
Ֆրանսիացիները ցուցադրել են 60-մետրանոց տրիմարանի նախագիծը

Ֆրանսիայի Blue Coast Yachts նավաշինարանը ներկայացրել է Power Trimaran 60-մետրանոց եռաիրան գերզբոսանավի կոնցեպտը, հաղորդել է Yacht Harbour-ը:
Նախագծի մշակմամբ զբաղվել է Coste Design ֆիրման, որը հայտնի է բազմաիրան նավերի բնագավառում իր աշխատանքով: Զբոսանավը նախատեսված է 12 հյուրերի եւ յոթ հոգուց բաղկացած անձնակազմի համար: Զբոսանավի իրանները ծրագրվում է պատրաստել ամրանավորված ածխապլաստիկից եւ ապակեթելքից: Ուժային կայանքը երկու MTU 16V 2000 M94 շարժիչ է՝ յուրաքանչյուրը 2600 ձիաուժ հզորությամբ, առավելագույն արագությունն ավելի քան 30 հանգույց է (ժամում ավելի քան 55 կիլոմետր):
Բացի դրանից, աուտրիգերներում (լրացուցիչ իրաններում) կտեղավորվեն էլեկտրաշարժիչներ, որոնք զբոսանավին թույլ կտան դանդաղ ընթացքով վեց ժամ ընթանալ՝ ցածր աղմուկով: Զբոսանավի մոտավոր գինը չի հաղորդվում:
Blue Coast Yachts-ը ֆրանսիական ընկերություն է, որը մասնագիտացած է առագաստավոր եւ շարժիչավոր կատամարանների եւ տրիմարանների կառուցման բանագավառում: Գլխավոր գրասենյակը գտնվում է Կաննում: