«Այդ ուղտը կարող է իրենց տան առաջ էլ չոքել». Ավետիք Իշխանյան

«Մենք ունենք հերթական քաղաքական բանտարկյալը՝ ի դեմս Ժիրայր Սէֆիլյանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նրա համար ցավալի է, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն ընդհանուր բաներ են ասում Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության վերաբերյալ՝ նշելով, որ կսպասեն դատական պրոցեսին. «Կարծես՝ երկնքից են եկել ու չգիտեն՝ ինչ դատական համակարգ է գործում: Շատ ցավալի է, որովհետև եթե քաղաքական ուժերը չեն աջակցում որևէ քաղաքական ուժի, որի նկատմամբ հալածանք են սկսում, հետագայում այդ ուղտը կարող է նրանց տան առաջ էլ չոքել»:

Ա. Իշխանյանը նկատեց, որ բավականին բարդ է՝ քիչ ինֆորմացիա ունենալով՝ կարծիք հայտնելը, բայց նշեց, որ, եթե ինքը սխալվի, պատրաստ է ներողություն խնդրել. « Չեմ սպասելու՝ ինչպիսին կլինի դատական գործընթացը. ես վստահ եմ, որ սա քաղաքական հետապնդում է: Սա արդեն երրորդ անգամն է, որ Ժիրայր Սէֆիլյանին ազատազրկում են: Սրանք քաղաքական հետապնդումներ են մի մարդու նկատմամբ, որը մյուս ուժերի պես՝ չի հարմարվում: Մեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, բայց որ նա նվիրյալ է ու իր տեսլականով ուզում է իրավիճակ փոխել Հայաստանում, ես վստահ եմ»:

Բանախոսի դիտարկմամբ՝ անմեղության կանխավարկածի խախտում է այն, որ խոսվում է այն մասին, թե Ժ. Սէֆիլյանը պատրաստվել է շենքեր գրավել, և այլն. «Նրա հիմնական սկզբունքն է քաղաքացիական անհնազանդությունը, բայց ուժի չդիմելը, նա ասում էր՝ եթե ուժի դիմենք, մենք մտնում ենք իշխանությունների զենքի դաշտը, որտեղ մենք թույլ կլինենք նրանցից: Վստահ եմ, որ սարքովի է, շինծու է այս ամենը, սա հատուկ ծառայությունների կողմից ծրագրված գործողություն է եղել, որ ինչ-որ մեկը նրա դեմ ցուցմունք տա»:

Կարդացեք նաև

Ա. Իշխանյանը զարմանում է, որ քաղաքական ուժերը չեն միանում Ժիրայր Սէֆիլյանի ազատման գործընթացին. «Հատկապես այս ապրիլյան պատերազմից հետո ես վստահ էի, որ իրավիճակ կփոխվեր, երբ իշխանությունը և հասարակությունը ցնցվեց: Պետք է ազատ արձակվեին Շանթ Հարությունյանը և իր ընկերները, Վոլոդյա Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, բայց հերթական քաղբանտարկյալն ունեցանք: Մենք ունենք հերթական քաղաքական բանտարկյալը՝ ի դեմս Ժիրայր Սէֆիլյանի»:

Նա կարծում է՝ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, կալանք կկիրառվի, և երկու ամիս նախաքննություն կընթանա, հետո՝ «կախված քաղաքական որոշումից, կպարզվի՝ ինքն էլ վտանգ չի ներկայացնում, կամ կսարքեն մինչև վերջ և դատարանով Ժիրայր Սէֆիլյանին կազատազրկեն»:

Ա. Իշխանյանը 2015թ. «բացահայտված ահաբեկչական» խմբի և Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության միջև կապ չի տեսնում.

«Եթե իսկապես անցյալ տարվա այդ ահաբեկչական խումբը կար, եթե իսկապես հերթական անգամ ինչ-որ խումբ կարող էր ձևավորվել, ինչի՞ համար են նման բաներ լինում, եթե դրանք ճիշտ են: Որևէ երկրում, որտեղ իրավական համակարգը չի գործում, ես չեմ բացառում, որ կարող են առաջանալ նման խմբեր, իհարկե, դա վատ բանի կբերի, բայց եթե նման խումբ է առաջանում, այդ չե՞ն մտածում… Իհա՛րկե չեն մտածում, իրենք իշխանությունով տարված՝ բացարձակապես չեն մտածում այս ամենի մասին: Եթե նորմալ իրավական, ժողովրդավարական համակարգ է, այդ ինչո՞ւ է մարդկանց մտքով անցնում նման խմբեր ստեղծել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս