«Քաղաքական ուժերն իրենց գործերը մի կողմ չեն դնելու, որ վազեն Ժիրայր Սէֆիլյանի հետևից». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ քաղաքական գործիչների ձերբակալությունները Հայաստանում կրում են «քաղաքական» բնույթ, և դա նոր բան չէ: 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության մասին, նա ասաց, որ դա նույնպես համապատասխանում է այդ «տրենդին»:

Ըստ նրա՝ այն վարկածները, որ շրջանառվում են տարբեր փորձագետների, քաղաքական ուժերի կողմից՝ բոլորն էլ ճիշտ են և միաժամանակ՝ չեն համապատասխանում իրականությանը:

«Այն, որ հենց հունիսի 20-ին պետք է ձերբակալվեր, որովհետև Սանկտ Պետերբուրգում պետք է ինչ-ինչ որոշումներ ընդունվեին, որին կարող էր խանգարել Ժիրայր Սէֆիլյանը, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է Ժիրայր Սէֆիլյանը՝ «Նոր Հայաստանը», Հայաստանի քաղաքական դաշտում չունի այն ազդեցությունը, որ կարողանար խանգարել ղարաբաղյան հարցի վերաբերյալ այս կամ այն լուծմանը»,- նշեց Ա. Բադալյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում շատ վաղուց արդեն իրավապահ մարմիններ գոյություն չունեն, նրանք վաղուց իշխանական մարմիններ են, իսկ իշխանական մարմիններն իշխանական գործընթաց են իրականացնում. «Թե ինչո՞ւ տեղի ունեցավ այս ձերբակալությունը, դա միայն կարող է ասել կալանքի պատվեր տվողը»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ստացվում է՝ Հայաստանում կես տարին մեկ մի «զինված» խումբ է բացահայտվում: «Եթե հիշում եք, անցյալ տարի ևս նման խումբ բացահայտվեց, որը պատրաստվում էր շենքեր գրավել, այս անգամ, իհարկե, այդ գործողության ռեժիսուրան մի քիչ ավելի թույլ էր, և եթե նախորդ անգամ ինչ-որ զրահամեքենաներով առանձնատուն էին գրավում, այս անգամ շատ ավելի թույլ էր, գնացին, ինչ-որ քաղաքական գործչի աշխատասենյակում կալանավորեցին նրան, պարզվում է՝ 2 ինքնաձիգով ինչ-որ շենքեր պետք է գրավեին: Հայաստանում արդեն մոդա է դառնում զինված բանդա ձերբակալելը, սակայն այդ բոլոր գործողություններն ավարտվում են այնպես, ինչպես նախորդ դեպքերում»,- նկատեց քաղտեխնոլոգը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե նա ինչպե՞ս է գնահատում քաղաքական դաշտի արձագանքն այս ձերբակալությանը: Ի պատասխան՝ Ա. Բադալյանն ասաց, որ քաղաքական ուժերը պետք իրենց աջակցող մարդկանց պահանջներն արտահայտեն. «Քաղաքական ուժերը հիմնականում արձանագրային տեսակետներ են հայտնում, մի մասը խիստ տեսակետ է հայտնում, մի մասն ընդհանրապես սպասում է դատական գործընթացին: Բայց իրականում պարզ է, որ դատական գործընթացի ժամանակ ոչ մի ճշմարտություն էլ չի բացահայտվելու, որովհետև դատական գործընթացը շատ վաղուց արդեն շոուի է վերածվել, իսկ հիմա յուրաքանչյուր քաղաքական ուժ իր քաղաքական գիծն է առաջ տանում: Նրանք բոլորն էլ իրենց գործով են զբաղված և իրենց գործերը մի կողմ չեն դնելու, որ վազեն Ժիրայր Սէֆիլյանի հետևից, առավել ևս, որ դրանով կմեծացնեն Ժիրայր Սէֆիլյանի և նրա թիկունքում կանգնած ուժի հեղինակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս