Հայտարարություն՝ ԸՕ-ում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների վերաբերյալ
Մենք՝ 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը զգալի hետընթաց է նախկին ընտրական օրենսգրքից ժողովրդի կամքի ազատ ձևավորման և արտահայտման, հավասար ընտրական իրավունքի ապահովման և արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև ընտրական գործընթացի թափանցիկության և հանրային վերահսկողության արդյունավետության առումով:
Գտնում ենք, որ «Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական – տեխնիկական մեխանիզմների» վերաբերյալ իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների միջև համաձայնությամբ սահմանված առաջարկություններով վերոնշյալ հիմնախնդիրները լուծում չեն ստացել, թեև այդ համաձայնությամբ նախատեսված որոշ տեխնիկական փոփոխություններ կարելի է դրական զարգացում համարել 2016թ. մայիսին ընդունված ընտրական օրենսգրքի կարգավորումների համեմատ: Մասնավորապես կարևորում ենք,
- ցուցակների մաքրմանն ուղղված մեխանիզմների ներդրումը՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ստանալու նպատակով նախագրանցման համակարգի միջոցով (նույնականացման քարտերի տրամադրում 10 մատնահետքերի հանձնմամբ, ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոցի ստեղծում), որը մասամբ կարող է լուծել ընտրողների ուռճացված ցուցակների խնդիրը,
- ընտրատեղամասերում նկարահանումների, ինչպես նաև՝ ուղիղ հեռարձակումների կազմակերպման հնարավորությունը:
Իրական արդյունավետություն ապահովելու նկատառումներով գտնում ենք, որ հիշյալ մեխանիզմները պետք է լրացուցիչ կատարելագործվեն: Այս պահին, խնդրահարույց է ընտրողների նույնականացման ընթացքում մատնահետքերի ինֆորմատիվության ու դրանց ճանաչման հետ կապված խնդիրների չարաշահման հավանականությունը և տեսանկարահանումների որակն ու տեսանյութերի տրամադրման ընթացակարգը, որոնք չի նախատեսվում սահմանել օրենքով:
Ինչ վերաբերում է ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրելու համար գրանցման գործընթացը մշտադիտարկելու և քաղաքացիների իրազեկման աշխատանքը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվող իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ համատեղ հանձնաժողովին, ապա այս նախաձեռնությունը, և հատկապես դրա գործունեության արդյունավետությունը ներկա փուլում գնահատել հնարավոր չէ:
Քվեարկությանը մասնակցած անձանց հերթական համարներով էլեկտրոնային գրանցման սարքերի տրամադրած տեղեկանքները, որոնք առաջարկվում են որպես քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների մատչելիության հարցի լուծում, հեռու են տվյալ պահանջի ամբողջական բավարարումից: Այն փաստը, որ այդ տեղեկանքները չեն լինելու պաշտոնական փաստաթուղթ (չեն լինելու ստորագրված կամ կնքված) և նույնիսկ չեն պարունակելու համապատասխան ընտրատարածքի ու ընտրատեղամասի համարներն, անհնարին է դարձնելու դրանց նույնականացումը և չեզոքացնելու է այդ տեղեկանքների ապացուցողական նշանակությունը, հետևաբար, և պիտանիությունը՝ ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Այլ խոսքով՝ պետությունն ակնհայտորեն չի ստանձնելու քվեարկության մասնակցության վերաբերյալ կարեւորագույն տեղեկատվության՝ մասնակցողների ցուցակի պարունակության իսկության պատասխանատվությունը՝ դրանից բխող բոլոր այն հետեւանքներով, որոնք առ այսօր ուղեկցել են ընտրական գործընթացները:
Ո՛չ նոր ընտրական օրենսգրքով, ո՛չ ներկայացված առաջարկություններով ապահովված չեն նախագրանցման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու փաստի նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետ միջոցները, օրինակ՝ նախագրանցման գործընթացին զուգահեռ տեղեկատվության հասանելիություն, հանձնված մատնահետքերի համադրության և դրա արդյունքների վերահսկողություն: Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների մատչելիության և շահագռգիռ անձանց կողմից արդյունավետ ստուգման հարցերը ևս լուծված չեն:
Հարկ ենք համարում նշել, որ իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների կողմից համաձայնեցված՝ ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմներն ամենևին չեն երաշխավորում առաջիկա ընտրությունների ազատ և արդար լինելը: Այս չափանիշներին բավարարելու տեսանկյունից ծայրահեղ խնդրահարույց են ընտրական օրենսգրքով սահմանված՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների տարածքային ցուցակների կիրառումը և դրանց միջոցով վարչական և ֆինանսական ռեսուրսների չարաշահումը, գործարար ու քրեական հեղինակությունների հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացներում: Չեն վերացվել քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակումները և բանակի չարաշահման ռիսկերը, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը: Արհամարհվել են քաղաքացիական հասարակության կողմից մատնանշված բազմաթիվ այլ հիմնախնդիրներ:
Չափազանց մտահոգիչ են նոր ընտրական օրենսգրքով դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված և հետևողականորեն պահպանվող սահմանափակումները, որոնք էապես ազդելու են ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային վերահսկողության արդյունավետության վրա և բարձրաձայնված հիմնախնդիրների հետևողական արհամարհումը իշխանությունների կողմից: Ի դեպ, այն նորամուծությունների մատչելիությունը (բոլոր տեղամասերի էլեկտրոնային գրանցման սարքավորումների տրամադրած տեղեկանքների տրամադրում և դրանց համադրում թղթային ցուցակների հետ), որոնք առաջարկվում են կուսակցությունների և վստահված անձանց համար, չի նախատեսվում դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների համար:
Գտնում ենք, որ ընտրական գործընթացը պետք է դիտարկվի որպես ամբողջական համակարգ և դրա առանձին բաղադրիչների նկատմամբ տարբերակված և հակասական անդրադարձը ի զորու չէ ապահովել ընտրական համակարգի ընդհանուր առողջացումը: Իսկ ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության հանդեպ ակնհայտ ճնշումը փաստացի ի չիք կարող է դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ կապված բոլոր ակնկալիքները:
Անհրաժեշտ է անհապաղ վերացնել հանրային վերահսկողության սահմանափակումները, դիտորդների և ԶԼՄ-ների իրավունքները վերադարձնել առնվազն նախորդ ընտրական օրենսգրքի մակարդակի կարգավորումներին և պատշաճ կերպով կիրառել ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ հանձնարարականները՝ վերացնելով դիտորդների ստուգարքները և ընձեռելով դիտորդական կազմակերպություններին հնարավորություն բողոքարկելու օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները, իսկ շահագրգիռ անձանց տրամադրելով քվեարկության արդյունքները բողոքարկելու առավել ընդգրկուն երաշխիքներ:
Այվազյան Սոնա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Բարսեղյան Լևոն, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
Դանիելյան Ստեփան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
Եգորյան Տիգրան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Զեյնալյան Արտակ, «Իրավունքի գերակայություն» ՀԿ
Իոաննեսյան Դանիել, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ