի ճանապարհը», որն անցել է նաև Կապան քաղաքով: Մեր հայկական տաղավարն արդեն 6 ամիս գործում է, թեև պաշտոնական բացումը եղել է օրեր առաջ: Աշխատելու է շաբաթական 6 օր»,- ասաց Արթուր Եգորյանը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն իրենց քայլն արել են, ու այժմ գնդակը բիզնեսմենների դաշտում է, որոնք, ըստ նրա՝ պետք է որակով և մեծ քանակով ապրանք արտահանեն Չինաստան:

Կարդացեք նաև

Ա. Ղազարյանը նաև նշեց, որ ՀՀ արտահանման պոտենցիալը, բացի հանքարդյունաբերությունից, վերամշակված մթերքն է, պտուղ-բանջարեղենը, պահածոները, ջրեղենն ու խմիչքը.

«Այս ամբողջն արդեն մի քանի բեռնարկղով արտահանվել ու վաճառվում են: Չինական շուկայում պայմանագրերը ստիպում են, որ ծավալներ ունենաս: Չինաստանը, Հնդկաստանը, Կորեան ու Ճապոնիան այն երկրներն են, որոնց հետ ճանապարհի խնդիր չունենք: Այդ հազարավոր կիլոմետրերի փոխադրման ինքնարժեքն ավելի ցածր է, քան՝ Երևանից Մոսկվա կամ Ղազախստան: Միակ խնդիրն այն է, որ 30-45 օրում է տեղափոխվում, բայց մշակված ապրանքների դեպքում դա խնդիր չէ: 1800-1900 դոլարով 20 ֆունտանոց մեկ բեռնատարը հասնում է չինական ցանկացած նավահանգիստ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս